Հա

Քաղաքական

14/05/2019 - 10:20

Ամբողջատիրութի՞ւն, թէ՞ ապակենտրոնացում. Փաշինեանի հիբրիդային գրոհը հայրենի պետութեան վրայ

Մեծ տէրութիւնները յեղափոխութիւն են «ներդնում» կամ յեղաշրջում կազմակերպում այն երկրներում, որոնք անկախ քաղաքականութիւն են վարում, չեն ենթարկւում իրենց խաղերին։ Միջամտութեան աւելի կոշտ ձեւը հիբրիդային պատերազմն է, երբ անհնազանդ երկրի ներսում ապստամբութիւն են սադրում։

ՎԱՀԱՆ ԻՇԽԱՆԵԱՆ

 

Մեծ տէրութիւնները յեղափոխութիւն են «ներդնում» կամ յեղաշրջում կազմակերպում այն երկրներում, որոնք անկախ քաղաքականութիւն են վարում, չեն ենթարկւում իրենց խաղերին։ Միջամտութեան աւելի կոշտ ձեւը հիբրիդային պատերազմն է, երբ անհնազանդ երկրի ներսում ապստամբութիւն են սադրում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանն էլ հիբրիդային գրոհով է սպառնում Արցախի իշխանութեանը՝ մայիսի 9-ին Ստեփանակերտից վերադառնալուց յետոյ իր ֆէյսբուքեան էջում գրելով. «Մամուլում շատ է գրւում, թէ ոմանք փորձում են Արցախը դարձնել հակայեղափոխութեան օջախ: Արցախեան վերջին այցից կիսեմ տպաւորութիւններս. եթէ ոմանք փորձեն Արցախը դարձնել հակայեղափոխութեան օջախ, Արցախի ժողովուրդը այն կը դարձնի յեղափոխութեան օջախ»:

Նրան հունից հանել է Արցախի իշխանութիւնների ինքնուրոյնութիւնը, իր անձնական շահերին ու վրէժխնդրութեանը հաւանութիւն չտալը, աւելին` որ Արցախի երկրորդ եւ երրորդ նախագահները համարձակւում են դիմել Հայաստանի դատախազին, որ Արցախի առաջին նախագահին կալանքից ազատեն Շուշիի ազատագրման տօնին մասնակցելու համար։

Բայց Քոչարեանի ազատութիւնը ոչ միայն գործող ու պաշտօնաթող նախագահների ցանկութիւնն է, Նոր տարուց առաջ Արցախի խորհրդարանի երեք խմբակցութիւն կոչ էին արել Քոչարեանի նկատմամբ կիրառել ազատութիւնից զրկելու հետ չկապւած խափանման միջոց։

Եռատօնի առթիւ Արցախի համալսարանի դասախօս Գրիգորի Աֆանասեանը «Ֆէյսբուք»ում իր ու Նիկոլ Փաշինեանի լուսանկարն է դրել մակագրութեամբ. «Յաղթանակի օրւայ տօնակատարութեանը, մայիսի 9-ը, 2019, Շուշի։ Նա հասկացաւ։ Ես նրան երեք անգամ գրկեցի եւ համբուրեցի. Ազատութիւն Ռոբերտ Քոչարեանին»։

Հայաստանի գլխաւոր դատախազը պատասխանել էր, թէ Քոչարեանի գործը դատարանում է, եւ ինքը իրաւասու չէ նրան ազատել։

Հայաստանի անյողդողդ կեցւածքը քննադատեց նաեւ Արցախի ազգային անվտանգութեան քարտուղար Վիտալի Բալասանեանը. «Պէտք է յարգէին այդ դիմումը եւ րոպէ առաջ այդ որոշումը կայացնէին»։ 

