Հա

Քաղաքական

10/06/2019 - 14:10

Հայաստանի եւ Ռուսաստանի վրայ ճնշում գործադրելու փորձ է. քաղաքագէտը՝ զօրավարժութիւնների մասին

Ռազմական գործողութիւնները վերսկսւելու հաւանականութիւնը միշտ առկայ է, սակայն Ադրբեջանի համար հետեւանքները չափազանց ծանր կը լինեն։

«alikonline.ir» - Ռազմական գործողութիւնները վերսկսւելու հաւանականութիւնը միշտ առկայ է, սակայն Ադրբեջանի համար հետեւանքները չափազանց ծանր կը լինեն։

Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից համատեղ զօրավարժութիւններ անցկացնելը ճնշում գործադրելու փորձ է Մոսկւայի եւ Երեւանի վրայ։ «Sputnik» Արմենիայի հետ հարցազրոյցում նման կարծիք յայտնեց ռազմական փորձագէտ Դաւիթ Յարութիւնովը։

Մարտավարական նշանակութեան «Անխախտելի եղբայրութիւն 2019» թուրք-ադրբեջանական զօրավարժութիւններն ընթանում են յունիսի 7-11-ը Նախիջեւանում։ Միջազգային կազմակերպութիւնները զօրավարժութիւններ անցկացնելու մասին նախնական ծանուցում չեն ստացել։

«Թուրքիայի եւ Ադրբեջանի ակտիւ համագործակցութիւնը Հայաստանի սահմանի մօտ իրենից որոշակի վտանգ է ներկայացնում ռազմական անվտանգութեան տեսանկիւնից»,- ասաց Յարութիւնովը։

Նրա խօսքով՝ Թուրքիան երկար տարիներ այսպէս թէ այնպէս պահպանում է ռազմական ներկայութիւնը Նախիջեւանում։ Հնարաւոր է, որ այդ ներկայութիւնն ընդլայնւում է։

Բնականաբար, Թուրքիայի հետ զօրավարժութիւններն ուղղւած են Ադրբեջանի ԶՈՒ զարգացմանը։ Դա համատեղ աշխատանքի ուղղութիւններից է։ Միւս կողմից, ընտ փորձագէտի, զօրավարժութիւնները ճնշում գործադրելու ընդունւած ձեւաչափ են։

«Տւեալ դէպքում Հայաստանի վրայ ճնշում է գործադրւում Արցախի հարցում, ինչպէս նաեւ մասամբ Ռուսաստանի վրայ` Սիրիայի հարցում։ Իդլիբ նահանգում Մոսկւան աջակցում է սիրիական բանակի գործողութիւններին, իսկ Թուրքիան՝ տեղի գրոհայինների»,- ասաց Յարութիւնովը։

Նրա խօսքով՝ Հայաստանում քննարկւում է ակտիւ ռազմական գործողութիւններ սկսելու հնարաւորութիւնը՝ հաշւի առնելով Նախիջեւանի` Երեւանին մօտ գտնւելը։ Պատերազմի վերսկսման վտանգ միշտ կայ, բայց այս դէպքում հետեւանքներն այլ կը լինեն։

Նրա խօսքով՝ ՀՀ տարածքի դէմ գործողութիւնները կը յանգեցնեն լուրջ խնդիրների, այդ թւում՝ ռուսական զօրքերի միջամտութեան։ Բացասական հետեւանքներն աւելի շատ կը լինեն, քան դրական։

Աւելի վաղ տեղեկութիւններ են ստացւել, որ Ռուսաստանը եւ Թուրքիան չեն կարողացել պայմանաւորւել Իդլիբում ստեղծւած իրավիճակի հարցում, եւ սիրիական զօրքերը ՌԴ ռազմատիեզերական ուժերի աջակցութեամբ մայիսի վերջին շարունակել են նահանգը գրոհայիններից ազատագրելու գործողութիւնը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։