Հա

Քաղաքական

01/06/2019 - 10:40

«Ահազանգ»-ի երիտասարդները մերժեցին «Իմ քայլի» պատգամաւորներին

Հարկային օրէնսգրքի փոփոխութիւնների փաթեթը խորհրդարանը կը քննարկի արտահերթ նիստում, ըստ երեւոյթին` յաջորդ շաբաթ: Նախքան այն նիստերի օրակարգում ներառելը` ԱԺ տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովը կազմակերպել է քննարկումներ ոլորտի մասնագէտների ու շահագրգիռ կողմերի հետ: Յանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Բաբգէն Թունեանը վստահեցնում է` փորձել են լսել բոլոր կողմերին, կողմ ու դէմ կարծիքներն ի մի բերել ու ներառել փաթեթում:

«alikonline.ir» - Հարկային օրէնսգրքի փոփոխութիւնների փաթեթը խորհրդարանը կը քննարկի արտահերթ նիստում, ըստ երեւոյթին` յաջորդ շաբաթ: Նախքան այն նիստերի օրակարգում ներառելը` ԱԺ տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովը կազմակերպել է քննարկումներ ոլորտի մասնագէտների ու շահագրգիռ կողմերի հետ: Յանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Բաբգէն Թունեանը վստահեցնում է` փորձել են լսել բոլոր կողմերին, կողմ ու դէմ կարծիքներն ի մի բերել ու ներառել փաթեթում: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

«Հարկային օրէնսգրքի նման քննարկում ԱԺ-ն այսքան ժամանակ չէր տեսել»,- վստահեցնում է նաեւ յանձնաժողովի անդամ Հայկ Գէորգեանը:

Պատգամաւորներն օրէնսգրքի շուրջ իրենց դիրքորոշումները ներկայացնում էին ԱԺ դարպասների մօտ երէկ խաղաղ ակցիա իրականացնող` ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնութեան անդամների առջեւ: Նրանց պահանջն անփոփոխ է՝ ամէն ինչ անել, որպէսզի չեղարկւի Հարկային օրէնսգրքի փոփոխութիւնների փաթեթում տեղ գտած` եկամտային հարկի համահարթ սկզբունքը, այսինքն՝ բոլորին նոյն դրոյքաչափով հարկելը։

Յիշեցնենք, որ սա նախաձեռնութեան երրորդ ակցիան էր, Ազգային ժողովի բակում՝ երկրորդը։ Նրանք մինչ այս էլ ԱԺ բակում հաւեր էին բաց թողել, իսկ կառավարութեան շէնքի առջեւ «Ահազանգ» գրութեամբ դրամապանակներ նետել։

Հարահարթեցման դէմ բողոքող երիտասարդների հետ պատգամաւորները ցանկանում էին քննարկում ծաւալել անմիջապէս փողոցում: Բաբգէն Թունեանը տեղեկատւական բնոյթի հարցեր էր ուղղում, Հայկ Գէորգեանը փորձում պարզել` ով է 150 հազար դրամից աւելի աշխատավարձ ստանում: Տպաւորութիւն էր, թէ երիտասարդները պետական քննութեան են եկել, հարցերին պէտք է կարողանան պատասխանել, յաղթահարեն հերթական «լեւելը», յետոյ նոր միայն պահանջ ներկայացնելու իրաւունք վաստակեն: Մանիպուլեացիայի չենթարկւած երիտասարդները պատգամաւորներին հասկացրին` փողոցում քննարկում չեն ծաւալելու, իրենց պահանջը յստակ գիտեն, խաղաղ ակցիա են իրականացնում, ինչի իրաւունքն ունեն:

Տեսնելով, որ հաւաքւածները «փողոցում հարցեր լուծելու» տրամաբանութեամբ չեն առաջնորդւում, Թունեանը հեռացաւ: Քննարկում-բանավէճը ծաւալւեց պատգամաւոր Գէորգեանի ու «Ահազանգ»-ի երիտասարդների միջեւ: Պատգամաւորը նախ ստուգեց հաւաքւածների գիտելիքները ակցիզային հարկի մասին, ապա հռետորական հարց տւեց` իսկ վա՞տ է, որ ծխախոտն ու ալկոհոլը հարկւելու են: Պատգամաւորի ասածի հիմնաւորումն այն էր, որ երկուսն էլ վնաս են հասցնում մարդու առողջութեանն ու կախւածութիւն են առաջացնում: «Ծխախոտը թանկանալու է կրկնակի, եռակի ու քառակի»,- զայրացած ասաց նա, ի դէպ` նոյնպէս ծխող է:

Ի պատասխան` երիտասարդներն ընդգծեցին` լաւ կը լինէր, որ ընդհանրապէս արգելւէր ծխախոտի վաճառքը, բայց դրա ֆոնին ամէն օր լսում ենք մարիխուանան օրինականացնելու մասին:

Այդ դիտարկումն աւելի նեարդայնացրեց Գէորգեանին, ու նա սկսեց մեկնակէտից: «Նախորդ տարւայ մայիսին էլ ասում էին, որ հողեր ենք տալու, բայց տւեցի՞ք: Ո՞վ է ասում, որ մարիխուանան օրինականացւելու է»,- բոլորովին այլ թեմայի անցնելով` յիշեց պատգամաւորը:

Ի դէպ, Գէորգեանի յիշողութիւնը թարմացնելու համար` «մի փոքրիկ սպռաւոչկա» ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Ալէն Սիմոնեանի երկու տարի առաջ արւած գրառումից, որում նա ողջունում է մարիխուանայի օրիանակացումը. «…դրա օրինականացումը խօսում է բոլորի շահերից՝ պետութեան շահերից, չէ՞ որ երեւոյթը, անկախ բոլորիս կամքից, առկայ է»:

Հայկ Գէորգեանի` ոտքի վրայ քննարկում իրականացնելու ջանքերն ապարդիւն անցան: Նա մնաց իր տեսակէտին, աւելին` համոզմունք յայտնեց, որ եթէ նոյնիսկ համահարթ սկզբունքը չեղարկւի, երիտասարդները շարունակելու են դժգոհել: «Ահազանգ»-ի անդամները հակադարձեցին` սխալ կարծիք ունէք, պարո'ն Գէորգեան:

Ի դէպ, նա այն տեսակէտին է, որ Հայաստանում միայն բարձրագոյն ու որակեալ կրթութեամբ մարդիկ պէտք է լինեն: «Հիմա ի՞նչ էք ասում` մարդ, որ տարիներով ուսանել է, կրթութիւն է ստացել, ջանք է ներդրել, մի քանի օտար լեզու սովորել ու այժմ լաւ աշխատանքի է, լաւ աշխատավարձ է ստանում, նրան աւելի շա՞տ հարկենք»,- զարմացաւ Գէորգեանը:

Երիտասարդները հակադարձ հարց ուղղեցին` իսկ ի՞նչ անեն այն երիտասարդները, որ երեք լեզու չգիտեն, որակեալ կրութիւն չեն ստացել, հողագործ են, գիւղատնտեսութեամբ են զբաղւում: Օրէնսդիրի ներկայացուցչի պատասխանը եղաւ հետեւեալը. «Սմարթֆոն ունի, չէ՞: Կարայ չէ՞ մտնի «Goօgle» ու մի քիչ սովորի»:

Փաստօրէն, այս երկրում բոլորը պարտաւոր են մի քանի լեզու իմանալ, բարձրագոյն կրթութիւն ստանալ ու բարձր աշխատավարձով աշխատանքի անցնել, եթէ` ոչ, ապա սմարթֆոնը մեզ օգնական:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։