Փաշինեանը չի կարողանում թաքցնել իր նեարդայնութիւնը, որ Արցախի հասարակութիւնը հետեւողականօրէն ձգտում է իր առաջին նախագահին ազատութեան մէջ տեսնել։ Գումարւեց նաեւ այն, որ մայիսի 9-ին Արցախում լրագրողի դիտարկմանը, թէ հանգիստ էր սահմանին, բայց Ադրբեջանը վերջին օրերին սկսել է կրակոցները, Բալասանեանը, ցոյց տալով քիչ այն կողմ կանգնած վարչապետին, ասում է ՝ հարցրէք վարչապետին, նա է վերելակային բանակցութիւններ վարում։

Արցախում մայիսի 9-ի տօնը, կարծես, նրա համար վերածւել էր հակայեղափոխական օրւայ, որ այդպէս արագ հակատոնային մակագրութիւն էր արել։

Ինչպէս ամէն հիբրիդային գրոհ, սա էլ ուղեկցւում է տեղեկատւական արշաւով, եւ այն նոյն լրագրողը՝ Պետրոս Ղազարեանը, որը մի քանի ամիս առաջ Ծառուկեանի «Կենտրոն» հեռուստաընկերութիւնում էր, ապա` «Բարգաւաճ»-ի ցուցակով` որպէս Երեւանի աւագանու թեկնածու քրթմնջում էր, թէ «Իմ քայլը» հասարակութիւնը բաժանել է սեւ ու սպիտակի, յեղափոխական-հակայեղափոխականի (նշում էր՝ «ովքեր հարցեր են տալիս, հակայեղափոխական են»), այժմ, անցնելով վարչապետի թիմ` Հանրային հեռուստատեսութիւն աշխատանքի, լրատւական արշաւ է տանում Արցախում «հակայեղափոխական օջախի» դէմ: Նա ֆէյսբուքեան էջում Հայաստանի հանրութեանը գրգռում է Արցախի իշխանութիւնների ու ղարաբաղցիների դէմ՝ մեղադրելով, թէ «Պրն Բալասանեանի քամահրական վերաբերմունքը արհամարհանք էր ոչ թէ վարչապետի նկատմամբ, այլ բոլորիս։ Մեր ընտրութեան, մեր պետութեան, մեր քաղաքացիների նկատմամբ»։ Եւ յեղափոխական թմբիրից դեռ ուշքի չեկած անձինք, հեշտութեամբ ենթարկւելով սադրանքի, նրա գրառման տակ վիրաւորւած ատելութիւն են թափում արցախցիների վրայ։

Մի երկու նմուշ Ղազարեանի գրառման մեկնաբանութիւններից.

Բայց ո՞ւր է Բալասանեանի խօսքում քամահրական վերաբերմունք: Վարչապետն ու իշխանութեան շրջանակները ներկայացնում էին, թէ ինքը՝ Փաշինեանը, այնքան հմուտ, գրեթէ հանճարեղ բանակցող է, որ վերելակի մէջ Ալիեւի հետ խաղաղութեան պայմանւորւածութիւն է ձեռք բերել, եւ որ` տեսէք, նրա շնորհիւ այլեւս սահմանին հանդարտ է լինելու։ Եւ հիմա, երբ չորս ամիս անց վիճակը թեժացաւ, լրագրողները հարցնում են՝ ինչո՞ւ։ Բայց ո՞ւմ պիտի ուղղեն այդ հարցը, արդեօ՞ք Բալասանեանին, թէ՞ նրանց, ովքեր համոզել էին, թէ` արդէն վերջ, տեսէք յեղափոխութեան եւս մի ձեռքբերում, սահմանին այլեւս հանգիստ է լինելու, եւ եթէ աւելի կոնկրետ՝ նրա՞ն, ով վստահեցրել էր, թէ վերելակի մէջ խաղաղութեան հարցը լուծել է։

