Հա

Քաղաքական

12/05/2019 - 14:20

ՀՀ ԱԳՆ յայտարարութիւնը ԼՂ, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կնքւած հրադադարի մասին համաձայնագրի 25-ամեակի կապակցութեամբ

Հայաստանի ԱԳՆ յայտարարութիւն է տարածել Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կնքւած հրադադարի մասին համաձայնագրի 25-ամեակի կապակցութեամբ:

«alikonline.ir» - Հայաստանի ԱԳՆ յայտարարութիւն է տարածել Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կնքւած հրադադարի մասին համաձայնագրի 25-ամեակի կապակցութեամբ:  Գրում է «Yerkir.am»-ը:

«2019թ․ մայիսի 12-ին լրանում է Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հրադարարի ռեժիմի հաստատման 25-ամեակը։ 1994 թ. մայիսի 5-ին Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանների ղեկավարների միջեւ ստորագրւած Բիշքեկեան արձանագրութիւնը ճանապարհ հարթեց ռազմական գործողութիւնների դադարեցման եւ դրան յաջորդած 1994 եւ 1995 թթ. հրադադարի եռակողմ համաձայնագրերի կնքման համար:

Հրադադարի հաստատման 25-ամեակի կապակցութեամբ մեր խորը գնահատանքն ու երախտագիտութիւնն ենք վերահաստատում միջնորդների, յատկապէս Ռուսաստանի Դաշնութեան ջանքերի համար, որը կարեւորագոյն դեր ունեցաւ այս համաձայնագրերի կնքման գործում։ Հետագայում այդ համաձայնագրերը եւ դրանց նշանակութիւնը գնահատւեցին եւ հաւանութեան արժանացան միջազգային հանրութեան կողմից, մասնաւորապէս 1994թ․ ԵԱՀԿ Բուդապեշտեան գագաթաժողովում։

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցուցադրել է իր անսասան կարողութիւնը պաշտպանելու եւ հակազդելու Ադրբեջանի կողմից աւերիչ ագրեսիային ու 1990-ականների սկզբի էթնիկ զտումներին ու ոչնչացման սպառնալիքին, ստեղծելու ժողովրդավարական հասարակութեան ամուր հիմքեր եւ ազատօրէն որոշելու իր քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացումը` ուղղւած ինքնորոշման իրաւունքի լիարժէքօրէն իրացմանը: Հայաստանը եղել եւ մնում է Արցախի եւ նրա ժողովրդի անվտանգութեան երաշխաւորը:

Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների եւ մասնաւորապէս 2016 թ. ապրիլին Արցախի դէմ ագրեսիայի լոյսի ներքոյ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը շարունակում են վաւեր մնալ՝ ամուր հիմք հանդիսանալով ընդդէմ ուժի կիրառման եւ ռազմական գործողութիւնների վերսկսման, որը աղէտալի հետեւանքներ է ունենալու տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2016թ մայիսի 16-ի համատեղ յայտարարութեան մէջ վերահաստատեցին իրենց աջակցութիւնը 1994-1995 թթ. Հրադադարի մասին համաձայնագրերին եւ պնդեցին դրանք յարգելու կարեւորութեան վրայ:

Հայաստանը շարունակում է հաւատարիմ լինել 1994-1995 թթ. հրադադարի համաձայնագրերի տառին եւ ոգուն: Աւելին, այս համաձայնագրերը շարունակում են ծառայել որպէս հիմնասիւն՝ ուժի կիրառումը մերժելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ միջազգայնօրէն ճանաչւած միջնորդութեան ներքոյ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման բանակցութիւններում իրական առաջխաղացում ապահովելու համար:

Հրադադարի ռեժիմը յարգելու մասին 2018 թ. սեպտեմբերին Դուշանշէում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները մատնանշում են քաղաքական կամքի կարեւորութիւնը զինադադարը պահպանելու եւ էսկալացիայի ռիսկը նւազեցնելու գործում: Վերջին ժամանակաշրջանում արձանագրւել են հրադադարի ռեժիմի խախտման դէպքերը, որոնց արդիւնքում ծանր վիրաւորւել են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանութեան բանակի երկու եւ Հայաստանի Հանրապետութեան Զինւած ուժերի մէկ զինծառայող համապատասխանաբար շփման գծում եւ սահմանին: Այս ցաւալի միջադէպերն ընդգծում են հրադադարի ռեժիմին եւ դրա ամրապնդմանը հաւատարիմ մնալու կարեւորութիւնը։ Յատուկ միջոցները, մասնաւորապէս 2016 թւականին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները, պէտք է կեանքի կոչւեն։

Հրադադարի ռեժիմի հաստատման 25-ամեակը վկայում է 1994-95 թթ. համաձայնագրերի եռակողմ ձեւաչափի իսկութեան եւ կենսունակութեան, ինչպէս նաեւ հակամարտութեան տեւական յանգուցալուծման նպատակով Լեռնային Ղարաբաղի լիարժէք ներգրաււածութեան անհրաժեշտութեան մասին։

Այս տարեդարձը նաեւ խրախուսում է բոլոր կողմերին վերահաստատել իրենց յանձնառութիւնը հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը՝ ԵԱՀԿ-ը Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքոյ։ Հայաստանը շարունակում է լիովին հաւատարիմ մնալ տեւական խաղաղութեանը, ինչը բազմիցս վերահաստատւել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից, այդ թւում նաեւ 2019 թ․ մարտի 29-ին Վիեննայում կայացած վերջին գագաթաժողովում»-ասւած է յայտարարութեան մէջ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։