Հա

Քաղաքական

14/05/2019 - 08:50

Մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի եւ միւսների գործով դատավարութիւնը

Երեւան քաղաքի ընդհանուր իրաւասութեան դատարանում, երէկ՝ մայիսի 13-ին նախագահութեամբ Դաւիթ Գրիգորեանի, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի, ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանի, ՀԱՊԿ նախկին գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովի, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմէն Գէորգեանի գործով դատական նիստը:

«alikonline.ir» - Երեւան քաղաքի ընդհանուր իրաւասութեան դատարանում, երէկ՝ մայիսի 13-ին նախագահութեամբ Դաւիթ Գրիգորեանի, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի, ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Սէյրան Օհանեանի, ՀԱՊԿ նախկին գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովի, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմէն Գէորգեանի գործով դատական նիստը: Հաղորդում է «Yerkir.am»-ը:

Առաջին նիստը նւիրւած է եղել Ռոբերտ Քոչարեանի նկատմամբ ընտրւած խափանման միջոցին։

Դատական նիստի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդութիւն են ներկայացրել Քոչարեանի եւ միւսների գործով նախագահող դատաւոր Դաւիթ Գրիգորեանին։

Ըստ փաստաբան Հայկ Ալումեանի՝ դատաւորին ինքնաբացարկ յայտնելու մի շարք հիմքեր կան. առաջինը գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանի՝ դատաւորի համար նախատեսւած ծառայողական մուտքով նիստերի դահլիճ մտնելն է, այն դէպքում, երբ նա գործով կողմ է, երկրորդ՝ դատաւորը կարճ ժամանակահատւածում չէր կարող ծանօթանալ քրէական գործի` 80 հատորանոց նիւթերին եւ Քոչարեանի խափանման միջոցի հարցի վերաբերեալ որոշում կայացնել, երրորդ՝ դատաւոր Գրիգորեանի վերաբերյալ ԲԴԽ-ում առկայ  է կարգապահական վարոյթ:

Այսպիսով` դատարանը հեռացաւ խորհրդակցական սենեակ՝ պաշտպանական կողմի միջնորդութեան վերաբերեալ դիրքորոշում յայտնելու, որը կը հրապարակւի այսօր՝ մայիսի 14-ին:

Յաւելենք, որ դատական նիստին ներկայ են եղել Ռոբերտ Քոչարեանը, նրա կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարեանը, եւ ՀՀ գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանը:

Համաձայն մեղադրական եզրակացութեան՝ Ռոբերտ Քոչարեանը 1998 թ․ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թւականի ապրիլի 9-ը, զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտօնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպէս նաեւ, իր պաշտօնէական դիրքն օգտագործելով, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերութեան միակ մասնակից եւ տնօրէն Սիլւա Համբարձումեանի օգտին գործողութիւններ կատարելուն նպաստելու, 2008 թւականի փետրւարին եւ մայիսին Սամուէլ Մայրապետեանի օժանդակութեամբ նրանից ստացել է առանձնապէս խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժէք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Նշենք, որ դատական նիստը ուղղեկցւել է միջադէպով: Դատարանի բակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի աջակիցների եւ ակտիւիստ Վարդգէս Գասպարիի միջեւ տեղի ունեցած միջադէպի ընթացքում ոստիկանութիւնը բերման է ենթարկել 3 անձի:

«Արմէնպրես»-ը  ոստիկանութեան հասարակայնութեան հետ կապերի եւ լրատւութեան վարչութիւնից տեղեկացել է՝ ոստիկանութեան բաժնում է եղել հինգ քաղաքացի, նրանցից  3-ը՝ բերման ենթարկւած, իսկ երկուսը հրաւիրւածի կարգավիճակով:

Կատարւում է հետաքննութիւն, այլ մանրամասներ չի հաղորդւում:

Լրատւամիջոցներում շրջանառւող լուրերի համաձայն՝ բերման ենթարկւածների թւում է եղել նաեւ «TV 5» հեռուստաալիքի սեփականատէր Արմէն Թաւադեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։