Իսկ եթէ Բալասանեանի խօսքում յեգնանք կամ քննադատութիւն կայ, ապա արգելւա՞ծ է որեւէ պաշտօնեայի քննադատել երկրի վարչապետին, ինչ է թէ` նրան ժողովրդի ստւար մասն ընտրել է։ Ժամանակակից ժողովրդավարութեան կարեւոր կողմերից մէկն ապակենտրոն կառավարումն է, երբ մարզերն ու նահանգները կենտրոնական իշխանութեան դիկտատի տակ չեն, ինքնուրոյն են կառավարում իրենց մարզերը։ Ժողովրդավարական շատ երկրներում, օրինակ` Գերմանիայում, Ֆրանսիայում կամ Իտալիայում, որն ուզէք` վերցրէք, շրջանների ղեկավարները այնքան ինքնուրոյն են, որ հանգիստ կարող են քննադատել, նաեւ յեգնել երկրի նախագահին կամ վարչապետին, նրա մէջ ոչ թէ անքննադատելի հեղինակութիւն են տեսնում, այլ` մրցակից, եւ եթէ իրենց մարզը կամ քաղաքը արդիւնաւէտ են կառավարել, ընտրութիւններում կարող են յաղթել երկրի ղեկավարին։ Լաւ օրինակ է ԱՄՆ-ը, ուր նահանգապետերը յաճախ են մասնակցում նախագահական ընտրութիւններին, օրինակ` Կալիֆոռնիայի հանրապետական նահանգապետ Դոնալդ Ռէյգանը նախագահական ընտրութիւններում 1980-ին յաղթեց գործող նախագահ, դեմոկրատ Ջիմի Քարթերին, Տեխասի նահանգապետ Ջորջ Բուշը 2000-ի նախագահական ընտրութիւններում յաղթեց գործող փոխնախագահ Ալբերտ Գորին։ Նրանք իրենց մրցակիցների հանդէպ բնաւ էլ քնքշութիւն չէին ցուցաբերում։

Իսկ Հայաստանում մարզպետերի անունները հանրութիւնը յաճախ չի էլ իմանում, քանի որ նրանք նշանակւած չինովնիկներ են, պատասխանատու ոչ թէ ընտրողների, այլ իրենց նշանակող անձանց առջեւ, նրանք ուղղակի իրենց վերադասի արտացոլանքն են եւ գրեթէ ոչնչով աչքի չեն ընկնում:

Ինչպէս առաջ էր, այնպէս էլ ներկայումս. վարչապետն այնպէս է բուռը հաւաքել երկիրը, որ նոյնիսկ մի գիւղապետ չի համարձակւի նրան քննադատական խօսք ասել կամ մի քայլ անել, որը վարչապետի շահերի մէջ չի տեղաւորւում, կամ հերքել նրա խօսքը, էլ ուր մնաց` նամակ գրել դատախազին, որ Քոչարեանին մի օրով ազատեն համաժողովրդական այն տօնին մասնակցելու համար, որը կերտողներից մէկը նա է։ Ինքնուրոյն է մնացել միայն Արցախը՝ որպէս առանձին պետութիւն, էն էլ ինչպէ՜ս թէ, վարչապետը որպէս «հակահեղափոխական օջախներ» կը ճնշի այն բոլոր վարչական միաւորներին, որոնք ինքնուրոյնութիւն կը դրսեւորեն ու կասեն` աչքիդ վերևը հոնք կայ։

