Հա

Քաղաքական

08/06/2019 - 11:00

«Թող Շուշիի, Քարվաճառի, Մարտակերտի ազատագրման գործողութիւնները քննող յանձնաժողով էլ ստեղծեն»

«Իւրաքանչիւր երկրի առաջնագիծն առաւել ամուր է լինում, երբ թիկունքն ապահով, ուժեղ է։ Ի՞նչ վիճակում է այսօր Հայաստանի ներքին կեանքը. պառակտւած հասարակութիւն, հայաստանցի-արցախցի ջրբաժան, տնտեսական անմխիթար վիճակ, կառավարման կաթւածահար համակարգ։ Այսպիսի վիճակում գտնւող պետութեան սահմանները կարո՞ղ են անւտանգ լինել։

«alikonline.ir» - «Իւրաքանչիւր երկրի առաջնագիծն առաւել ամուր է լինում, երբ թիկունքն ապահով, ուժեղ է։ Ի՞նչ վիճակում է այսօր Հայաստանի ներքին կեանքը. պառակտւած հասարակութիւն, հայաստանցի-արցախցի ջրբաժան, տնտեսական անմխիթար վիճակ, կառավարման կաթւածահար համակարգ։ Այսպիսի վիճակում գտնւող պետութեան սահմանները կարո՞ղ են անւտանգ լինել։ Քաղաքական, պետական գործիչ Դաւիթ Շահնազարեանն այսօր հայկական երկու պետականութիւնների միայն թուլացման քայլեր է տեսնում, որոնք, ըստ նրա, վտանգաւոր զարգացումների են բերելու։ Այս համատեքստում տեղին է յիշեցնել նաեւ, թէ նախօրէին ինչպիսի յայտարարութիւն արեց Նիկոլ Փաշինեանը, որն ուղիղ հաստատում է նաեւ մեր զրուցակցի մտահոգութիւնները։ Անդրադառնալով նախկինում յայտարարած իր այն մտքին, թէ կան դաւադիր ուժեր, Փաշինեանն ասաց. «Դա աննախադէպ երեւոյթ է եղել, երբ որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեան եւ Հայաստանի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեան հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել եւ ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերեալ իմ տեսլականը եւ հետաքրքրւել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ համաձայն  են, թէ համաձայն չեն։ Պարզւել է, որ բոլորը համաձայն են դրա հետ, եւ երբ որ դրանից յետոյ էդ սեղանի շուրջ ներկայ մարդիկ հրահրում են տակից եւ ասում են, որ այս կառավարութիւնը հողեր է ծախում, ինձ մօտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ նստել, խօսել եմ գաղտնիութեան պայմաններում, թէ ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով մենք պէտք է գնանք առաջ, եթէ էդ մարդը դուրս է գալիս եւ իր օգնականին ասում է՝ «գնա «Ֆէյսբուք»-ում գրի, որ Փաշինեանը հողերը ծախում ա», ինչի՞ համար է ինքը դա անում, ինքը գիտի 100 տոկոսով, թէ ինչ է կատարւում, ընդ որում, երբ որ Հայաստանի իշխանութեան ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղեակ պահել, թէ ինչ է կատարւում, ինչ են մտածում եւ ինչ են ուզում ասել»։ (Ի դէպ, Բակօ Սահակեանի պատասխանը չուշացաւ)։ Հայաստանի ներքին եւ արտաքին խնդիրների շուրջ զրուցում ենք պարոն Շահնազարեանի հետ։

 

- Ադրբեջանն այսօր իր չունեցածն է փորձում առաջ մղել, մինչդեռ մենք մեր իրական արժէքները ոչնչացնում ենք։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցութեան սեղանի շուրջն է նստում «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվւածի ներկայացուցիչը, իսկ մենք դեռ յայտարարութիւնների մակարդակում մշտապէս խօսում ենք Արցախը բանակցային կողմ դարձնելու մասին։ Ինչի՞ կը յանգեցնի այս քաղաքականութիւնը։

- Փաշինեանի` Արցախեան հակամարտութեան շուրջ վարւող քաղաքականութեան մասին բազմիցս եմ խօսել։ Իշխանութեան գալու առաջին իսկ շաբաթներից այդ քաղաքականութիւնը չի սպասարկել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի շահերը եւ այն ամբողջովին համընկնում է Ադրբեջանի նպատակներին։ Նախ «ԼՂ ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներն առաջին անգամ չէին հանդիպում համանախագահների հետ, դա պարբերաբար եղել է։ Սակայն տարածաշրջանային վերջին այցից յետոյ նրանց յայտարարութիւնում հաւասարութեան նշան դրւեց, ինչպ՝ս համանախագահներն են նշել, «ԼՂ-ի de facto իշխանութիւնների» եւ «ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների» միջեւ։ Սա Փաշինեանի քաղաքականութեան հերթական, խիստ բացասական հետեւանքն է: Այս համատեքստում պէտք է յիշել Փաշինեանի այն յայտարարութիւնը, թէ Արցախում դաւադիր ուժեր կան, որոնք ցանկանում են պատերազմ հրահրել եւ տարածքներ յանձնել։ Սա Հայաստանի եւ Արցախի անվտանգութեանը ծանր հարւած է եւ այստեղ տեսնում եմ քրէական պատասխանատվւութեան տարրեր։ Նւէրներն Ալիեւին շարունակւում են։ Հայաստանում քծնանքի այս աստիճանի բարձր մակարդակ երբեք չի եղել։ Քրէական պատասխանատւութեան նշածս տարրերը տարածւելու են նաեւ այն ծափահարողների վրայ, որոնք հասկանում են այն ահռելի վտանգները, որոնք Փաշինեանը հասցրել է Արցախին, բայց շարունակում են քծնել։

