Հա

Քաղաքական

08/06/2019 - 10:10

Արամ Մանուկեանը հայութեան հաւաքական ձգտումների խորհրդանիշն է. նրա հող-մասունքն ամփոփւեց Սարդարապատում

Սարդարապատի հերոսամարտի յուշահամալիրի տարածքում մայիսի 28-ին տեղադրւած` Արամ Մանուկեանի արձանը յուշակոթող-սրբատեղի կարելի է անւանել, որտեղ յունիսի 7-ին ամփոփւեց պետական գործչի, Հայաստանի Հանրապետութեան հիմնադրի հող-մասունքը: Արամ Մանուկեանի 140-ամեակին նւիրւած յուշակոթողի մէջ մասունքը զետեղելու արարողութիւնը կատարւեց Արմաւիրի մարզի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամեանի ձեռամբ:

«alikonline.ir» - Սարդարապատի հերոսամարտի յուշահամալիրի տարածքում մայիսի 28-ին տեղադրւած` Արամ Մանուկեանի արձանը յուշակոթող-սրբատեղի կարելի է անւանել, որտեղ յունիսի 7-ին ամփոփւեց պետական գործչի, Հայաստանի Հանրապետութեան հիմնադրի հող-մասունքը: Արամ Մանուկեանի 140-ամեակին նւիրւած յուշակոթողի մէջ մասունքը զետեղելու արարողութիւնը կատարւեց Արմաւիրի մարզի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամեանի ձեռամբ: Ներկայ էին դաշնակցականներ, ՀՄԸՄ-ականներ ու Մանուկեանի յիշատակին հաւատարիմ հայորդիներ: Գրում է «Yerkir.am»-ը:

Նախքան Առաջին Հանրապետութեան հիմնադրի մասունքը յուշակոթողի մէջ զետեղելը` ելոյթով ու երախտիքի խօսքով հանդէս եկաւ յուշակոթողի մտայղացման հեղինակ ու նախաձեռնող Յակոբ Ջամբազեանը: «20-րդ դարն իր մէջ է խտացրել հայ ժողովրդի երկար պատմութիւնը, որի փառահեղ էջերից մէկն է 1918-ի Մայիսի 28-ը: Այսօր ինձ առիթ է ընձեռւել այդ խորհրդի մասին խօսելու: Ինձ համար պատիւ է լինել մտայղացման հեղինակն այս փառաւոր յուշակոթողի, ինչի համար ուզում եմ իմ խորին շնորհակալութիւնը յայտնել Սարդարապատի Հայոց ազգագրութեան եւ ազատագրական պայքարի պատմութեան ազգային թանգարանի տնօրէն Կարէն Արիստակեսեանին և ՀՀ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանին: Հայոց Ցեղասպանութեան մահասարսուռ օրերից երեք տարիներ անց ո՞վ կարող էր երեւակայել, որ 1918-ի Մայիսի 28-ին հայոց մթագնած երկնակամարի վրայ պիտի ծագեր անկախ պետականութեան արեւը: Յարգա՛նք մեր յեղափոխական սերնդին, նրա յայտնի ու անյայտ բոլոր հերոսներին, որոնք իրենց թանկագին կեանքը զոհաբերեցին հայրենիքի  ազատութեան սրբազան բագինի վրայ, որպէսզի հայ ժողովուրդը հարութիւն առնի մայիսեան արշալոյսով ու ապրի ազատ, անկախ` իր սեփական հողի վրայ»,- ասաց նա:

Ըստ Ջամբազեանի` թէեւ Առաջին Հանրապետութեան անկախութիւնը եղաւ կարճատեւ, սակայն ազատ ու հայավայել ապրելու ոգին միշտ վառ ու անխաթար մնաց հայ ժողովրդի տարասփիւռ հատւածներում ու հայրենիքում: Ընդգծեց` պատահական չէր, որ 1988 թ. փետրւարեան օրերին հայ ժողովուրդը, ականջալուր Արամ Մանուկեանի վաւերական կտակին, քաջութիւն ունեցաւ փշրելու իրեն շղթայած եւ ազատութիւնը բռնաբարած համայնավար բռնակալութեան կապանքները` ստեղծելով Հայաստանի ու Արցախի անկախ հանրապետութիւններ:

Սարդարապատ յուշահամալիրի Հայոց ազգագրութեան եւ ազատագրական պայքարի պատմութեան ազգային թանգարանի տնօրէն Կարէն Արիստակեսեանը ելոյթի սկզբում նշեց, որ յուշակոթողի մէջ ամփոփւում է Արամ Մանուկեանի գերեզմանից, նրա Երեւանի տնից, Վանից եւ Շուշիից բերւած հող-մասունքը՝ ապահովելով Արամ Մանուկեանի ներկայութիւնն ու կենդանի շունչը Սարդարապատի հերոսամարտի յուշահամալիրում՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսների՝ նրա զինակիցների ուեւ գաղափարակիցների հետ:

Արիստակեսեանն էլ իր հերթին շնորհակալութիւն յայտնեց մտայղացման հեղինակին՝ Յակոբ Ջամբազեանին, յուշակոթողի բարերարին՝ Տորոնտոյում Հայաստանի Հանրապետութեան պատւոյ հիւպատոս Վարուժան Լափոեանի, այս մտայղացումն իրականացնելու համար, ՀՀ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանին՝ հանդիսութեանն աջակցութիւն ցուցաբերելու համար:

«Արամ Մանուկեանն իրաւամբ մեր նորագոյն պատմութեան Փոքր Մհերն է, եւ ուզենք, թէ չուզենք, նրա հետ են կապւած լինելու մեր երէկւայ եւ այսօրւայ ազգային մեծ ու փոքր իղձերը եւ երազանքները: Նա անմահ է Փոքր Մհերի պէս: Նա լուսաւորելու է բոլորիս ճանապարհը: Նա անմահ է Փոքր Մհերի պէս, բայց ո´չ` անժառանգ: Ու քանի դեռ նա կայ, մենք «յաջողելու ենք եւ լոյս աշխարհ ենք դուրս գալու», որովհետեւ նա գործ է արել, իսկ մենք յանձն ենք առել շարունակել այդ գործը, որ ղեկավարւում է «Ցեղի Ձայնով ու Ոգով», քանի որ… «հերոսն ինքը ժողովուրդն է», որը «իր սեփական ջանքերով, իր անձնազոհութեամբ պիտի փրկէ իրեն»,- նշեց յուշահամալիրի տնօրէնը` երանի տալով բոլոր նրանց, ովքեր իրենց հոգիներում Արամ Մանուկեան ունեն, մեծանում են իրենց հերոսների հետ ու նրանց փառքը վերածում նոր խոյանքների ու նոր երազների:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Շաղիկ Մարուխեանն էլ ասաց, որ այսօրւայ իրադարձութիւնը եւս իր տրամաբանական բացատրութիւնն ունի` Արամ Մանուկեան անձը հայութեան հաւաքական ձգտումների լաւագոյն խորհրդանիշերից է: «Մարդ եւ հաւաքականութեան մասնիկ, որի համար հայրենիքը մէկն էր՝ անտարանջատելի ու  իր հատւածներով հաւասարարժէք, ինչը վերաբերում է նաեւ այդ բնօրրանի տէրերին: Արամի պայքարը համահայկական էր, Արամը մայրաքաղաքը վերականգնեց նախ պատմական Հայաստանի մայրաքաղաք Վանում  եւ այդ կործանւած փորձից յետոյ`  երկրորդ անգամ, այն վերածնեց Արեւելահայաստանի տարածքում: Արամն  իր ընդգրկուն ու հսկայածաւալ առաքելութիւնն իրականացրեց`  գործակիցներ ունենալով թէ՛ իր գաղափարակից ընկերներին, թէ՛ բոլոր այն հայորդիներին, որոնց ուսերն ունակ էին կրելու տւեալ պատասխանատւութեան բեռը: Այսօր`հարիւր տարի անց, Արամի եւ նրա ժամանակի այս դասերն առաւել քան այժմէական են մեզ համար, որպէսզի թոյլ չտանք աններելի սխալներ: Որպէսզի պատմականօրէն ճակատագրական հանգրւանում ունակ լինենք համախմբելու ազգային ամբողջ ներուժը եւ համազգային  ճիգով յաղթահարելու այսօրւայ ու վաղւայ մարտահրաւէրները»,- ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը:

