Հա

Քաղաքական

18/05/2019 - 09:30

Կառավարութեան որպէս ձեռքբերում ներկայացւած փաստերի արդիւնքները դեռեւս տեսանելի չեն

Գիւղատնտեսութեան նախկին նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը կարծում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ներկայացրած 100 փաստերի մի մասը ներկայացւում է որպէս ձեռքբերում, սակայն դրանք գործողութիւններ են, որոնց արդիւնքները դեռեւս տեսանելի չեն:

«alikonline.ir» - Գիւղատնտեսութեան նախկին նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը կարծում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ներկայացրած 100 փաստերի մի մասը ներկայացւում է որպէս ձեռքբերում, սակայն դրանք գործողութիւններ են, որոնց արդիւնքները դեռեւս տեսանելի չեն: Այս մասին գրում է «Tert.am»-ը:

Խաչատրեանն օրինակ է բերում կառավարութեան կառուցւածքի փոփոխութեան որոշումն ու ասում՝ սրա արդիւնաւէտութիւնն ու վերջնարդիւնքը դեռեւս պարզ չէ. «Քանի արդիւնաւէտութեան բարձրացում մենք չենք տեսել, չենք կարող գնահատել այս որոշումը որպէս ձեռքբերում: Այսինքն՝ գործընթացը դեռ չի երաշխաւորում յաջողութիւնը: Մի քանի տարի յետոյ հնարաւոր է այնպէս լինի, որ տեսնենք՝ ընդհակառակը՝ կատաստրոֆա է եղել: Իմ խորին համոզմամբ՝ այդ գործընթացը յետ կը դառնայ, այսինքն՝ գիւղատնտեսութեան նախարարութիւնը դարձեալ կառանձնանայ»:

Արթուր Խաչատրեանի գնահատմամբ՝ վարչապետի ներկայացրած որոշ ձեռքբերումներ, առհասարակ, կապ չունեն կառավարութեան գործունէութեան հետ. «Օրինակ՝ կայ փաստ՝ ծրագրաւորող ընկերութիւններն իրենց արտադրանքը կարող են վաճառել «Google Play» հարթակում, բայց սա մասնաւոր ընկերութիւն-մասնաւոր ընկերութիւն յարաբերութիւն է: Կամ աւելի շատ մարդ սկսել է աւելի շատ գիրք գնել, թանգարան գնալ: Ես հիմա կասկածներ ունեմ, որ գրքերի վաճառքի աւելացումը ՀԴՄ-ներ տպելու հետեւանք է: Եթէ մենք ասում ենք, որ աւելի շատ ՀԴՄ է տպւել, դա նորմալ է, բայց եթէ մենք դա տարածում ենք գրքերի վաճառքի վրայ, դա արդէն նորմալ չէ, նոյն տրամաբանութեամբ կը ստացւի, որ մարդիկ սկսել են աւելի շատ հաց գնել: Բայց սա չի նշանակում, չէ՞, որ աւելի շատ մարդիկ են հաց սկսել ուտել»:

Ինչ վերաբերում է գիւղատնտեսութեան ոլորտին առնչւող փաստերին, նախկին նախարարն ասում է՝ չի տեսնում կառավարութեան գիւղատնտեսական քաղաքականութիւնը. «Առանձին-առանձին քայլեր տեսնում եմ, բայց յաջողութիւնն այստեղ երաշխաւորւած չէ»:

Հարցին՝ Գիւղատնտեսութեան նախարարութեան եւ Էկոնոմիկայի նախարարութեան միաւորման արդիւնքում, արդեօք, գիւղատնտեսական ոլորտում բացասական դինամիկա կը նկատւի, Խաչատրեանը պատասխանեց՝ նման մտավախութիւն ունի. «Եթէ գիւղատնտեսութիւնը պետութեան համար գերակայ ճիւղ է, ապա պէտք է մարմին լինի, որն այդ գերակայ քաղաքականութիւնը կիրականացնի: Ի վերջոյ, ոլորտներն ստանում են նախարարութեան կարգավիճակ՝ ելնելով իրենց կարեւորութիւնից: Աւելի մեծ ներդրում ունեցող ոլորտ, քան գիւղատնտեսութիւնն է, մենք չունենք»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։