Հա

Քաղաքական

18/05/2019 - 09:40

«Ադրբեջանը յամառօրէն փորձում է 1993 թ․Արցախի վերաբերեալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը ներկայացնել որպէս հակամարտութեան կարգաւորման իրաւական հիմք». ԱՀ ԱԳՆ

Ադրբեջանական իշխանութիւնների կողմից բանակցութիւնների ձեւաչափի եւ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման իրաւական հիմքերի շուրջ շարունակւող շահարկումների կապակցութեամբ Արցախի Հանրապետութեան ԱԳՆ Տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնը մեկնաբանութիւն է ներկայացրել՝ անհրաժեշտ համարելով մի շարք դիտարկումներ անել։

«alikonline.ir» - Ադրբեջանական իշխանութիւնների կողմից բանակցութիւնների ձեւաչափի եւ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման իրաւական հիմքերի շուրջ շարունակւող շահարկումների կապակցութեամբ Արցախի Հանրապետութեան ԱԳՆ Տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնը մեկնաբանութիւն է ներկայացրել՝ անհրաժեշտ համարելով մի շարք դիտարկումներ անել։ Գրում է «Yerkir.am»-ը:

Մեկնաբանութիւնը ներկայացնում ենք ամբողջութեամբ` ստորեւ.

«Ադրբեջանական իշխանութիւնները յամառօրէն փորձում են 1993 թ․ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վերաբերեալ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի կողմից ընդունւած բանաձեւերը ներկայացնել որպէս ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման իրաւական հիմք։ Նման մօտեցումն Ադրբեջանի կողմից այդ փաստաթղթերի կամայական մեկնաբանման ակնառու օրինակներից է։

Այս առումով հարկ է նշել, որ յատկապէս` միջազգային խաղաղութեանը վտանգ չներկայացնող լոկալ հակամարտութիւնների կարգաւորման համար ՄԱԿ-ի Կանոնադրութեամբ նախատեսւում է դիմել, առաջին հերթին, տարածաշրջանային կազմակերպութիւններին: Այս մօտեցմամբ էր առաջնորդւում ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը նաեւ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան հարցում` ի սատարումն ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ի ջանքերին ձեռնպահ մնալով ուղղակի միջնորդական նախաձեռնութիւններից, ինչն ուղղակիօրէն ամրագրւած է բանաձեւերում: Հէնց այս պատճառով էլ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդի կողմից ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման պարամետրեր կամ սկզբունքներ չեն սահմանւել: ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի միջեւ համագործակցութեան մասին ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի բանաձեւերում, ինչպէս նաեւ ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարների յայտարարութիւններում արտայայտւած միջազգային հանրութեան դիրքորոշման համաձայն՝ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան քաղաքական կարգաւորման հարցը գտնւում է ԵԱՀԿ իրաւասութեան ներքոյ, որը ԱՄՆ-ին, Ռուսաստանին եւ Ֆրանսիային է յանձնել միջնորդական առաքելութիւն իրականացնելու մանդատ:

Բացի այդ, ինչպէս եւ ցանկացած փաստաթուղթ, ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը չեն կարող դիտարկւել ժամանակի համատեքստից եւ դրանց ընդունման հանգամանքներից դուրս։ Բոլոր չորս բանաձեւերն ընդունւել են ակտիւ մարտական գործողութիւնների շրջանում՝ նպատակ ունենալով վերջ դնել պատերազմին եւ սկսել քաղաքական երկխօսութիւն՝ հակամարտութիւնը բացառապէս խաղաղ ճանապարհով, բանակցութիւնների միջոցով կարգաւորելու նպատակով, ինչպէս դա պահանջում է ՄԱԿ-ի Կանոնադրութիւնը։ Այն փաստը, որ 1994 թ. մայիսի 12-ին Արցախի (Լեռնային Ղարաբաղի), Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կրակի եւ ռազմական գործողութիւնների լիակատար դադարեցման մասին անժամկէտ համաձայնագրի ստորագրումից յետոյ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդն այլեւս Արցախին առնչւող բանաձեւեր չի ընդունել, նոյնպէս հաստատում է, որ այդ կառոյցը չի զբաղւել ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան քաղաքական կարգաւորման հարցով։

