Հա

Քաղաքական

12/05/2019 - 09:30

Շուշիում բացւել է Արցախի հերոս Դուշման Վարդանի տուն-թանգարանը

Մայիսի 10-ին Շուշիում բացւել է Արցախի հերոս Վարդան Ստեփանեանի (Դուշման Վարդանի) տուն-թանգարանը:

«alikonline.ir»- Մայիսի 10-ին Շուշիում բացւել է Արցախի հերոս Վարդան Ստեփանեանի (Դուշման Վարդանի) տուն-թանգարանը: Այս մասին գրում է «Aparaj.am»-ը:

Տուն-թանգարանի բացմանն աջակցել է Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը։ Հանդիսաւոր արարողութեանը ներկայ էին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, ԱՀ պաշտպանութեան նախարար գեներալ-մայոր Կարէն Աբրահամեանը, ԱՀ մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարար Լեռնիկ Յովհաննիսեանը, պետական եւ զինւորական բարձրաստիճան այրեր, հերոսի մայրը՝ Զարիկմայրիկը, հարազատներ, գաղափարակից եւ մարտական ընկերներ, հիւրեր:

Վարդան Ստեփանեանը 1988 թ. ղեկավարել է Աֆղանստանում ծառայած տղաների կամաւորական խումբը, որը մասնակցում էր Հայաստանի սահմանամերձ շրջանները պաշտպանելուն։

Վարդանը դաշնակցական առաջին  կամաւորների շարքում դեռ 1991 թւականին եկել էր Արցախ՝  իբրեւ մարտական մարզիչ։ «Դաշնակցական» ջոկատի կազմում, որի հրամանատարն էր Աշոտ Ղուլեանը (Բեկոր Աշոտ), նա գործուղւում է Շահումեան՝ որպէս հրահանգիչ՝ մարզելու նորակոչիկներին։ 

Վարդանը ոչ միայն մասնակցել է զինեալ պայքարին, այլեւ եղել է բազում երիտասարդների ուսուցիչը, մարտական դաստիարակը եւ վերջապէս՝ անվախ հրամանատարը։ Նա մասնակցել է Երասխաւանի, Շահումեանի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանութեան մարտերին, Կրկժանի, Մալիբէյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Շուշիի, Բերդաձորի եւ Լաչինի ազատագրմանը։

1992 թ. յուլիսի 3-ին Մարտունու շրջանի Միւրիշէն գիւղի մօտակայքում զոհւեց Դուշման Վարդանը։

Նա յետմահու պարգեւատրւել է «Մարտական խաչ» առաջին եւ երկրորդ աստիճանի շքանշաններով, «Շուշիի ազատագրման» եւ «Մօր երախտագիտութիւնը Արցախ աշխարհի հերոս զաւակներին» մեդալներով։ Վարդանի անունով է կոչւում ազատագրւած Շուշիի փողոցներից մէկը, ինչպէս նաեւ ԵՊՀ ամբիոններից մէկը, բազմաթիւ դպրոցներում կան Վարդանի անունը կրող դասարաններ։

Հերոսի երազանքը մեր բոլորի նւիրական երազանքն էր: Նա երազում էր ազատագրել Շուշին եւ Լաչինով տուն վերադառնալ:

Դուշման Վարդանը նաեւ երազում էր արցախեան ազատամարտի յաղթական աւարտից յետոյ հասամանի ծառեր տնկել ազատագրւած Շուշիից մինչ Ստեփանակերտ: Հերոսի երազանքն իրականացաւ նրա մահից 27 տարի անց:

Գեներալ-լէյտենանտ Արշաւիր Ղարամեանը իր խօսքում յիշեց Վարդանի մարտական հերոսական ուղին: Նրա խօսքերով՝ Շուշիի ազատագրման ռազմագործողութիւնից յետոյ Վարդանի ղեկավարած մարտի արդիւնքում կարողացանք նորից յետ մղել թշնամու մեծաքանակ զօրքը:

«Ուր էլ գնամ, տուն եմ գալու: Դու չես լացելու, ես էլ չեմ ծխելու»: Այսպէս էր պայմանաւորւել հերոսը մօր՝ Զարիկ մայրիկի հետ:

Մայրը հպարտութեամբ էր խօսում իր հերոս որդու մասին:

«Մայր, քո մահն անգամ ինձ յետ չի պահի»,- որդու խօսքերն է յիշում Դուշման Վարդանի մայրը:

«Ես չեմ լացում, որովհետեւ ես Վարդանի մայրն եմ, ես սերունդ եմ դաստիարակում: Ես ապրում եմ վաղւայ յաղթանակի օրւայ համար: Եռաբլուրում կը հաղորդեմ որդուս, որ ազգդ կանգուն եւ ուժեղ է»,- իր խօսքը եզրափակեց Զարիկ մայրիկը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։