Հա

Քաղաքական

11/06/2019 - 12:00

Սատանան Մադրիդեան սկզբունքներո՞ւմ է. ինչի՞ մասին են վիճում Երեւանն ու Ստեփանակերտը

Փաշինեանը ներկայացրեց հակամարտութեան կարգաւորման իր տեսլականը, բայց սպասելի է, որ հայկական երկրորդ կողմն այլ մօտեցումներ ունի։

«alikonline.ir» - Փաշինեանը ներկայացրեց հակամարտութեան կարգաւորման իր տեսլականը, բայց սպասելի է, որ հայկական երկրորդ կողմն այլ մօտեցումներ ունի։

Հայաստանի եւ Արցախի իշխանութիւնների միջեւ հակասութիւնների պատճառը թաքնւած է հակամարտութեան լուծման մօտեցումներում։ «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց քաղտեխնոլոգ Վիգէն Յակոբեանը։

Յունիսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ մինչեւ իր` իշխանութեան գալը Արցախի ղեկավարութիւնը պատկերացում չունէր, ինչ է քննարկւում բանակցային սեղանի շուրջ, եւ ծանօթ չէր հակամարտութեան կարգաւորման փաստաթղթերին։ ՀՀ վարչապետի վստահեցմամբ, հէնց նա էր փոխանցել Արցախի իշխանութիւններին փաստաթղթերի բանակցային փաթեթը։

Յակոբեանի խօսքով` Փաշինեանի յայտարարութեան մէջ պէտք է ուշադրութիւն դարձնել նրան, որ նա Ստեփանակերտին ներկայացրեց իր հայեցակարգը, արցախեան հակամարտութեան լուծման իր տեսլականը, այլ ոչ թէ նրան, ինչի շուրջ հանրութեան շրջանում աղմուկ բարձրացաւ։ Սակայն ռազմաքաղաքական ղեկավարութիւնը, Արցախի էլիտան այդքան էլ համաձայն չեն նրա մօտեցումների հետ։

«Ցոյց է տւել Փաշինեանը բանակցային փաթեթը, թէ՝ ոչ, դա տեխնիկական հարց է։ Թէեւ ընդհանուր առմամբ Երեւանի եւ Ստեփանակերտի` կարգաւորման հետ կապւած թեզիսները համընկնում են, ինչի մասին բազմիցս բարձրաձայնւել է հանրօրէն, բայց որոշակի հակասութիւններ էլ կան։ Կարելի է ենթադրել, որ դրանք թաքնւած են ԵԱՀԿ ՄԽ առաջարկած կարգաւորման ծրագրերի (Մադրիդեան սկզբունքներ) դետալներում»,- ասաց Յակոբեանը։

Մասնաւորապէս, չի բացառւում, որ հակասութիւնները գործողութիւնների ժամանակագրութեան, ներկայացւած սկզբունքների մէջ են, որոնք քաղտեխնոլոգի կարծիքով, այդքան էլ չեն բխում հայկական կողմի շահերից։

Այդ դէպքում հասկանալի են Արցախի ռազմաքաղաքական էլիտայի (կամ նրա մի մասի) եւ Հայաստանի իշխանութիւնների տարաձայնութիւնները։

«Կարգաւորման հայեցակարգի շուրջ նման հակասութեան հնարաւորութիւնը աւելի շատ է մտահոգում, քան եթէ ամէն ինչ սահմանափակւէր Երեւանի եւ Ստեփանակերտի իշխանական թիմերի լարւածութեամբ»,- ասաց Յակոբեանը` նշելով հանրութեան մէջ առկայ վստահութիւնն առ այն, որ խնդիրը բացառապէս երկրորդ կէտն է։

Քաղտեխնոլոգը ուշադրութիւն է հրաւիրում այն հանգամանքին, որ Բակօ Սահակեանը բաւականին զուսպ քաղաքական գործիչ է։ Այնուամենայնիւ, նրա արագ, թէեւ զգոյշ արձագանքը, խօսում է այն մասին, որ նա ցանկանում էր կանխել լարւածութեան հետագայ ընթացքը, խուսափել անհիմն ենթադրութիւններից եւ բամբասանքներից։