Անհրաժեշտ է յատուկ ընդգծել, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը չեն իրականացւել հէնց Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, որը կտրականապէս հրաժարւում էր ժամանակին եւ լիարժէք կերպով իրականացնել բոլոր բանաձեւերի հիմնական պահանջը՝ կրակի, բոլոր ռազմական եւ թշնամական գործողութիւնների անյապաղ դադարեցում։ Առաջին բանաձեւի ընդունման պահից մինչեւ 1994 թ․ մայիսին կրակի դադարեցման մասին անժամկէտ համաձայնագրի ստորագրումն անցած մէկ տարւայ ընթացքում ադրբեջանական կողմը բազմիցս խախտել է ժամանակաւոր զինադադարի մասին պայմանաւորւածութիւնները կամ հրաժարւել երկարաձգել դրանք։ Խաղաղութիւն երաշխաւորելու եւ իրեն ռազմական գործողութիւնների դադարեցման պարտաւորութիւններով կաշկանդելու չկամութեան ֆոնին ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերին պաշտօնական Բաքւի յղումները ռազմական առաւելութեան հասնելու նպատակ էին հետապնդում՝ պատերազմը շարունակելու համար։

Բացի այդ, Արցախի եւ Ադրբեջանի զինւած ուժերի շփման գծում իրավիճակի ապակայունացմանն ուղղւած Ադրբեջանի նպատակամէտ քաղաքականութիւնը, վստահութեան ամրապնդման ու լարւածութեան թուլացման նպատակով միջոցներ ձեռնարկելու նրա չկամութիւնը, հայատեացութեան խրախուսումը, հրաժարումն Արցախի հետ ուղիղ բանակցութիւններ վարելուց, բոլոր հնարաւոր միջոցներով Արցախը մեկուսացնելու փորձերը, ինչպէս նաեւ մասնագիտացւած մարդասիրական կազմակերպութիւնների ներկայացուցիչների Արցախ այցերին խոչընդոտելը հակասում են ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի բանաձեւերի մէջ տեղ գտած մի շարք պահանջների եւ կոչերի, մասնաւորապէս՝ զերծ մնալ ցանկացած գործողութիւններից, որոնք դժւարացնում են հակամարտութեան խաղաղ կարգաւորումը (բանաձեւեր 822, 853), անյապաղ դադարեցնել բոլոր ռազմական եւ թշնամական գործողութիւնները՝ կայուն հրադադար հաստատելու նպատակով (բանաձեւ 822), բանակցութիւններ վարել կողմերի միջեւ ուղիղ շփումների միջոցով (բանաձեւ 853), ապահովել ԵԱՀԽ Մինսկի համաժողովի անյապաղ հրաւիրում՝ հակամարտութեան բանակցւած կարգաւորման հասնելու նպատակով (բանաձեւ 874), տարածաշրջանում վերականգնել տնտեսական եւ էներգետիկ կապերն ու հաղորդակցութեան ուղիները (բանաձեւ 853), ապահովել մարդասիրական օգնութեան տրամադրմանն ուղղւած միջազգային գործունէութեան անարգել իրականացում (բանաձեւեր 822, 853, 874)։

Ադրբեջանի կողմից այդ բանաձեւերի սաբոտաժը եւ փորձերը՝ դրանք օգտագործել ամբողջովին հակառակ նպատակներին հասնելու եւ ռազմական գործողութիւնների շարունակումն արդարացնելու համար, ստեղծեցին մի իրավիճակ, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն այլեւս նոր բանաձեւեր չընդունեց։

ԱՊՀ պետութիւնների ղեկավարների խորհրդի 1994 թ. ապրիլի 15-ի յայտարարութիւնը եւ Բիշքեկեան արձանագրութիւնը, որը 1994 թ․ մայիսի 5-8-ը ստորագրւել էր Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների կողմից, ճանապարհ են հարթել վերոյիշեալ երեք կողմերի ռազմական ղեկավարների միջեւ 1994 թ․ մայիսի 12-ին կրակի եւ ռազմական գործողութիւնների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ստորագրման համար։

