Հա

Քաղաքական

18/05/2019 - 08:50

«ԱՄՆ-ն ռազմական ուժ է համախմբում. Իրանի հետ լարւածութիւնը մեր շահերից չի բխում». իրանագէտ

Մերձաւոր Արեւելքում Միացեալ Նահանգները ռազմական ուժ է համախմբում, որը մտածելու տեղիք է տալիս։

«alikonline.ir» - Մերձաւոր Արեւելքում Միացեալ Նահանգները ռազմական ուժ է համախմբում, որը մտածելու տեղիք է տալիս։ Այս մասին «News.am»-ի հետ զրոյցում ասաց իրանագէտ Գոհար Իսկանդարեանը՝ խօսելով Իրան-ԱՄՆ յարաբերութիւններում ստեղծւած լարւածութեան մասին։

«Այսօրւայ լարւած իրավիճակը պայմանաւորւած է նրանով, որ Միացեալ Նահանգները միակողմանիօրէն դուրս եկաւ այն փաստաթղթից (Իրանի միջուկային համաձայնագրից), որի շուրջ 10 տարի բանակցել էին, բացի այդ մենք տեսանք, որ տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ուժ է համախմբում, որը մտածելու տեղիք է տալիս»,- նշեց նա։

Իրանագէտը շեշտում է՝ լարւածութիւնն Իրանի հետ յարաբերութիւններում, որպէս կանոն, ուժգնանում է, երբ Միացեալ Նահանգներում իշխանութեան են գալիս Հանրապետականները. «Դեմոկրատների շրջանում աւելի մեղմացում ենք նկատում Իրան-ԱՄՆ յարաբերութիւններում, բայց դա չի նշանակում, որ այդ խնդիրներն օրակարգային չեն լինում, կամ լարւածութիւնն աւելի թոյլ են լինում, խնդիրները պարզապէս այլ երանգներ են ստանում»։

Խօսելով հնարաւոր ռազմական գործողութիւնների մասին՝ նա նկատեց՝ ԱՄՆ նախագահին այս պահին ձեռնտու չէ ռազմական գործողութիւններ սկսել. «Նա նախընտրական փուլում է։ Մէկ տարի անց Միացյալ Նահանգներում նախագական ընտրութիւններ են լինելու եւ եթէ նա այսօր ռազմական գործողութիւններ սկսի, չգիտենք՝ ինչ զարգացումներ կը լինեն, անկանխատեսելի իրավիճակ կը լինի, որը ձեռք չի տալիս նախագահի հաւանական թեկնածու Դոնալդ Թրամփին։ Հնարաւոր է՝ փոքր խնդիրներ լինեն, սակայն ռազմական գործողութիւնների դէպքում մարդկային զոհերը չեն ներւի Թրամփին։ Այս հաշւարկը ունենալով, կարծում եմ, ԱՄՆ-ն կտրուկ գործողութիւնների չի գնայ»։

Գոհար Իսկանդարեանի կարծիքով՝ սա Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու համար է արւում՝ նրան բանակցութիւնների սեղանի մօտ բերելու նպատակով. «Թրամփը բազմիցս յայտարարել է, որ նախորդ պայմանաւորւածութիւնը չի բխում ԱՄՆ-ի ազգային շահերից, եւ պահանջում էր չեղեալ յայտարարել այդ համաձայնագիրը եւ նոր բանակցութիւններ սկսել»։

Իրանագէտն ընդգծում է՝ վստահութեան բացակայութիւն է, որը Իրանին թոյլ չի տալիս գնալ բանակցութիւնների. «Իրանը յայտարարում է, որ 10 տարի բանակցել ենք եւ որոշակի պայմանաւորւածութեան եկել, որը մի նախագահի պատճառով միակողմանիօրէն ոչնչացւել է, իսկ նոր համաձայնութեան գալու համար նոր բանակցութիւններ են պէտք, սակայն մենք չունենք այն երաշխիքը, որ այդ բանակցութիւնները դրական արդիւնքներ կը տան։ Այսինքն՝ վստահութեան բացակայութիւն է, որը Իրանին թոյլ չի տալիս բանակցութիւնների գնալ»։ Նրա գնահատմամբ՝ Իրանին եւս ձեռնտու չէ լայնածաւալ ռազմական գործողութիւնները. «Իրանի Իսլամական Հանրապետութիւն էլ ոչ տնտեսական առումով եւ ոչ ռազմական առումով հազիւ թէ պատերազմի գնայ, նրան ձեռնտու չէ պատերազմի գնալը, այլ հարց է՝ եթէ սադրանքներ լինեն, որը հնարաւոր է բարդեն Իրանի վրայ»։

Գոհար Իսկանդարեանը շեշտեց՝ Իրան-ԱՄՆ յարաբերութիւններում լուրջ զարգացումները չի բխում Հայաստանի շահերից, սակայն Հայաստանը չպէտք է փոխի իր չէզոք դիրքորոշումը. «Իրանի եւ ԱՄՆ-ի լարւած յարաբերութիւնները որեւէ կերպ չպեէտք է ազդեն ո՛չ հայ-իրանական, ո՛չ հայ-ամերիկեան յարաբերութիւնների վրայ։ Այլ հարց է, որ պէտք է հնարաւորութեան դէպքում փորձենք մեղմել իրավիճակը, քանի որ սրացման դէպքում մեզ համար է ծանր իրավիճակ ստեղծւելու, որովհետեւ մեր սահմանի երկայնքով լինելու է լարւած իրավիճակ, որը չի բխում ՀՀ-ի շահերից»։

Իրանագէտը, սակայն, չի կարծում, որ ԱՄՆ-ի կողմից ճնշումներ լինեն Հայաստանի վրայ. «ԱՄՆ-ում շատ լաւ հասկանում են, որ ՀՀ-ն ծանր վիճակում է գտնւում, քանի որ ունենք 4 հարեւան, որից 2-ի հետ սահմանները փակ են, եթէ փակւի Իրանի հետ սահմանը, մենք մնում ենք Վրաստանի հյոյսին, ինչը բարդ իրավիճակ է ստեղծելու մեզ համար»։

Նշենք, որ ԱՄՆ-ն աւիակիրներ եւ ռմբակոծիչներ էր ուղարկել Պարսից ծոց եւ յետ կանչել Իրաքից իր դիւանագիտական անձնակազմին։ Թրամփի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն Իրանին բազմիցս նախազգուշացրել է ցանկացած սադրանքի դէպքում պատասխանելու մասին: Յաւելենք, որ Պենտագոնը Թրամփին էր ներկայացրել Մերձաւոր Արեւելք 120 հազար զինծառայող ուղարկելու ծրագիրը, այն դէպքում, եթէ Իրանը յարձակում գործի ամերիկեան զօրքերի վրայ կամ արագացնի միջուկային զէնքի շուրջ իր աշխատանքը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։