Հա

Քաղաքական

25/05/2019 - 08:30

Հայաստանի եւ Արցախի իշխանութիւնները կը յաղթահարե՞ն «անհամապատասխանութիւնը». փորձագէտներ

Փորձագէտները խօսել են Հայաստանի եւ Արցախի իշխանութիւնների ներկայիս յարաբերութիւնների մասին։

«alikonline.ir» - Փորձագէտները խօսել են Հայաստանի եւ Արցախի իշխանութիւնների ներկայիս յարաբերութիւնների մասին։ Այս մասցին գրում է «Sputnik» Արմենիան:

Արցախում յեղափոխական ուժեր չկան, եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ստիպւած կը լինի աշխատել գոյութիւն ունեցող քաղաքական կուսակցութիւնների հետ։ Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց քաղտեխնոլոգ Վիգէն Յակոբեանը։

Յիշեցնենք, որ աւելի վաղ Փաշինեանը յայտարարել էր, որ Հայաստանում կոնկրետ ուժեր կան, որոնք փորձում են պառակտում մտցնել Հայաստանի եւ Արցախի բնակիչների միջեւ։ Նա խօսքով` «կոռումպացւած համակարգի որոշ ներկայացուցիչներ օգտագործում են իրենց անձնական կապերն Արցախում` Հայաստանի կառավարութեան եւ վարչապետի դէմ քարոզ իրականացնելու համար»։ Նա յայտարարեց, որ չի բացառում դաւադրութիւնը, որը նպատակ ունի նոր պատերազմ հրահրել, եւ հաւանաբար, նոյնիսկ որոշակի տարածքների յանձնում` պատասխանատւութիւնը երկրի իշխանութեան վրայ գցելու համար։ Վարչապետն այս գործունէութեան մէջ պետական դաւաճանութեան յատկանիշներ է տեսնում։

Ինչպէս նշեց Յակոբեանը, Երեւանի եւ Ստեփանակերտի յարաբերութիւնների մասին նախկինում ընդունւած չէր բարձրաձայնել։ Բայց խնդիրներ կային նաեւ նախկինում, օրինակ, Լեւոն Տէր-Պետրոսեանի նախագահութեան տարիներին, երբ ՀՅԴ-ն ուժեղ դիրք էր զբաղեցնում Արցախում։

«Այն ժամանակ բաւականին բարդ իրավիճակ էր ստեղծւել` Հայաստանի կողմից ուժեղ ճնշում կար, վերջնագրեր էին ներկայացւում։ Ի վերջոյ, այնտեղ իշխանափոխութիւն տեղի ունեցաւ, Ռոբերտ Քոչարեանը դարձաւ այն մարդը, որի հետ Տէր-Պետրոսեանը կարող էր բանակցութիւններ վարել»,- ասաց Յակոբեանը։

Այսօր Արցախում նախընտրական իրավիճակ է, յաջորդ տարի պէտք է կայանան նախագահական եւ խորհրդարանի ընտրութիւնները, բայց նոյնիսկ այսօր այնտեղ չկան որեւէ նոր, յեղափոխական ուժեր։

Ընդ որում, Յակոբեանի կարծիքով, Արցախում տարբեր ուժեր, այսպէս թէ այնպէս, աջակցում կամ ճանաչում են Հայաստանում տեղի ունեցած յեղափոխութիւնը։ Նոյնիսկ (Արցախի – Խմբ.) ԱԽ ղեկավար Վիտալի Բալասանեանը հանդէս է գալիս ոչ թէ բուն յեղափոխութեան դէմ, այլ քննադատում է Նիկոլ Փաշինեանի քաղաքականութեան կոնկրետ դրւագներ։

«Արցախում ցանկացած իշխանութիւն հակամարտութեան կարգաւորման հարցում աւելի ռադիկալ տրամադրւած կը լինի, քան Հայաստանի իշխանութիւնները։ Այդ առումով նրանք կարող են կարեւոր նշանակութիւն ունենալ Նիկոլ Փաշինեանի համար, որը կարեւոր է համարում Ստեփանակերտի վերադարձը բանակցութիւնների սեղան»,- նշեց քաղտեխնոլոգը։

Յակոբեանի կարծիքով` Նիկոլ Փաշինեանն ու Արցախի նախագահ Բակօ Սահակեանը, որոշակի հարցեր յստակեցնելով, կարող են առաջիկայում շարունակել արդիւնաւէտ աշխատանքը։

Քաղտեխնոլոգ Արմէն Բադալեանն իր հերթին ուշադրութիւն է հրաւիրում այն տեսակէտին, որ Արցախի ղեկավարութեան քաղաքականութիւնը պէտք է համահունչ լինի Հայաստանի իշխանութիւնների քաղաքականութեանը, ինչպէս դա եղել է 90-ականների կէսերից։

«Հայաստանում իշխանութիւնը փոխւել է, իսկ այնտեղ` ոչ։ Այժմ «անհամապատասխանութիւն» կայ Հայաստանի եւ Արցախի իշխանութիւնների միջեւ, քանի որ նրանց մօտեցումները տարբեր հարցերի վերաբերեալ տարբերւում են։ Բայց նաեւ պէտք չէ, որ իշխանութիւնները միանման մտածեն։ Պէտք է հաշւի առնել Հայաստանի եւ Արցախի առանձնայատկութիւնները»,- կարծում է Բադալեանը։

Քաղտեխնոլոգը համոզւած է, որ Արցախում չի կարելի յեղափոխութիւն իրականացնել, փողոցներ փակել, արգելափակել դատարանները։ Հաշւի առնելով չկարգաւորւած հակամարտութիւնը` իրավիճակն այնտեղ աւելի բարդ է, քան Հայաստանում։

Քաղտեխնոլոգը չի բացառում, որ Հայաստանի իշխանութիւնները կը կարողանան այնպէս անել, որ Արցախում իրենց համախոհն ընտրւի։ Այդ պայմաններում Երեւանի եւ Ստեփանակերտի իշխանութիւնները ընդհանուր լեզու կը գտնեն։

Նշենք, որ մայիսի 9-ին լրագրողների հետ զրոյցում այն հարցին, թէ ինչպէս է նա գնահատում Ադրբեջանի աշխուժացումը շփման գծում, Բալասանեանն առաջարկեց դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանին, քանի որ հէնց նա է «վերելակային բանակցութիւններ» վարում (Իլհամ Ալիեւի հետ)։

Դրանից յետոյ, մայիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինեանը «Facebook»-ի իր էջում գրեց, որ «եթէ ոմանք փորձեն Արցախը դարձնել հակայեղափոխութեան օջախ, Արցախի ժողովուրդը այն կը դարձնի յեղափոխութեան օջախ»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։