 

- Փաշինեանի այսպիսի քաղաքականութեան նպատակը ո՞րն է։

- Ոչ միայն, այսպէս կոչւած, յեղափոխութիւնն արտահանելու Արցախ, թուլացնելու հայկական երկրորդ պետութիւնը, այլեւ զինւած ուժերը թուլացնելու։ Դրա վառ ապացոյցն է նաեւ ԱԺ-ում 2016-ի ապրիլեան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ յանձնաժողովի ստեղծումը։

 

- Ինչո՞վ է վտանգաւոր այդ յանձնաժողովը։

- Եթէ դա լիներ միջգերատեսչական յանձնաժողով, որտեղ լինեին զօրահրամանատարներ, ռազմական գործի մասնագէտներ, կարելի էր հասկանալ։ Բայց այս յանձնաժողովը քաղաքական մարմին է, որտեղ որեւէ մասնագէտ չկայ։ Սա ոչ միայն Արցախին, այլեւ զինւած ուժերին մեծ վնաս է հասցնելու։ Չեմ զարմանայ, որ այս յանձնաժողովը, ի վերջոյ, նոյնիսկ եզրակացութիւն անի, որ ոչ թէ Ադրբեջանը, այլ Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակն է 2016-ի ապրիլին նախայարձակ եղել՝ հրահրելով պատերազմ։

 

- Ասել է` այս յանձնաժողովի անաչառութեանը լրջօրէն կասկածում էք։

- Այդ յանձնաժողովն ամբողջութեամբ քաղաքական, կուսակցական մարմին է։ Սա ցանկացած երկրում խայտառակութիւն կը լինէր։ Խորհրդարանն ընդհանրապէս չպէտք է խառնւի զինւած ուժերի խնդիրներին եւ գործողութիւններին։ Սա ուղղակիօրէն հարւածելու, վարկաբեկելու է զինւած ուժերը, ինչով զբաղւած է այս իշխանութիւնն իր կառավարման առաջին իսկ օրից։ Իսկ ինչո՞ւ յանձնաժողով չի ստեղծւում, որը պարզի, թէ այս մէկ տարւայ ընթացքում Նախիջեւանի հատվւածում քանի հազար հեկտարի վրայ է Ադրբեջանը լրացուցիչ վերահսկողութիւն սահմանել։ Մի քանի անգամ շատ տարածքների մասին է խօսքը, քան այն 800 հեկտարը, որը թմբկահարում են։ (Յիշեցնենք, որ դեռ նախորդ տարեվերջին Դաւիթ Շահնազարեանը յայտարարել էր. «Առաջինը՝ չէզոք գօտի չկյա, սահման չկայ, կայ միջդիրքային տարածք, այդ միջդիրքային տարածքը սկսած մայիս ամսից էապէս կրճատւել է: Արդէն սեպտեմբեր ամսին Ադրբեջանի՝ Նախիջեւանում տեղակայւած զինւած ուժերը իրենց վերահսկողութեան տակ գտնւող տարածքները մեծացրել են մի քանի անգամ աւելի շատ, քան այն 800 հա.-ն է, որի մասին բազմիցս խօսւել է 2016-ի քառօրեայ պատերազմից յետոյ: Ի՞նչ է տեղի ունեցել Դուշանբէի հանդիպումից յետոյ. այդ դիրքերը, որոնք առաջ էին տրւել, սեպտեմբերի 27-ից յետոյ ապահովւել են արդէն ճանապարհներով, որոնք ապահովելու են Ադրբեջանի այդ դիրքերի կենսունակութիւնը: Ահա թէ ինչի համար էին պէտք Դուշանբէի, այսպես կոչւած, «պայմանաւորւածութիւնները»: Այնտեղ արդէն ամբողջովին ճանապարհներ են կառուցւել, տեխնիկա է աշխատել, չեմ խօսում այն մասին, որ գնդակոծւել են թէ՛ Զանգակատան, թէ՛ Արենի գիւղերին պատկանող տարածքները: Առաջ այդպիսի բաներ չկային, չեն եղել»:- Ռ.Խ.) Ապրիլեան պատերազմն իրականում Արցախի պաշտպանութեան բանակի հերոսական էջերից մէկն է, որն այսօր ամբողջութեամբ փորձում են վարկաբեկել։ Թող Շուշիի, Քարվաճառի, Մարտակերտի ազատագրման գործողութիւններն էլ քննող յանձնաժողով ստեղծեն, տեսնենք՝ ի՞նչ կը բացայայտեն»:

 

«Իրատես»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։