Հա

Քաղաքական

02/06/2019 - 09:40

«Ադրբեջանը երբեք էլ առիթը բաց չի թողնի ժամանակ առ ժամանակ սադրանքների գնալու». Տարօն Յովհաննիսեան

Ադրբեջանը հաւատարիմ չմնաց սահմանին կայունութիւն պահպանելու վերաբերեալ պայմանաւորւածութեանը: Երէկ հրաւիրւած ասուլիսին նման տեսակէտ յայտնեց «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագէտ Տարօն Յովհաննիսեանը:

«alikonline.ir» - Ադրբեջանը հաւատարիմ չմնաց սահմանին կայունութիւն պահպանելու վերաբերեալ պայմանաւորւածութեանը: Երէկ հրաւիրւած ասուլիսին նման տեսակէտ յայտնեց «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագէտ Տարօն Յովհաննիսեանը: Գրում է «Tert.am»-ը:

«Ադրբեջանը նախագահը բաւարար ջանքեր չգործադրեց եւ չի գործադրում, որպէսզի այդ պայմանաւորւածութիւնը մնայ եւ սահմանին կայունութիւնը պահպանւի»,- ասաց նա՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին եւ դրանից բխող ԵԱՀԿ Մինսկի համանախագահների այցին, որոնք, ըստ նրա, փոխկապակցւած են։

Տարօն Յովհաննիսեանը նշեց, որ մայիսի 30-ին Ադրբեջանի ՊՆ-ն յայտնեց, թէ առաջնագծում՝ Աղդամի հատւածում սպանւել է ադրբեջանցի զինծառայող, որին իբր թէ հայ դիպուկահարներն են սպանել։ «Սակայն ադրբեջանական ՊՆ հաղորդագրութիւնում նշւած չէր, որ այդ զինծառայողը մայոր է, աւելին՝ գումարտակի հրամանատար։ Սա արդէն իսկ կասկածներ է հարուցում, թէ ինչ գործ ունէր մայորը առաջնագծի հատւածում, որը կարող էր տեսականօրէն խոցւել հայկական դիպուկահարի կրակոցից, եթէ անձամբ իրենք պնդում են, որ ունեն այնպիսի տեսադիտարկման համակարգեր, որոնք առնւազն հրամանատարական ներկայացուցիչներին չեն ստիպում դուրս գալ նայել հայկական կողմ եւ յայտնւել նշանառութեան տակ։ Առաւել եւս գումարտակի հրամանատարն ամենօրեայ ծառայութիւն չի իրականացնում առաջնագծում, դա բազամաթիւ կասկածներ հարուցեց»,- ասաց նա։

Աւելի ուշ, ըստ փորձագէտի, նախկինում Ադրբեջանի ՊՆ-ի հետ կապ ունեցող անձանցից մէկը՝ բլոգեր, լրատւական գործունէութեամբ զբաղւող, յայտնել է, որ այդ մայորը սպանւել է գումարտակային դասերի ժամանակ, որոնք որեւէ կերպ չեն անցկացւում առաջնագծում։ «Այստեղ բազմաթիւ կասկածելի հանգամանքներ կան եւ աւելի շատ հիմքեր կան պնդելու, որ ներսում եղած խնդիրների հետեւանքով է այդ մայորը սպանւել։ Ամէն դէպքում տեղեկութիւն տարածեցին, երբ ԵԱՀԿ համանախագահները Ադրբեջանում էին՝ անմիջապէս մեղադրեցին հայկական կողմին առանց ապացոյցի»,- ասաց նա։ 

Տարօն Յովհաննիսեանը նշեց, որ յաջորդ օրը Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցութեան գործադիր քարտուղարութեան բաժնի պետերից մէկը՝ քաղաքագէտ, պատգամաւոր Այդին Միրզազադէն, բառացի յայտարարեց, որ խնդրում է իրենց դիպուկահարներին առաջնագիծ այցի ժամանակ ՀՀ վարչապետ եւ գլխաւոր հրամանատար Փաշինեանին գնդակահարել կամ սպանել ՀՀ պաշտպանութեան նախարարին:

«Այդ սադրանքը նաեւ վերաճեց ակնյայտ ագրեսիւ յայտարարութեան, իշխող կուսակցութեան պատգամաւորի կողմից: Սա որեւէ տրամաբանութեան մէջ չի տեղաւորւում, երբ պատգամաւորը կոչ է անում սպանել մէկ այլ պետութեան վարչապետին եւ պաշտպանութեան նախարարին»,- ասաց Տարօն Յովհաննիսեան: Նրա խօսքով՝ այս ամէնը ցոյց է տալիս, որ Ադրբեջանը որեւէ կերպ չի փոխել իր սադրիչ գործողութիւները՝ սահմանին վիճակը ապակայունացնելու, լարելու ուղղութեամբ։

Յովհաննիսեանն անդրադարձաւ այսօր Մարտակերտի հատւածում հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայողի սպանւելուն։ «Իրենք գնացին աւելի խորը սադրանքի»,- ասաց նա՝ նկատելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից երբեք հասցէական յայտարարութիւններ չենք լսում։

Փորձագէտը նշեց, որ այս ամէնի հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանն ամէն կերպ խուսափում է հետաքննական մեխանիզմներ տեղակայել առաջնագծում, ինչը կը լինէր չէզոք գործիք՝ իմանալու, թէ ում կրակոցից է խախտւել հրադադարը։

«Չունենք գործիք օբիեկտիւօրէն ցոյց տալու, թէ որ կողմն է իրական սադրանքների գնացողը, սա միայն ձեռնտու է Ադրբեջանին: Իրենք են սադրող, ագրեսոր, իրավիճակը ապակայունացնող կողմը եւ չեն ուզում, որ չէզոք աչքերով այդ ամէնը ֆիքսւի»,- ասաց նա։

Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ սահմանին կայունութիւն հաստատելու հայ-ադրբեջանական պայմանաւորւածութիւնը ձախողւած է, Տարօն Յովհաննիսեանը նշեց, որ պայմանաւորւածութիւնը ձեռք էր բերւել 2018-ի սեպտեմբերի 28-ին Դուշամբէում, ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում, երբ բանակցային գործընթացն իր ձեւաչափով դեռեւս վերականգնւած չէր, ուստի դա ժամանակաւոր բնոյթ էր կրում։ Ըստ փորձագէտի՝ նման պայմանաւորւածութիւնները չեն կարող յաւէրժական լինել. միակ մեխանիզմը փոխվստահութիւնն է, մինչդեռ Ադրբեջանի նախագահին երկար վստահել հնարաւոր չէ։

Ըստ նրա, սակայն, սա չի նշանակում, որ բանակցութիւնների գործընթացը կը դադարեցւի՝ արդէն կան ԱԳՆ-ների մակարդակով պայմանաւորւածութիւններ։ «Բայց շատ ցածր է հաւանականութիւնը, որ կը լինի տեւական խաղաղութիւն եւ առհասարակ սադրանքներ չեն լինի։ Ադրբեջանը երբեք էլ առիթը բաց չի թողնի ժամանակ առ ժամանակ սադրանքների գնալու»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է լայնածաւալ ռազմական գործողութիւններին, ապա նա նշեց, որ կանխատեսումներ անել հնարաւոր չէ:

«Մի բան յստակ է՝ եթէ Ադրբեջանը երբեւիցէ հասկանայ, որ կարճ ժամանակում կը կարողանայ իր տեսակէտից յաջողւած ռազմական գործողութիւններ վարել, չի վարանի դա իրականացնել: Այս պահին այդ վստահութիւնը չունեն, որովհետեւ ապրիլեան պատերազմը ցոյց տւեց, որ այդ մարտավարութիւնը ձախողւում է։ Այսինքն՝ այս պայմաններում մի փոքր բարդ է պատկերացնել, որ 90-ականների նման մի քանի տարի մենք կարող ենք պատերազմել եւ, կոպիտ ասած, դա մեզ կը թոյլատրեն, որովհետեւ դա ձեռնտու չէ ոչ մի միջազգային խաղացողի, որն այստեղ ունի իր շահերը եւ թոյլ չի տայ, որ երկարատեւ պատերազմ լինի»,- ասաց նա։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։