Հա

Քաղաքական

10/06/2019 - 14:50

«Այլեւս չկայ էյֆորիա, հին գործիքակազմը չի աշխատում, հասարակութեան մէջ դոմինանտ են դառնում սոցիալ-տնտեսական բնոյթի հարցերը». վերլուծաբանը՝ Աբովեանում եւ այլ տեղերում ՔՊ-ի պարտութեան մասին

Երէկ Աբովեանում տեղի են ունեցել քաղաքապետի ընտրութիւններ, որի արդիւնքներով յաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գէորգեանը: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան (ՔՊ) թեկնածու Գրիգոր Գուլեանին յաղթել է 409 ձայնով: Ընտրութիւններում Վահագն Գէորգեանը հաւաքել է 8441 ձայն, իսկ Գրիգոր Գուլեանը՝ 8032 ձայն:

«alikonline.ir» - Երէկ Աբովեանում տեղի են ունեցել քաղաքապետի ընտրութիւններ, որի արդիւնքներով յաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գէորգեանը: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան (ՔՊ) թեկնածու Գրիգոր Գուլեանին յաղթել է 409 ձայնով: Ընտրութիւններում Վահագն Գէորգեանը հաւաքել է 8441 ձայն, իսկ Գրիգոր Գուլեանը՝ 8032 ձայն: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Յիշեցնենք, որ Աբովեանի քաղաքապետի թեկնածուները 5-ն էին՝ գործող համայնքապետ, անկուսակցական Վահագն Գէորգեանը, անկուսակցական թեկնածուներ Սասուն Գրիգորեանը, Արթուր Ղազարեանը, Մանուկ Մկրտչեանը եւ ՔՊ անդամ Գրիգոր Գուլեանը։

Քաղաքական վերլուծաբան Վիգէն Յակոբեանի համար Աբովեանում քաղաքապետի ընտրութիւնների ելքը կանխատեսելի  էր, քանի որ, ըստ նրա, իշխանութեան համար Աբովեանը դեռ բարդ «զոնա» է: 

«Աբովեանը քաղաք է, որտեղ Գագիկ Ծառուկեանի անձնական ռէյտինգը բաւականին բարձր է հասկանալի պատճառներով: Դա տարիների աշխատանք է, որը հէնց այնպէս չէր մոռացւելու: Երկրորդ՝ ի տարբերութիւն դեկտեմբեր ամսի, հիմա  էյֆորիա գոյութիւն չունի: Երրորդ՝ պէտք է հաշւի առնել, որ դա տեղական ինքնակառավարման մարմնի ընտրութիւններ են, որի ժամանակ այլ տրամաբանութիւն է աշխատում, այսինքն՝ կարեւոր է` մարդուն անձամբ ճանաչո՞ւմ են, թէ՞ ոչ, ի՞նչ շրջապատ, ի՞նչ կապեր կան: Եւ այս տեսակէտից ՔՊ-ի թեկնածուն թոյլ էր եւ զիջում էր գործող քաղաքապետին: Իհարկէ, լուրջ պայքար է գնացել` ընդամենը 409 ձայնի տարբերութիւն էր: Ես կարծում էի, որ գործող քաղաքապետն աւելի մեծ առաւելութեամբ կը յաղթի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց վերլուծաբանը:

Նա նշեց, որ իշխանութեան կողմից սխալ էր Աբովեանի քաղաքապետի ընտրութիւններին ճակատամարտի կարգավիճակ տալը, երբ անգամ Նիկոլ Փաշինեանը քայլերթի ձեւով դրան մասնակցեց: «Քայլերթն ասոցացւում էր յաջողութիւն բերած գործիքակազմի հետ, որը կիրառւեց նախորդ իշխանութիւնների դէմ պայքարում: Սա հերթական ահազանգն էր իշխանութեանը, որ հին գործիքակազմերն այլեւս չեն աշխատում: Դատարանների շրջափակման ակցիան եւս ցոյց տւեց, որ անհասկանալի կարգախօսներին, կոչերին, ոչ յստակ օրակարգին հասարակութիւնն այլեւս չի արձագանքում: Իշխանութիւնը սրանից քաղաքական լուրջ եզրակացութիւն պիտի անի»,- շեշտեց Վիգէն Յակոբեանը:

Ըստ նրա՝ երբ այլեւս չկայ էյֆորիա, հասարակութեան մէջ դոմինանտ են դառնում սոցիալ-տնտեսական բնոյթի հարցերը, այսինքն՝ երբ մարդիկ իրենց մաշկի վրայ չեն զգում շօշափելի արդիւնքներ, սկսում են այլ կատեգորիաներով մտածել, ոչ թէ քաղաքական դրդապատճառներից ելնելով, թէ ում վրայ ինչ բրենդ է խփած՝ ՔՊ, թէ` «Ադեկւադ», այլ, թէ՝ այս մարդն ինչ-որ բան արե՞լ է, թէ՞ ոչ, նրան գիտե՞մ, թէ ոչ, յոյս կարո՞ղ եմ ունենալ, թէ՞ ոչ:

«Հիմա հետաքրքրութիւնները փոխւել են. մէկ տարի առաջ մի օրակարգ էր, հիմա՝ այլ: Անգամ դատավարութիւններն էմոցոնիալ մեծ էֆեկտներ չեն տալիս: Մարդիկ յոգնում են անկայունութիւնից: Անընդհատ քաղաքականացւած հասարակութիւն չի լինում, երբ 70-80 տոկոսը զբաղւում է քաղաքական հարցերով: Իշխանութիւնները, երբ ընդդիմութիւն էին, ասում էին, որ տնտեսական թւերը ոչինչ չեն տալիս, քանի որ ներառական ազդեցութիւն չունեն, որովհետեւ կապիտալը, որը ստեղծւում է, հոսում է մի ուղղութեամբ, հիմա մօտաւորապէս նոյն պատկերն է, եւ եթէ անգամ կայ այդ տնտեսական ակտիւութիւնը, մարդիկ իրենց վրայ չեն զգում դա: Եւ երէկւայ Աբովեանի քաղաքապետի, առհասարակ` վերջին ՏԻՄ ընտրութիւնները ցոյց տւեցին, որ մարդիկ սկսել են վերադառնալ գնահատման հին չափորոշիչներին»,- ընդգծեց վերլուծաբանը:

Վիգէն Յակոբեանը համոզւած է՝ երբ պետութեան մասշտաբով ձեւաւորւի այլընտրանք ունենալու պահանջարկ, կը լինի նաեւ առաջարկ: «Քանի դեռ այսօրւայ իշխանութեան այլընտրանքը նախորդ ռեժիմից է, դա ուժեղացնում է Փաշինեանին, նա դրա վրայ հմուտ խաղում է դեռ: Բայց հէնց նոր այլընտրանք յայտնւի, իրական քաղաքական լուրջ պայքար կը սկսւի արդէն համապետական մասշտաբով: Կարծում եմ՝ իշխանութիւնը դա զգում է»,- ամփոփեց վերլուծաբանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։