Դեռ անցեալ տարի` ԱԺ նախընտրական պայքարի ժամանակ, Նիկոլ Փաշինեանը հունից դուրս եկաւ, որ Արցախի նախագահի մամուլի քարտուղարը համարձակւել էր հերքել իր այն նախընտրական PR-ը, թէ` տեսէք, իր որդին ծառայում է Արցախում, իսկ Արցախի ղեկավարների որդիները Արցախում եւ ընդհանրապէս բանակում չեն ծառայել։ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դաւիթ Բաբայեանը համարձակւել էր ասել, թէ կոնկրետ ո՞ր ղեկավարի մասին է խօսքը, որ, «օրինակ` Արցախի գործող նախագահ Բակօ Սահակեանի որդին ծառայել է բանակում, նախկին նախագահ Արկադի Ղուկասեանի որդին եւս ծառայել է, ծառայել են նաեւ Պաշտպանութեան բանակի հրամանատարի 2 որդիները»։ Փաշինեանը սաստել էր Արցախի նախագահ Բակօ Սահակյանին, թէ ինչպէս է նրա մամուլի քարտուղարը համարձակւում իր խօսքը մեկնաբանել. «Պարոն Սահակեանին յորդորում եմ, որ կարգի հրաւիրի իր կառավարութեան ներկայացուցիչներին եւ նրանց ուղարկի` իրենց աշխատանքով զբաղւելու: Ղարաբաղի նախագահի մամուլի խօսնակն օրումէջ իմ ասածի վերաբերեալ մեկնաբանութիւն է տալիս: Այ քեզ բան: Պատկերացնո՞ւմ էք` իմ մամուլի խօսնակը Ղարաբաղի յայտնի ու անյայտ իրադարձութիւնների հետ կապւած օրումէջ մեկնաբանութիւններ տա, պատկերացնո՞ւմ էք` դրա հետեւանքն ու արդիւնքը ինչ կը լինի: Սթափւէք, յարգելինե’րս, ու զբաղւէք ձեր աշխատանքով»:

Ապա պաշտօնից ազատւեց Արցախի բանակի հրամանատար Լեւոն Մնացականեանը, ըստ մամուլի` Երեւանից ճնշման արդիւնքում, այն բանի համար, որ նրա մամուլի քարտուղար Սենոր Հասրաթեանը պատասխանել էր Փաշինեանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան նախագահ Սասուն Միքայէլեանի այն խօսքին, թէ իրենց յեղափոխութիւնն աւելի կարեւոր էր, քան Արցախեան պատերազմում յաղթանակը։ Հասրաթեանը «Ֆէյսբուք»-ում արձագանքել էր. «Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունւում: Երբ ասելիք չունի, բայց ունի խօսելու ցանկութիւն: Ապացոյցը Սասուն Միքայէլեանի կողմից այսօր արւած յայտարարութիւնը կամ աւելի ճիշտ՝ համազգային երեւոյթները մէկը միւսին վերադասելու կամ ստորադասելու փորձը:

Յ. Գ. Աշխատէք հրաժարւել այդ «սովորութիւնից», մանաւանդ, երբ խօսքը վերաբերում է մեր հազարաւոր հերոս նահատակների արեամբ կերտւած Արցախեան հերոսամարտին»:

Հարցին, թէ իրեն պաշտօնից ազատելու պատճառը այս գրառո՞ւմն է,  Մնացականեանը պատասխանել էր` միգուցէ։  

Խորհրդային Միութիւնը ամբողջատիրական երկիր էր, ուր ամբողջ իշխանութիւնը պատկանում էր մի կուսակցութեան՝ Կոմկուսին, տեղական ինքնակառավարումը՝ խորհուրդները (սովետներ), ձեւական էին, շրջանի կոմկուսի քարտուղարն աւելի մեծ իշխանութիւն ունէր, քան շրջգործկոմի կամ քաղգործկոմի նախագահը, թէեւ նա էլ էր Կոմկուսի անդամ։ Խորհրդային միութեան փլուզման շրջանում, երբ ԽՍՀՄ Սահմանադրութիւնից հանւեց Կոմունիստական կուսակցութեան հեգեմոն դերը՝ 6-րդ յօդւածը, տեղական խորհուրդները ինքնուրոյնութիւն ստացան։