Ադրբեջանի փորձերը` որպէս ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հիմք ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ այն բանաձեւերի առանձին դրոյթները, որոնք հէնց ինքն է խաթարել 26 տարի առաջ, հակասում են բարեխղճութեան սկզբունքին։ Յղում կատարելով այդ բանաձեւերին՝ պաշտօնական Բաքուն իրականում փորձում է հասնել արդիւնքի (ռազմական առաւելութեան ապահովում), որը հակասում է բանաձեւերի նպատակներին (հակամարտութեան բացառապէս խաղաղ կարգաւորում՝ խաղաղութեան եւ կայունութեան ամրապնդման նպատակով)։ Պաշտօնական Բաքւի կողմից ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի եւ, ընդհանուր առմամբ, միջազգային իրաւունքի նորմերի ոչ համարժէք մեկնաբանման հերթական ապացոյցն է բանակցութիւններ վարելու համաձայնութիւնը որպէս ադրբեջանական կողմի փոխզիջում ներկայացնելու փորձը։ Միեւնոյն ժամանակ, վէճերի խաղաղ կարգաւորումը՝ ներառեալ բանակցութիւնների միջոցով, ՄԱԿ-ի կանոնադրութեան իրաւականօրէն պարտադիր պահանջ է եւ չի կարող սակարկութեան առարկայ լինել:

Բացի այդ, 2008 թ. մարտի 14-ին Ադրբեջանը նախաձեռնել է ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի կողմից Լեռնային Ղարաբաղի շուրջ բանաձեւի ընդունում՝ դրանով իսկ հաստատելով, որ Անվտանգութեան խորհուրդը չի զբաղւում ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցով, իսկ նրա կողմից 1993 թ․ ընդունւած 4 բանաձեւերը չեն կարող կիրառւել որպէս կարգաւորման սկզբունքներ։ ՄԱԿ-ի Կանոնադրութեան յօդւած 12-ի կէտ 1-ի համաձայն՝ «Այն ընթացքում, երբ Անվտանգութեան խորհուրդը որեւէ վէճի կամ իրավիճակի առնչութեամբ իրականացնում է սոյն կանոնադրութեամբ իրեն վերապահւած գործառոյթները, Գլխաւոր ասամբլեան այդ վէճի կամ իրավիճակի վերաբերեալ չի կարող որեւէ յանձնարարական ներկայացնել, եթէ Անվտանգութեան խորհուրդը չդիմի այդպիսի խնդրանքով»: Ուշագրաւ է, որ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահ երկրները, որոնք նաեւ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի մշտական անդամներ են, դէմ են քւէարկել Գլխաւոր ասամբլեայի տւեալ բանաձեւին։

Անհիմն են նաեւ Բաքւի նկատառումներն ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման շուրջ բանակցային գործընթացի ձեւաչափի վերաբերեալ։ Ադրբեջանական կողմը փորձում է որպէս իր դիրքորոշման հաստատում ներկայացնել Մինսկի համաժողովի առաջին նախագահ Մարիօ Ռաֆաէլլիի վաղ նամակներից մէկը՝ այդուհանդերձ անտեսելով ե՛ւ բանակցութիւնների ձեւաչափի շուրջ քննարկման ընդհանուր համատեքստը, ե՛ւ տւեալ հարցի առնչութեամբ ԵԱՀԿ-ում ընդունւած հետագայ որոշումները։ Հարկ է նշել, որ 1992 թ․ սեպտեմբերի 23-ին՝ վերոյիշեալ նամակն ուղարկելուց ընդամենը մէկ շաբաթ անց, Մարիօ Ռաֆաէլլին նոր նամակ է յղել ԵԱՀԽ գործող նախագահ Եոզէֆ Մորաւչիկին։ Նամակում Մինսկի համաժողովի նախագահն ընդգծում է, որ «Իտալիայի նախագահութիւնն անշեղօրէն հաւատարիմ է եղել եւ շարունակում է հաւատարիմ մնալ այն սկզբունքին, որ «ընտրւած եւ այլ ներկայացուցիչներ» բանաձեւը թոյլ չի տալիս խտրութիւն դնել Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ»։ Այնուհետեւ Մարիօ Ռաֆաէլլին նշում է, որ «նման տարբերակում սահմանող մանդատի դասակարգումն արդարացւած կը լինէր»։ Նամակում ասւում է․ «Հայկական ծագում ունեցող բնակչութիւնը, անշուշտ, հիմնական շահագրգիռ կողմն է հանդիսանում ոչ միայն այն պատճառով, որ թւով 4 անգամ գերակշռում է ադրբեջանական ծագում ունեցող բնակչութեանը, այլեւ, քանի որ նա իրականացնում է տարածքի դէ ֆակտօ վերահսկում, ինչպէս նաեւ հանդիսանում է ստատուս քւոյի փոփոխման մէջ շահագրգռւած կողմ։ Այսպիսով, իւրաքանչիւր անկողմնակալ դիտորդի համար նա (Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութիւնը՝ Արցախի ԱԳՆ) հանդիսանում է ադրբեջանական կառավարութեան հիմնական զրուցակիցը»։

