Հա

Քաղաքական

25/05/2019 - 11:00

Պետականութեանը սատար կանգնելով` կը կարողանանք 1919-ի հռչակագրի խորհուրդն իրականութիւն դարձնել ապագայ սերունդների համար

1919-ին, երբ հռչակւեց Միացեալ Հայաստանի ակտը, այն այդ ժամանակ, միանշանակ, իրատեսական գաղափար էր, իսկ դրա ապացոյցը 1920-ի օգոստոսի 10-ի` Սեւրի պայմանագիրն ու նոյեմբերի 22-ի` Վուդրօ Վիլսոնի իրաւավճիռն էին:

«alikonline.ir» - 1919-ին, երբ հռչակւեց Միացեալ Հայաստանի ակտը, այն այդ ժամանակ, միանշանակ, իրատեսական գաղափար էր, իսկ դրա ապացոյցը 1920-ի օգոստոսի 10-ի` Սեւրի պայմանագիրն ու նոյեմբերի 22-ի` Վուդրօ Վիլսոնի իրաւավճիռն էին: «Yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց պատմական գիտութիւնների դոկտոր Արարատ Յակոբեանը:

ՀՅԴ-ի նախաձեռնած «Միացեալ Հայաստանի անկախութեան` 1919 թ. մայիս 28-ի ակտը. պատմութիւն եւ արդիականութիւն» գիտաժողովին մասնակցող պատմաբանն ընդգծեց` պահանջն օրախնդիր է նաեւ այժմ: Ըստ նրա` 8 մլն-ոց Սփիւռք ունեցող երկիրը միասնական հայրենիք ունենալու գաղափարին պէտք է ձգտի, որովհետեւ եթէ այդ գաղափարը չլինի, Սփիւռքը, որպէս այդպիսին, կը փոշիանայ:

«Դրա համար մենք ամէն ճիգ ու ջանք պէտք է գործադրենք, որպէսզի Միացեալ, Անկախ Հայաստանի գաղափարը գաղթաշխարհի համար մոռացութեան չմատնւի: Եթէ ուզում ենք հեռանկար ունենալ, պէտք է ձգտենք ու հասնենք այդ նպատակի իրականացմանը, որովհետեւ այն կապւած է Հայոց Ցեղապասնութեան ճանաչման, դատապարտման եւ հատուցման հետ: Հատուցումը միայն նիւթականն ու բարոյականը չէ, այլև հիմնական նպատակը մեր հողերին ու հայրենիքին տէր դառնալն է: Իսկ կը դառնա՞նք, թէ՞ չէ` կախւած կը լինի մեր միասնականութիւնից, վճռականութիւնից: Ես կարծում եմ, որ Արցախի Հանրապետութիւնը կարելի է դիտարկել որպէս Միացեալ, Անկախ Հայաստանի իրականացման մի մասնիկ, դրսեւորում, որը փորձել ենք անել ու պէտք է կարողանանք մինչեւ վերջ գնալ: Իհարկէ, ժամանակակից պահանջները փոխւել են, փոխւել են միջազգային յարաբերութիւնները եւ այլն, բայց հայ ժողովուրդը երբեք չպէտք է մոռացութեան մատնի իր պատմական հայրենիքը»,- ասաց մեր զրուցակիցը:

Պատմաբանը մտահոգութիւն յայտնեց, որ մարդիկ կան, որ դէմ են անկախութեանն ու ասում են` գնանք, Ռուսաստանը մեզ տէր լինի: «Մեր հասարակութեան մէջ հատւածականութիւնը շատ է, մտածելակերպը տարբեր է, ազգային միասնական մտածելակերպը տուժում է: Օրինակ` ռուսները մասշտաբային մտածելակերպ ունեն, նրանք մտածում են իրենք հայրենիքը մասշտաբային դարձնելու մասին, եւ դա օգնում է նրանց»,- ասաց նա:

«Վէմ» համահայկական հանդէսի գլխաւոր խմբագիր Գէորգ Խուդինեանն էլ «Yerkir.am»-ին ասաց, որ հայոց պատմութեան ամէն մի դարաշրջան էլ ունի միացեալի ընկալում: «Մենք միշտ էլ ձգտել ենք միացեալ լինել, բայց ոչ միշտ ենք յաջողել: Հայաստանի Առաջին Հանրապետութեան հռչակումը Ցեղասպանութիւնից փրկւած արեւմտահայութեան իրաւունքների փոխանցումն էր Հայաստանի նորաստեղծ պետականութեանը, որովհետեւ Արեւմտահայերի երկրորդ համագումարն այդ իրաւունքը տւել էր նորաստեղծ պետականութեանը: Այդ գործառոյթն Առաջին հանրապետութիւնը փոխանցեց ներկայիս Հայաստանի Հանրապետութեանը, որովհետեւ հէնց 1990թ. օգոստոս 23-ի հռչակագրում ՀՀ-ն իրեն յայտարարել է որպէս Հայաստանի Առաջին Հանրապետութեան աւանդոյթների շարունակող: Մենք, Միացեալ Հայաստանի ակտը հռչակելով, իրաւունք ենք տւել նաեւ Հայաստանի ներկայիս իշխանութիւններին շարունակելու Հայկական Հարցի հետապնդումը: Իսկ Հայկական Հարցը պետականօրէն հետապնդելու խնդիրը մենք դրել ենք Միացեալ ու Անկախ Հայաստանի յայտարարման ակտով՝ 1919-ի մայիսի 28-ին»,- նշեց Խուդինեանը:

Պատմական գիտութիւնների թեկնածու, ԳԱԱ պատմութեան ինստիտուտի գիտաշխատող Կարէն Հայրապետեանը, անդրադառնալով Միացեալ ու Անկախ Հայաստանի ակտի 100-ամեակին, ասաց` դրա հետ կապւած շատ դասեր կան` քաղաքական, պատմական, եւ եթէ մենք այդ դասերը չսերտենք, ապա դարձեալ հնարաւոր է, որ վտանգների առջեւ կանգնենք:

«Իմ թեման հատւածականութեան մասին է: Գրւած է, թէ հատւածական ինչ երեւոյթներ կան`ղարաբաղցի, հայաստանցի եւ այլն: Հէնց սա մեր միասնութեան մեծագոյն վտանգն է: Այդ երեւոյթը, որպէս իրականութիւն, գոյութիւն ունէր 1917-1920թթ: Դրա յաղթահարման ուղղութեամբ Առաջին հանրապետութիւնում գործ է կատարւել, քաղաքական գործունէութիւն է ծաւալւել և դրա ուսումնասիրութիւնը մեզ հնարաւորութիւն կը տայ այսօր գոնէ խուսափելու սխալներից: Չեմ ասում` յաղթահարել հատւածականութիւնը, որովհետեւ այդ ուղղութեամբ մեզանում ոչ մի խօսակցութիւն չկայ, իսկ եթէ մենք չյաղթահարենք այդ համախտանիշը, ըստ էութեան, գնալու ենք նրան, որ այլեւս միասնականութիւն չլինի, իսկ եթէ միասնակութիւն չլինի, յաղթանակներ չեն լինի: Ազգը վտանգւած է»,- ահազանգեց նա:

Պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմութեան ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասեանը համոզւած է` 100 տարի առաջ մայիսի 28-ին Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունւած Անկախ եւ Միացեալ Հայաստանի հռչակագիրը կարեւոր պատմական փաստաթուղթ էր, որն ընթերցեց ՀՀ վարչապետ Ալեքսանդր Խատիսեանը, եւ որը տարածւեց ամբողջ աշխարհով մէկ: Ընդ որում` այնտեղ հռչակւում է, որ Հայաստանի ամբողջականութիւնը վերականգնելու եւ ժողովրդի լիակատար ազատութիւնն ու բարգաւաճումն ապահովելու համար Հայաստանի կառավարութիւնը, համաձայն բովանդակ հայ ժողովրդի միահամուռ կամքի եւ ցանկութեան, յայտարարում է, որ այսօրւանից Հայաստանի բաժան-բաժան մասերը մշտապէս միացած են` իբրեւ անկախ պետական միութիւն:

«Հայաստանի կառավարութիւնը յայտարարում է նաեւ Միացեալ Հայաստանի կառավարութիւնը: Այս ակտով նախատեսւում էր միացեալ Հայաստանի կառավարութիւն եւ արեւմտահայ 13 ներկայացուցիչներով համալրել Հայաստանի խորհրդարանը կամ խորհուրդը: Ընդ որում` խորհրդարանի համալրումն էլ նպատակ ուներ ցոյց տալու, որ միասնական կառավարութիւնն է այսուհետ աշխատելու: Իհարկէ, այս պատմական ակտը դուր չեկաւ շատ կուսակցութիւնների, այդ թւում` Հայաստանի Ժողովրդական կուսակցութեանը, որը մինչ այդ կոալիցիայի մէջ էր եւ դրանից յետոյ յայտարարեց իր դուրս գալու մասին: Քաղաքական կուսակցութիւնների հիմնական տարաձայնութիւնը վերաբերում էր օրէնսդիր եւ գործադիր մարմինների կառուցւածքային փոփոխութիւններին: Պէտք է ասել նաեւ, որ այս շատ կարեւոր քաղաքական ակտի ընդունումը Միացեալ Հայաստանի գոյութեան պարագայում արեւմտահայութեանը նպատակամղեց «փարւել» այս խնդիրներին եւ լծւել այս խնդիրների իրագործման գործին: Ըստ էութեան, դրանից յետոյ լուծարւեց խորհրդարանը, եւ նշանակւեցին նոր խորհրդարանի ընտրութիւններ, որոնք կայացան յունիսի 23-25-ը, եւ արմատական փոփոխութիւններ տեղի ունեցան խորհրդարանում ու միւս կառոյցներում, որոնք համալրւեցին նոր անդամներով»,- ներկայացրեց Մինասեանը:

Ըստ նրա` այս գիտաժողովը նւիրւած է այդ շատ կարեւոր միջոցառմանը` Միացեալ Հայաստանի` մեր երազանքի իրագործմանը, որն այսօր էլ ունի արդիական հնչեղութիւն: Նաեւ` գիտաժողովում նշւած զեկուցումները արդիւնք կը տան` առանձին ժողովածուում տպագրւելով, որոնք օգտակար կը լինեն թէ՛ ուսանողներին, թէ' պատմաբան-գիտնականներին:

Հայագէտ Հայկազուն Ալւրցեանն էլ նշեց` 1919-ի հռչակագիրը կարեւոր էր այն ծանր օրերին, երբ պետութիւնն ընդամենը մէկ տարեկան էր: «Հայաստանի կառավարութիւնը եւ Ազգային ժողովը համախորհուրդ եւ միասնաբար որոշեցին ընդունել կարեւորագոյն մի հռչակագիր, որովհետեւ հայ ժողովրդի դարաւոր պայքարի իմաստը Միացեալ Հայաստանի վրայ պետականութեան կերտումն էր: Բնականաբար, այդ ժամանակ մենք արդէն ունեցանք հիմք, մենք ունեինք Արեւելեան Հայաստանի փոքր տարածքի վրայ Հանրապետութիւն, որը պէտք է լինէր նախաձեռնողը եւ իրականացնողը մեր ազգի դարաւոր երազանքի` պետականութեան վերականգնումը մեր բոլոր տարածքների վրայ: Միացեալ Հայաստան ասելով`մենք սա նկատի ունենք: Այս իմաստով խորհուրդը շատ մեծ է, որովհետեւ այն ոչ միայն փաստաթուղթ է` որպէս հռչակագիր` ներկայացւած ժողովրդին, այլեւ` ծրագիր, որը մեր ժողովրդին մղում է մեծ պետականութեան վերականգնման: Ցեղասպանութիւնից, Սարդարապատի ճակատամարտից յետոյ գրեթէ ամբողջութեամբ շրջափակւած նորաստեղծ Հայաստանի Հանրապետութեան համար սա կենսական հզօր լիցք էր ժողովրդին ոտքի կանգնեցնելու ու ոգեւորելու համար: Այս տեսակէտից դրա խորհուրդը ոչ միայն այն օրերին էր կարեւոր, այլեւ այս օրերին, որովհետեւ երբ ենք անկախութիւն ձեռք բերեցինք ու Արցախի ազատամարտի առաջին փուլն աւարտեցինք յաղթանակով, այս խորհուրդը կար: Ժողովուրդը հիմա էլ ասում է` Միացեալ Հայաստան»,- ընդգծեց Ալւրցեանը:

Ըստ նրա` սա Միացեալ Հայաստանի կերտման սկիզբն է, որի խորհուրդը մշտական է այնքան ժամանակ, քանի դեռ մեր ժողովուրդը չի վերականգնել իր հայրենիքը պապենական հողի վրայ, իսկ դրա գրաւականը հայոց պետականութիւնն է ու դրա հզօրացումը: «Միայն այս պետականութեանը սատար կանգնելով` մենք կը կարողանանք 1919 թ. հռչակագրի խորհուրդն իրականութիւն դարձնել ապագայ սերունդների համար»,- ասաց Հայկազուն Ալւրցեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։