Սակայն Հայաստանում ՀՀՇ-ի իշխանութիւնը չէր հանդուրժում, որ կարող է ինչ-որ շրջանում իրեն չենթարկւող համայնքի ղեկավարութիւն ընտրւի։ Այդպէս ՀՀՇ-ի ստեղծած աւազակախումբը 1992 թ. սեպտեմբերի 18-ին սպանեց Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ, դաշնակցական Յովհաննես Սուքիասեանին, նրա հետ սպանւեց նաեւ նրա վարորդ Վարուժան Աբրահամեանը (քրեական գործով սպանութիւնը պատւիրել էր ներքին գործերի նախարար Վանօ Սիրադեղեանը, տես՝ «Աշտարակի կրակոցները և սահմանադրական կարգը»)։ Եւ որպէսզի տեղական մարմիններին զրկեն ինքնուրոյնութիւնից, իշխանութիւնը 1995 թւին պարտադրեց կենտրոնաձիգ կառավարման համակարգով սահմանադրութիւնը, որով Հայաստանը բաժանւեց 11 մարզի, որոնց ղեկավարները նշանակւում էին նախագահի նշանակած վարչապետի կողմից, իսկ ընտրովի համայնքապետերն ինքնուրոյնութիւնից զուրկ էին, քանի որ կառավարութիւնն ուզած ժամանակ կարող էր իւրաքանչիւրին հեռացնել։ 2005 թւականի սահմանադրական փոփոխութիւններով որոշ կոսմետիկ ապակենտրոնացում մտաւ. նախ` Երեւանը մարզի կարգավիճակից վերածւեց ընտրովի համայնքի, ապա նաեւ՝ համայնքապետերին հեռացնելու համար կառավարութիւնը ստիպւած էր դիմել Սահմանադրական դատարան։ Սակայն Նիկոլ Փաշինեանը հէնց այն ժամանակ էլ 1995-ի միապետական սահմանադրութիւնն էր պաշտպանում։ «Հայկական ժամանակ»-ի 2007թւի յուլիսի 7-ի խմբագրականում Փաշինեանը, համեմատելով 1995թ. Սահմանադրութիւնը եւ 2005-ի փոփոխութիւնները, նախընտրութիւն է տալիս առաջինին. «Առաջինը լաւ կամ վատ Սահմանադրութիւն էր, երկրորդը՝ հակասահմանադրութիւն: Որովհետեւ առաջինը պետութեան հիմնական օրէնք էր, երկրորդը՝ պետականութեան անկման օրէնք: Էս սահմանադրութիւնը գործադիր իշխանութեան մենաշնորհը ուզում է պետութիւնից վերցնել: Այսինքն՝ գործադիր իշխանութիւնը կարող է իրականացնել ոչ միայն պետութիւնը, ոչ միայն կառավարութիւնը, այլեւ, ասենք` Շենգաւիթի Ծըգըլը, ինչին լրիւ համապատասխանում է օրւայ իրականութիւնը» (Այդ մասին տես՝ «Ո՞վ է այդ մէկ մարդը. ասա ինչպիսի Սահմանադրութիւն ես ուզում, եւ ես կասեմ ինչ պետութիւն է ուզածդ»):

Երեւում է` Փաշինեանի պատկերացումները պետութեան մասին խիստ ամբողջատիրական են, նա չի պատկերացնում, որ ինքնակառավարւող մարմիններն էլ են պետութեան մաս և կարող են իրականացնել գործադիր իշխանութիւն: Ժողովրդավարական երկրներում տեղական ծախսերի մինչեւ 40-50 տոկոսը տեղական ինքնակառավարւող մարմիններն են տնօրինում, իսկ Հայաստանում համայնքներն իրենց ծախսերի ընդամենը մինչև 8 տոկոսն են տնօրինում։

Իհարկէ, 1988 թւի շարժման նպատակը ոչ թէ Արցախի անկախութիւնն էր, այլ վերամիաւորումը Հայաստանի հետ, բայց ոչ այն բանի համար, որ Արցախի ղեկավարութիւնը նշանակւի Երեւանից եւ հլու-հնազանդ ենթարկւի կենտրոնական իշխանութեանը։