Հակամարտութեան հետագայ ընթացքը համոզիչ կերպով ցուցադրել է, որ Արցախը դրա հիմնական կողմերից մէկն է։ Այդ մասին են վկայում նաեւ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ անցկացւած մի շարք ուղիղ բանակցութիւնները, ներառեալ՝ բարձրագոյն մակարդակով հանդիպումը, ինչպէս նաեւ 1993 թ․ Ստեփանակերտի եւ Բաքւի միջեւ ուղղակի ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները՝ ռազմական գործողութիւնների սահմանափակման, ժամանակաւոր զինադադարի եւ դրա երկարաձգման մասին։ 1993 թ․ Արցախի կարգավիճակը որպէս հակամարտութեան լիարժէք կողմ ճանաչւել է միջազգային հանրութեան կողմից, ինչն այնուհետեւ իր արտացոլումն է գտել ինչպէս ՄԱԿ-ի ԱԽ այն բանաձեւում, որին Ադրբեջանը յղում է անում, այնպէս էլ ԵԱՀԽ Բուդապեշտի 1994 թ․ գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթում։

Ինչպէս մենք բազմիցս նշել ենք, համաձայն Բուդապեշտի գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթի, հակամարտութեան կողմեր են հանդիսանում կրակի դադարեցման մասին 1994 թ․ մայիսի 12-ի պայմանաւորւածութիւնները հաստատած կողմերը։

Անհրաժեշտ ենք համարում հերթական անգամ յիշեցնել, որ 1994 թ․ մայիսի 12-ի կրակի դադարեցման մասին համաձայնագիրը ստորագրւել է Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից։ 1994 թ․ յուլիսի 26-27-ը Արցախը, Ադրբեջանը եւ Հայաստանը ստորագրել են լրացուցիչ համաձայնագիր, որում վերահաստատել են «հրադադարը պահպանելու իրենց պարտաւորութիւնները՝ ընդհուպ մինչեւ մեծ քաղաքական համաձայնագրի ստորագրումը»։

1994 թ․ օգոստոսի 29-ին Արցախը, Ադրբեջանը եւ Հայաստանը հանդէս են եկել պաշտօնական յայտարարութիւններով, որոնցում հրապարակայնօրէն հաստատել են կրակի դադարեցման մասին համաձայնագրերը պահպանելու իրենց պարտաւորութիւնները։

1994 թ․ օգոստոսի 31-ին Ռուսաստանի Դաշնութեան ԱԳՆ-ն հանդէս է եկել յայտարարութեամբ, որում նշւած էր․ «Մոսկւայում ողջունում են այս օրերին Բաքւում, Երեւանում եւ Ստեփանակերտում արւած յատուկ յայտարարութիւնները, որոնցում գոհունակութիւն է յայտնւում առ այն, որ հակամարտութեան բոլոր կողմերը պահպանում են Լեռնային Ղարաբաղի շուրջ եւ հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ից ՌԴ միջնորդութեամբ հաստատւած հրադադարը։ Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչութիւնների ղեկավարների կողմից հրադադարի մասին հրամանների վերահաստատումը, հնարաւոր խախտումների մէջ մեղաւոր անձանց նկատմամբ պատժամիջոցների մասին յայտարարելը, հրադադարի ռեժիմը պահպանելու ընդգծւած վճռականութիւնը՝ ընդհուպ մինչեւ զինւած հակամարտութեան դադարեցման մասին քաղաքական համաձայնագրի կնքումը, մեծացնում են վստահութիւնն այն բանի հանդէպ, որ չնայած բոլոր դժւարութիւններին՝ Ղարաբաղում խաղաղ կարգաւորման գործընթացը կարելի է անշրջելի դարձնել»։

