Հա

Քաղաքական

10/06/2019 - 11:30

Փաշինեանի «նշանառութեան տակ». ՀՀ վարչապետին գործընկեր է պէտք Արցախի նախագահի պաշտօնում

Հայաստանի իշխանութիւնն Արցախի նախընտրական քարոզարշաւի ընթացքում կարծես թէ խաղադրոյք է արել թեկնածուներից մէկի վրայ, այդուհանդերձ նրան դժւար է գաղափարական գործընկեր համարել։

«alikonline.ir» - Թէեւ Հայաստանի իշխանութիւնն Արցախի նախընտրական քարոզարշաւի ընթացքում կարծես թէ խաղադրոյք է արել թեկնածուներից մէկի վրայ, այդուհանդերձ նրան դժւար է գաղափարական գործընկեր համարել։

Երեւանի ու Ստեփանակերտի յարաբերութիւններում նկատւող լարւածութիւնը կապւած է Արցախում կայանալիք ընտրութեան հետ։ «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում այս կարծիքը յայտնեց քաղաքագէտ Երւանդ Բոզոյեանը։

«Բնականաբար, իշխանութեան գալուց յետոյ Փաշինեանը փորձեց այդ իշխանութիւնը տարածել նաեւ այլ ճիւղերի վրայ։ Ընտրութիւններից յետոյ նա Ազգային ժողովում մեծամասնութիւն ստացաւ, հիմա էլ փորձում է հսկողութեան տակ առնել նաեւ դատական համակարգը»,- նշեց Բոզոյեանը։

Նրա խօսքով` Արցախն անքակտելիօրէն կապւած է Հայաստանի հետ, ու Փաշինեանի համար անընդունելի է, որ ղեկավարը լինի մէկը, ով իր «գործընկերը» չէ։

Բոզոյեանի կարծիքով` դժւար է ասել` ինչի կը յանգեցնի Երեւանի ու Ստեփանակերտի միջեւ զգացւող լարւածութիւնը։ Բանն այն է, որ Արցախի քաղաքական ուժերը, որոնք պայքարում են միմեանց միջեւ, ոչ մի «օրգանական կապ» չունեն Փաշինեանի հետ։

Շատերն ասում են, որ Արայիկ Յարութիւնեանը (Արցախի նախկին վարչապետ) «Փաշինեանի մարդն» է, բայց նրա բացասական վարկանիշն Արցախում բաւականին բարձր է` հաշւի առնելով նրա բիզնես կապերն ու գործունէութիւնը։

«Փաշինեանը, ուղիղ կողմնակից չունենալով, փորձում է դաշտ բացել նրա համար` նշանառութեան տակ առնելով Յարութիւնեանի հնարաւոր մրցակիցներին»,- նշեց Բոզոյեանը։

Նրա խօսքով` դժւար է այլ տրամաբանութիւն գտնել։ Պետական շահերը պէտք է վեր լինեն անձնական կամ «դասային» շահերից։

«Սա յետյեղափոխական սինդրոմ է, երբ մարդն իր անձնական շահերը պետականից վեր է դասում»,- ասաց Բոզոյեանը` նշելով, որ դա նաեւ լուրջ վտանգ ունի, քանի որ եթէ գործընթացը խորանայ, ապա հետեւանքները կարող են շատ ցաւալի լինեն։

Յունիսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարել էր, որ մինչ իր իշխանութեան գալը Արցախի ղեկավարութիւնն անտեղեակ էր` ինչ է քննարկւում բանակցութիւնների սեղանի շուրջ ու ծանօթ չէր հակամարտութեան կարգաւորման փաստաթղթերին։ Վարչապետը վստահեցրել էր, որ հէնց ինքն է փաստաթղթերի փաթեթը փոխանցել արցախեան իշխանութեանը։

Արցախի նախագահ Բակօ Սահակեանը պատասխանել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութեանը: «Արցախպրես» լրատւական գործակալութեանը տւած հարցազրոյցում նա ասել էր, որ նախկինում եւս Ադրբեջանի հետ բանակցութիւններից առաջ ու դրանցից յետոյ Հայաստանի իշխանութիւններն Արցախի ղեկավարութեանը տեղեակ են պահել քննարկւող հարցերի ու վերջին զարգացումների մասին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։