Հա

Քաղաքական

13/05/2019 - 14:20

Խնդիրներն ախտորոշելու եւ գնահատելու դժւարութիւններ ունենք

«Aysor.am»-ի զրուցակիցը ՀՅԴ Էկոնոմիկա եւ ֆինանսներ յանձնախմբի նախագահ Արմէն Գրիգորեանն է։

«alikonline.ir» - «Aysor.am»-ի զրուցակիցը ՀՅԴ Էկոնոմիկա եւ ֆինանսներ յանձնախմբի նախագահ Արմէն Գրիգորեանն է։



- Պաշտօնավարման 1 տարին ամփոփելիս վարչապետ Փաշինեանը ներկայացրեց կառավարութեան կողմից իրականացւած 100 փաստ։ Սոցիալական հարթակներում, սակայն, դրան յաջորդեցին գնահատականները, թէ ամենօրեայ ընթացիկ աշխատանքները, որոնք նախորդ իշխանութեան օրակարգից էին, վարչապետը ներկայացրել է որպես իր կառավարութեան ձեռքբերում եւ դա որպէս փաստ ներկայացրել հանրութեանը։ Այս հարցի առնչութեամբ ո՞րն է Ձեր մեկնաբանութիւնը։

- Գիտէք, նախ այդ փաստերի շարւածքը թոյլ է տալիս մտածելու, որ ըստ ոլորտների որոշակի քանակներով իրար յաջորդում էին, տպաւորութիւն էր, որ տեղեկանքներ էր հաւաքւել նախարարութիւններից եւ կից մարմիններից, ուղղակի համարակալւել եւ ընթերցւում էր: Այդ էր պատճառը, որ թւարկւած շարքը ունէր տարբեր բնոյթ եւ ժամանակ չէր տրամադրւել, որպէսզի դասակարգւէր ըստ ռազմավարական, մարտավարական եւ օրւայ առաջնային լուծում պահանջող խնդիրների: Իսկ Ձեր նշած հարցի երկրորդ մասն իսկապէս կայ, քանի որ ըստ պաշտօնական վիճակագրութեան՝ 2019 թւականի յունւարին գրանցւած աշխատողների թիւը, նախորդ տարւայ յունւարի հետ համեմատ, աճել է շուրջ 50 652-ով, իսկ այդ նոյն վիճակագրութեան համաձայն, 2018 թւականի առաջին չորս ամիսներին նոյն տարւայ յունւարի հետ համեմատած աւելացել է 28.383-ով: Բայց սա չի կարեւորը, այլ այն, որ իսկապէս խնդիրներն ախտորոշելու եւ գնահատելու դժւարութիւններ ունենք:

 

- Կայի՞ն կէտեր, ըստ Ձեզ, որոնք ընդհանրապէս չէր կարելի ներկայացնել, կամ հակառակը, կա՞ն փաստեր, որոնք իսկապէս այս կառավարութեան ձեռքբերումներն են։

- Եթէ փորձեմ ըստ էութեան ներկայացնել մի քանիսը, բնականաբար, կը ստացւի հետեւեալը, օրինակ՝ ասւում է 13.7 մլրդ. դրամ երթեւեկութեան կանոնների տուգանք վճարելուց մարդիկ ազատւել են, կամ վարչապետը նշում է, որ կուտակային համակարգը գործադրման պատճառով 2.5%-ով բարձրացել են մարդկանց աշխատավարձերը կամ բիւջէի եկամուտները նախատեսւում էր գերակատարել 40 մլրդ. դրամով, բայց կը գերակատարւի 62 մլրդ. դրամով: Այս տեսակ հարցեր կան, որոնց էութիւնը փոխւում է՝ կախւած, թէ ինչպէս ես մօտենում խնդրին: Մօտեցումը պէտք է լինէր հետեւեալը, որ երթեւեկութեան կանոնները խախտելու համար պարտաճանաչ վճարողները անյարմար վիճակում չյայտնւեն, իսկ ներւած քաղաքացիները հնարաւորութիւն չունենային խախտումները շարունակելու, այսինքն՝ պայման դրւէր: Կուտակային կենսաթոշակային համակարգը ամբողջութեամբ պէտք է կասեցւէր եւ գումարները վերադարձւէր մարդկանց, մանաւանդ որ նոր հարկային փոփոխութիւններով նախատեսւում է վերականգնել այդ նոյն 2.5%-ը: Այ, եթէ վերադարձւէր, կարող էին հպարտանալ, որ իրենց երկար տարիների քաղաքական պայքարը այս համակարգի դէմ յաջողել են եւ արդարացւած են նախկինում տրւած գնահատականները:

Բիւջէի եկամուտները նախապէս կազմւել էր այնպւս, որ գերակատարելը դժւար չլինէր, նախապէս ցածր շեմ է պլանաւորւել: Խնդիրներ կան աշխատատեղերի կրճատման հետ, վարչապետը նշում է աշխատաշուկայում ստւերի կրճատման մասին, բայց օպտիմալացման անւան տակ քանի մարդ է կրճատւելու դեռեւս յստակ չէ: Կարծում եմ՝ նախատեսւող կրճատումները առաջիկայում կարւեն, քանի որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցութիւնը հաստատեց կառավարութեան կառուցւածքը, հիմա կամ պէտք է կրճատւեն, կամ պէտք է հերքեն նախկինում ասւած ուռճացւած ապարատ եզրոյթը: Աշխատավարձի բարձրացումը որոշ սեգմենտներում այնքան քիչ է, որ նոյնիսկ գնաճը չի ծածկում: Կարեւորում եմ 700-ով ժամկէտայինների փոխարինումը պայմանագրայիններով, մարտական դիրքերի կահաւորանքի աւելացման հարցերը:

 

- Որպէս իրականացւած փաստ՝ վարչապետը ներկայացրեց, թէ 51 հազար աշխատատեղ դուրս է բերւել ստւերից՝ որոշ մասը ենթադրաբար նոր ստեղծւած աշխատատեղեր են: Նա, սակայն, չնշեց, թէ վերջին մէկ տարւայ ընթացքում քանի գործարան է գործարկւել Հայաստանում։ Դուք ունէ՞ք վերլուծութիւն վերոնշեալի վերաբերեալ։

- Այդ 51 հազար աշխատատեղի մասին, ինչպէս նշեցի, միանշանակ չի, դա չի աւելացւում եղած աշխատատեղի վրայ, դրանից պէտք է հանել գործազրկութեան քանակն աւելացնողներին: Եւ յետոյ, այդ մասին տարբեր ժամանակներ տարբեր ձեւակերպմամբ է ներկայացւում առաջին անգամ, թէ ստեղծւել եւ ստւերից հանւել է, յետոյ փորձ արւեց դրանց ոլորտները մատնանշել, իսկ հիմա դարձել է ստւերից հանւած եւ ենթադրաբար ստեղծւած: Իսկապէս կարեւոր է, որ ստւերից դուրս բերւի եւ գրանցւի աշխատակիցը, կարեւոր է նաեւ նոր աշխատատեղի ստեղծումը: Պէտք է նշեմ, որ ՀՀ-ում գործազրկութիւնը մօտ 21% ցուցանիշ ունի, աշխատող բայց աղքատներն էլ բաւականին մեծ տոկոս են կազմում: Աշխատատեղերի ստեղծումը իշխանութիւնների հոգսը չի, նրանք նէոլիբերալ տնտեսական կարգ են առաջ տանում, նոյնիսկ մէկ անգամ վարչապետ ասաց, որ չպէտք է խանգարել մեր քաղաքացիներին եւ ամէն ինչ իր տեղը կընկնի, ես այդ մոդելը չեմ ընդունում, պետութիւնն ուղղակի պէտք է պարտաւորութիւն վերցնի իր վրայ եւ հոգայ մարդկանց խնդիրները:

 

- Ներկայացւած փաստերը վերլուծելով՝ կարո՞ղ ենք ասել, որ ՀՀ-ն ունի զարգացման տեսլական, թէ՝ ոչ։

- ՀՀ-ն ունի սահմանադրութեամբ ձեւակերպւած ուղի, այն է՝ ստեղծել սոցիալական, իրաւական պետութիւն: Իշխանութիւններն իրենց պատկերացումները պէտք է բխեցնեն այս ձեւակերպումներից, եթէ ասում ենք սոցիալական արդարութիւն, բայց հարկային համակարգում համահարթեցնում ենք եկամտային հարկը, չենք ընդունում նւազագոյն չհարկւող եկամուտի մոդելը եւ կառավարութեան ծրագրում չենք նախատեսում չափելի արդիւնքներ, ՀՀ-Սփիւռք յարաբերութիւնները տեղավորում ենք մի գրասենեակում եւ նմանատիպ այլ իրարարմերժ մոդելներ ենք փորձում կիրառել, ապա դժւար է խօսել զարգացման մասին: Եթէ ասեմ այո ունի, ապա այստեղ կը հնչեցնեք հարց, թէ ո՞րն է դա, իսկ ես դրա պատասխանը չունեմ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։