1994 թ․ նոյեմբերի 12-ին՝ հրադադարի ռեժիմը պահպանելուց 6 ամիս անց, Մինսկի խմբի գործող նախագահ Անդրէս Բիւրնէրը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում, մասնաւորապէս, նշւած է. «գոհունակութեամբ ողջունել եմ այսօր Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի առաջնորդների կողմից հրապարակւած յուսադրող յայտարարութիւնները, որոնցում նրանք կրկին վերահաստատում են հրադադարը պահպանելու իրենց աներկբայ պարտաւորութիւնները՝ ընդհուպ մինչեւ աւելի լայն քաղաքական համաձայնագրի ստորագրումը»։ Անհրաժեշտ է նաեւ նշել, որ յայտարարութեան տեքստը կողմերին էին առաջարկել Անդրէս Բիւրնէրը եւ ՌԴ նախագահի լիազօր ներկայացուցիչ դեսպան Վլադիմիր Կազիմիրովը։

1995 թ․ փետրւարի 3-ին Մինսկի խմբի համանախագահութիւնը հրադադարի ռեժիմի ամրապնդման առաջարկով դիմել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի ղեկավարութեանը։ Բոլոր երեք կողմերի համաձայնութիւնը ստանալուց յետոյ միջնորդներն Ադրբեջանին, Հայաստանին եւ Արցախին ծանուցում են ուղարկել համաձայնագրի ուժի մէջ մտնելու մասին, ինչպէս նաեւ ուղիղ անյետաձգելի կապ հաստատելու համար նշել են Բաքւում, Երեւանում եւ Ստեփանակերտում գործող կառավարական միջքաղաքային կապի հեռախօսահամարները։

Բոլոր այդ փաստերը կասկածի տեղիք չեն տալիս, որ Բուդապեշտի գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթի՝ հրադադարի մասին համաձայնագիրը հաստատած կողմերին վերաբերող ձեւակերպումը ենթադրում է Ադրբեջանը, Հայաստանը եւ Արցախը (Լեռնային Ղարաբաղը)։ Այդ հարցում վերջնականապէս պարզութիւն է մտցւել ԵԱՀԿ Գործող նախագահ, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Լասլօ Կովաչի կողմից, ով 1995 թ․ մարտի 31-ին Պրահայում կայացած ԵԱՀԿ Ղեկավար խորհրդի նիստի ժամանակ հանդէս է եկել յատուկ յայտարարութեամբ եւ «վերահաստատել կողմերի կարգավիճակի մասին ԵԱՀԿ նախորդ որոշումները, ինչը ենթադրում է հակամարտութեան մէջ ներգրաււած երկու մասնակից պետութիւնների, ինչպէս նաեւ հակամարտութեան երրորդ կողմի (Լեռնային Ղարաբաղի) մասնակցութիւնն ամբողջ բանակցային գործընթացին, ներառեալ՝ Մինսկի համաժողովը»։

Հէնց այդ եռակողմ ձեւաչափով են բանակցութիւնները Մինսկի խմբի շրջանակներում շարունակւել մինչեւ 1997 թ․ ապրիլը, երբ, փաստօրէն, խափանւել են Ադրբեջանի կողմից, որը փորձում էր որպէս կարգաւորման հիմք պարտադրել 1996 թ. ԵԱՀԿ Լիսաբոնեան գագաթաժողովին իր կողմից ներկայացւած ոչ փոխզիջումային առաջարկները։

Ուշագրաւ է, որ երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսեցին կայանալ բարձրագոյն մակարդակով երկկողմ հանդիպումներ, ԵԱՀԿ-ն երկկողմ զրոյցը չէր դիտարկում որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցութիւններին փոխարինող։ Մասնաւորապէս, 1999 թ․ ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովի ժամանակ ԵԱՀԿ մասնակից պետութիւնները, իրենց սատարումը յայտնելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ երկխօսութեանը եւ կոչ անելով շարունակել այն, միաժամանակ յոյս են յայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցութիւնները կը վերսկսւեն»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։