Հա

Քաղաքական

02/06/2019 - 09:00

«Հայաստանը կտրականապէս դատապարտում է իրավիճակի սրման ուղղութեամբ վերջին երեք օրւայ ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկւած միտումնաւոր քայլերը». ՀՀ ԱԳՆ

Հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման ուղղութեամբ վերջին օրերին Ադրբեջանի կողմից ձեռնարկւած միտումնաւոր քայլերի կապակցութեամբ, ՀՀ ԱԳՆ հանդէս է եկել պաշտօնական յայտարարութեամբ:

«alikonline.ir» - Հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման ուղղութեամբ վերջին օրերին Ադրբեջանի կողմից ձեռնարկւած միտումնաւոր քայլերի կապակցութեամբ, ՀՀ ԱԳՆ հանդէս է եկել պաշտօնական յայտարարութեամբ:

Յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշւած է. «Հայաստանը կտրականապէս դատապարտում է իրավիճակի սրման ուղղութեամբ վերջին երեք օրւայ ընթացքում Ադրբեջանի կողմից ձեռնարկւած միտումնաւոր քայլերը, ինչը դրսեւորւել է սեփական կորուստների վերաբերեալ կեղծ տեղեկատւութեան տարածմամբ, Հայաստանի ղեկավարների հասցէին ֆիզիկական բռնութեան վերաբերեալ Ադրբեջանի խորհրդարանում իշխող կուսակցութեան ներկայացուցիչների կողմից հրապարակայնօրէն հնչեցւած ուղղակի կոչերով եւ հրադադարի ռեժիմի խախտումների զգալի աճով, ինչն այսօր յանգեցրեց Արցախի պաշտպանութեան բանակի զինծառայող Սիփան Մելքոնեանի սպանութեանը: Ադրբեջանի այս գործողութիւնները տեղի են ունեցել այն բանից յետոյ, երբ մայիսի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդէս եկան առաւելագոյնս զսպւածութիւն ցուցաբերելու եւ լարւածութիւնից խուսափելու վերաբերեալ կողմերին ուղղւած կոչով:

Այս վերջին զարգացումները մարտահրաւէր են նետում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքոյ Հայաստանի եւ Արցախի կողմից գործադրւող կառուցողական ջանքերին՝ ուղղւած հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն ու դրան նպաստող միջավայրի ձեւաւորմանը, եւ հանդիսանում են լուրջ յետքայլ վերջին ամիսների ընթացքում ձեռնարկւած բոլոր ջանքերից: Ադրբեջանը ոտնահարում է իր իսկ յանձնառութիւնները, որոնք ստանձնել է 2018 թ. Միլանում, 2019 թ. Վիեննայում եւ 2019 թ. Մոսկւայում ընդունած վերջին համատեղ յայտարարութիւններով:

Ադրբեջանի դատապարտելի այս գործողութիւնները, շուտափոյթ կերպով չդադարելու դէպքում, կարող են լուրջ խոչընդոտ դառնալ կարգաւորման գործընթացի շրջանակներում հետագայ քայլերի համար: Դրանք նաեւ հարցականի տակ են դնում Ադրբեջանի վստահելիութիւնը եւ նրանց կարողութիւնը հաւատարիմ մնալ հրադադարը պահպանելու եւ ամրապնդելու վերաբերեալ 2018 թ. սեպտեմբերին Դուշանբէում ձեռք բերւած եւ 2019 թ. մարտին Վիեննայում վերահաստատւած յանձնառութիւններին: Հայաստանը վճռականօրէն կոչ է անում Ադրբեջանին ցուցաբերել իրական քաղաքական կամք՝ արտայայտւած հրադադարը պահպանելու ուղղութեամբ կոնկրետ ու արդիւնաւէտ գործողութիւններով: Ադրբեջանը լիակատար պատասխանատւութիւն է կրելու իրադրութեան հետագայ սրման ռիսկերի համար: 

Ադրբեջանի վերջին վտանգաւոր եւ առճակատման գնացող գործողութիւնները յիշեցում են իրենց նախկին բռնութիւնների, վայրագութիւնների եւ ագրեսիայի փորձերի եւ վկայում են Արցախի ժողովրդի կենսական ֆիզիկական անվտանգութեան ռիսկերի մասին:

Հայաստանը վերահաստատում է, որ հակամարտութեան խաղաղ կարգաւորումն այլընտրանք չունի, որի համար հրադադարի խստագոյն պահպանումն էական պայման է: Արցախի եւ նրա ժողովրդի անվտանգութիւնն որեւէ հանգամանքում վտանգի չի ենթարկւելու: 

Վերջին միջադէպն ընդգծում է հնարաւորինս սեղմ ժամկէտներում հրադադարի խախտումների ԵԱՀԿ հետաքննող մեխանիզմի ներդրման վերջնականացման եւ ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենեակի ընդլայնման հրատապութիւնը՝ համաձայն Ադրբեջանի՝ 2016 թ. Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտաւորութիւնների:

Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը իր խորին ու անկեղծ ցաւակցութիւնն է յայտնում Արցախի պաշտպանութեան բանակի ժամկէտային զինծառայող Սիփան Մելքոնեանի ընտանիքին եւ հարազատներին»:

Յիշեցնենք, որ երէկ՝ յունիսի 1-ին, ադրբեջանական կողմից արձակւած կրակոցից մահացու հրազէնային վիրաւորում է ստացել Արցախի պաշտպանութեան բանակի հարաւարեւելեան (Մարտունի) ուղղութեամբ տեղակայւած զօրամասերից մէկի ժամկէտային զինծառայող, 2000 թ. ծնւած Սիփան Սերժիկի Մելքոնեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։