Հա

Քաղաքական

22/05/2019 - 08:47

ԵԽԽՎ-ն մտահոգութիւն է յայտնել Փաշինեանի կոչի հետ կապւած

Քաղաքականապէս շահագրգիռ անձինք  պէտք է զերծ մնան այնպիսի գործողութիւններից եւ յայտարարութիւններից, որոնք կարող են դատական համակարգի նկատմամբ որպէս ճնշման գործադրում ընկալւել: Այդ մասին ասել են  ԵԽԽՎ Հայաստանի մշտադիտարկման խմբի համազեկուցողներ Իւլեա Լովոչկինան եւ Անդրէյ Շիրցելը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի` դատարանի մուտքերը արգելափակելու մասին կոչին:

«alikonline.ir»- Քաղաքականապէս շահագրգիռ անձինք  պէտք է զերծ մնան այնպիսի գործողութիւններից եւ յայտարարութիւններից, որոնք կարող են դատական համակարգի նկատմամբ որպէս ճնշման գործադրում ընկալւել: Այդ մասին ասել են  ԵԽԽՎ Հայաստանի մշտադիտարկման խմբի համազեկուցողներ Իւլեա Լովոչկինան եւ Անդրէյ Շիրցելը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի` դատարանի մուտքերը արգելափակելու մասին կոչին. հաղորդում է «Yerkir.am»-ը:

«Մենք ցանկանում ենք ընդգծել, որ դատական համակարգի անկախութիւնն օրէնքի գերակայութեան նախապայման է, հետեւաբար` օրէնքի գերակայութիւնը լաւագոյնս գործում է քաղաքական սուբիեկտների կողմից որեւէ միջամտութեան բացակայութեան դէպքում»,- ասել են համազեկուցողները՝ նշելով, որ վիճելի թւացող դատական վճիռները վիճարկելու համար կան յստակ իրաւական գործընթացներ:

Նրանք ընդգծել են, որ օրէնքի գերակայութեան նկատմամբ յարգանքը ենթադրում է  նաեւ յարգանք այն գործընթացների նկատմամբ, որոնք գոյութիւն ունեն բոլոր քաղաքացիներին պաշտպանելու համար՝ անկախ նրանից, թէ ովքեր են նրանք:

Համազեկուցողները նշում են, որ տւեալ դատական վճռի վերաբերեալ (նկատի ունեն Ռոբերտ Քոչարեանի գործը) հանրութեան արձագանքը ընդգծում է դատական համակարգի նկատմամբ հանրութեան շրջանում վստահութեան դեռեւս ցածր մակարդակը:

Միեւնոյն ժամանակ, նրանք շեշտել են, որ դատական համակարգի բարեփոխումները շարունակում են առաջնահերթութիւն լինել, ուստի՝ իրենք ողջունում են վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ այդպիսի բարեփոխումներ անելու, կոռուպցիայի դէմ պայքարելու վերաբերեալ յայտարարութիւնը, ինչպէս նաեւ այդ ամէնը Եւրոպայի խորհրդի օգնութեամբ իրականացնելու ցանկութիւնը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։