Արհամարհանք չգիտեմ, բայց այս կոնտեքստում իշխանութիւնները հասարակութեան որոշ հատւածների խաբել են, թէ խաղաղութեան ենք հասել։ Պարզ էր, որ դեկտեմբերի 9-ի` ԱԺ ընտրութիւններում հնարաւորինս շատ ձայն հաւաքելու համար խաղաղութեան պատրանք էին ստեղծել՝ Բոլթոնին ու Ալիեւին ինչ-որ խոստումներ տալով: Թէ ի՞նչ խոստումներ, այդպէս էլ չասացին, միայն ենթադրութիւններ մնացին, բայց որոնք մի օր պարզւելու էր՝ կա'մ չեն կարողանալու կատարել, կա'մ չեն կատարելու։ Իսկ Հանրայինի լրագրող Ղազարեանը հանում է այս ամբողջ նախապատմութիւնը, այսինքն՝ հոպ, խաբել է, թէ չի խաբել, ընտրութիւնների խաղի կանոններով է շարժւել, եւ այն պահից, երբ ստացել է հանրութեան ձայների ստւար մասը, նրան, որպէս հանրութեան հայր, ակնածանքով պէտք է վերաբերւեն բոլորը։

Մայիսի 8-ի ասուլիսում «Ազատութիւն» ռադիոկայանը վարչապետին հարց տւեց, թէ չի՞ կարծում, որ Ստեփանակերտը միջամտում է Հայաստանի ներքին գործերին, «օրինակ՝ այն համատեքստում, երբ ասւում է, որ եթէ Ռոբերտ Քոչարեանը ազատութեան մէջ լինի, միասնականութեան ուղերձ է յղւելու միջազգային հանրութեանը, հակառակորդին, մեր ժողովրդին»: Հարցի սադրիչ ուժն աշխատեց, եւ Փաշինեանը, ափերից դուրս գալով, գոռաց. «Ես չեմ կարծում թէ Ղարաբաղի իշխանութիւնները Հայաստանի ներքին գործերին միջամտելու հնարաւորութիւն ունեն, չկայ որեւէ ուժ էսօր Երկիր մոլորակի վրայ, որ կարողանայ Հայաստանի ներքին գործերին միջամտի» (միջանկեալ` ԱԱԾ, ՅՔԾ պետերի եւ վարչապետի գաղտնալսած հեառախօսազրոյցից պարզ դարձաւ, որ ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովին նրանք ծրագրել էին կալանաւորել, եւ Ռուսաստանի միջամտութիւնից յետոյ հրաժարւեցին դա անել)։

Արցախը Հայաստանի վարչական մա՞ս է, թէ՞ անկախ պետութիւն։ Օրէնսդրութեամբ եւ կագավիճակով անկախ է, սակայն բիւջէով, տնտեսական, ռազմական, մշակութային եւ այլ բնագաւառներով կապւած եւ կախւած է Հայաստանից։ Այս չլուծւած հարցը յաճախ առաջանում է, եւ քաղաքական որոշ շրջանակներ առաջարկում են Հայաստան-Արցախ պայմանագիր կնքել։

Այստեղ Փաշինեանն Արցախը դիտարկում է որպէս անկախ պետութիւն, որն իրաւունք չունի ներքին գործերին խառնւելու, սակայն միւս կողմից` ինքը մի քանի անգամ միջամտել է Արցախի ներքին գործերին. Արցախում դժգոհութիւններ կան գործող իշխանութիւններից, դեռ անցեալ տարի` հայաստանեան յեղափոխութիւնից յետոյ, Արցախում էլ յեղափոխական տրամադրութիւններով ցոյցեր եղան, բայց վարչապետ Փաշինեանը միջամտելով զսպեց դրանք։ Իսկ հիմա էլ հակառակը` ինքն է հրահրում յեղափոխութիւն։ Պէտք է պարզ լինի, որ եթէ Փաշինեանը հրահրի յեղափոխութիւն Ստեփանակերտում, ապա նպատակը ոչ թէ բարեփոխումներն են լինելու, այլ իր անձնական շահերը, իրեն կամակատար իշխանութիւն ձեւաւորելը։

Ինչեւէ, բայց հիբրիդային պատերազմը մի առանձնայատկութիւն էլ ունի` գերտէրութիւններն այն վարում են օտար երկրների դէմ, բայց այս դէպքում Հայաստանի ղեկավարը հայրենակիցների պետութեան դէմ է տանում։

«Yerkir.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։