Նա յիշեցրեց` 1919-ին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 9-րդ ժողովի կողմից որդեգրւած  Անկախ եւ Միացեալ Հայաստանի կերտման ծրագրի վերջնանպատակն այսօր էլ ամրագրւած է ազգային կուսակցութեան  կարեւորագոյն փաստաթղթերում: «Այս խորհրդանշական վայրում արժէ, որ Սարդարապատի մեր հերոսների, Հայաստանի հիմնադրի յուշարձանի առջեւ մենք եւս մէկ անգամ հաւաստենք մեր հաւատարմութիւնը  հայութեան անանց արժէքներին եւ երազանքներին: Փառք ու պատիւ պայքարի մէջ սրբագործւած եւ պայքարի ունակ մեր բոլոր սերունդներին, մեր բոլոր հերոսներին»,- ելոյթն աւարտեց Շաղիկ Մարուխեանը:

Զինւորական համազարկով ու հոգեւորականների իրականացրած յատուկ կարգով Արամ Մանուկեանի հող-մասունքը զետեղւեց նրա յուշակոթողի մէջ` յաւերժելով Հայաստանի Հանրապետութեան հիմնադրի ներկայութիւնը Սարդարապատի վեհ բարձունքում:

Յարակից լուրեր

  • Մեր պարտքերը չեն փակուած
    Մեր պարտքերը չեն փակուած

    Հոգեկան մեծ գոհունակութեամբ հետեւեցայ Սարդարապատի յուշահամալիրի տարածքէն ներս Արամ Մանուկեանի յուշակոթողի կերտման սրտառուչ գործընթացին։ Կարեւոր հանգրուա՛ն մը, արդարեւ, Արամ Մանուկեանի ազգային ինքնագիտակցութեան պատգամը սերունդներու երթին յանձնելու եւ մեր Հիմնադիր Հօր ոգեկան ներկայութիւնը խարսխելու մերօրեայ կեանքի պահանջկոտ մարտադաշտերէն ներս։

  • Սարդարապատում քո շունչն ինչի՞ց է կտրւում
    Սարդարապատում քո շունչն ինչի՞ց է կտրւում

    Երբեք չէի կարող մտածել, որ օրերից մի օր ինքս ինձ հարց կուղղեմ` ո՞ւր ենք գնում: Սարդարապատի բարձունքում եղանակն էլ համահունչ էր օրւայ խորհրդին` տoթ, բայց` ամպոտ, հեղձուցիչ` շունչդ կտրւելու ու այդ պահին քեզ հետ մտորելու չափ: Իսկ Հայաստանի Հանրապետութեան հիմնադրի յուշակոթողի մէջ հող-մասունքի զետեղման արարողութեան ժամանակ խեղդւում էիր ոչ թէ բազմութեան առատութեանից ու անձկութիւնից՝ այլ արմատը կորցնելու գիտակցումը կոկորդիդ թողնելով:

  • Բացւել է Արամ Մանուկեանի ծննդեան 140-ամեակին նւիրւած յուշակոթողը
    Բացւել է Արամ Մանուկեանի ծննդեան 140-ամեակին նւիրւած յուշակոթողը

    Սարդարապատի յուշահամալիրում երէկ, Մայիսի 28-ին հանդիսաւոր արարողութեամբ բացւել է Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիր, պետական եւ քաղաքական նշանաւոր գործիչ Արամ Մանուկեանի ծննդեան 140-ամեակին նւիրւած յուշակոթող:

  • Այսօր Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի ծննդեան 140-ամեակն է
    Այսօր Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի ծննդեան 140-ամեակն է

     

    1879 թ. մարտի 19-ին ազատ, հպարտ ու անպարտ Արցախի Շուշի քաղաքում ծնւեց Արամ Մանուկեանը (ծննդեան անւամբ Սարգիս Յարութիւնի Յովհաննիսեան)՝ մի մարդ, ով իրականութիւն էր դարձնելու անկախ պետականութեան վերականգնման հայ ժողովրդի բազմադարեան իղձը՝ հիմք դնելով Հայաստանի Առաջին Հանրապետութեանը:

  • Նա մեկնել է այս աշխարհից` իր հիմնական գործը կատարած
    Նա մեկնել է այս աշխարհից` իր հիմնական գործը կատարած

    Արամ Մանուկեանի մահւան 100-րդ տարելիցը հոգու կանչով նրա շիրիմի մօտ էր բերել ոչ միայն ՀՅԴ անդամների, այլեւ պետական անւանի գործչի յիշատակը գնահատող բազմաթիւ հայորդիների: Նրանք եւ մեր ժողովուրդը աւելի քան մէկ դար է, ինչ դասեր են քաղում Արամ Մանուկեան պետական գործչի եւ պարզապէս օրինակելի ու հայրենասէր մարդու ապրած կեանքից:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։