«Սահակեանի ամենակարեւոր մեսիջը. եթէ կան հարցեր, որոնք քննարկել է պէտք, ապա աւելի լաւ է խօսել ԶԼՄ-ների միջոցով առանց դժգոհութիւնների։ Սա կարեւոր մեսիջ է, որը պէտք է ընդունեն Երեւանում»,- նշեց Յակոբեանը։

Նա կարծում է, որ առաջիկայում Ստեփանակերտից նոր` այդ թւում հրապարակային մեսիջներ կը լինեն։

Յակոբեանը հարցը համազգային է անւանում, ստեղծւած իրավիճակն էլ յղի է բացասական հետեւանքներով։ Նման կոնֆիգուրացիա ստեղծւել էր միայն Լեւոն Տէր-Պետրոսեանի ժամանակներում, երբ նա ճնշման օգնութեամբ հասաւ իշխանափոխութեան (Ռոբերտ Քոչարեանի, Սերժ Սարգսեանի իշխանութեան գալուն) Արցախում։

«Պատմութիւնն իր պարադոքսներն ունի եւ ճակատագրի հեգնանքը»,- նշեց քաղտեխնոլոգը։

Այժմ, նրա կարծիքով, կարեւոր է, որպէսզի գործընթացը չձգձգւի եւ կողմերը կարողանան ընդհանուր լեզու գտնել սեղմ ժամկէտներում։

Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ միջնորդի դեր, ըստ Յակոբեանի, կարող են խաղալ, օրինակ, հոգեւոր առաջնորդները։

Ինչ վերաբերում է այն կարծիքներին, որ Փաշինեանը Արցախի ղեկավարութեան վրայ ճնշում գործադրելով փորձում է մաքրել ճանապարհը Արցախի նախկին վարչապետ Արայիկ Յարութիւնեանի համար` ԼՂՀ առաջիկայ նախագահական ընտրութիւններում, ապա եթէ դա իսկապէս այդպէս է, տեղի բնակչութեան մի մասի մօտ դա հակառակ արձագանքը կառաջացնի, համոզւած է Յակոբեանը։

«Հասկանալի է, որ Արցախում նոյնպէս նախընտրական տրամադրութիւններ են, յայտարարութիւններ են հնչում, որոնք, առնւազն կորեկտ չեն։ Դա պէտք է կանխել»,- նշեց Յակոբեանը։

Երկխօսութիւնը պէտք է վարել փոխադարձ յարգանքի հիման վրայ` հաշւի առնելով ռազմական վտանգն Արցախում։ Ստեղծւած իրավիճակը ձեռնտու է բոլորին, բացի Երեւանից եւ Ստեփանակերտից, իսկ առաջացած ճեղքերը փորձում են լցնել արտաքին ուժերը։

Սա եւս մէկ անգամ ապացուցում է բանակցութիւնների սեղան Արցախի վերադարձի անհրաժեշտութիւնը, քանի որ Երեւանը հաշւի առնելով ակնյայտ տարաձայնութիւնները, չի կարող ներկայացնել Ստեփանակերտը՝ բոլոր հարցերով եւ մանրամասներով։

«Միջազգային հանրութեան, հարցի լուծման մէջ շահագրգիռ ուժերի համար ներկայիս իրավիճակը եւս մէկ ապացոյց է, որ նոյնիսկ արցախեան հիմնախնդրի լուծման տարբերակներից մէկին Հայաստանի հիպոթետիկ համաձայնութիւնը չի երաշխաւորում Ստեփանակերտի կողմից հաւանութիւն եւ հետագայ իրականացում»,- ասաց Յակոբեանը։

Արցախի նախագահ Բակօ Սահակեանը արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութեանը։ «Արցախպրես» գործակալութեանը տւած հարցազրոյցում Բակօ Սահակեանը յայտարարեց, որ Հայաստանի իշխանութիւնները նախկինում եւս Արցախի ղեկավարութեանը տեղեակ էին պահում կարգաւորման գործընթացի բոլոր նոր զարգացումների վերաբերեալ` ինչպէս Ադրբեջանի հետ բանակցութիւններից առաջ, այնպէս էլ յետոյ տեղեկացրել են քննարկւած հարցերի մասին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։