Հա

Քաղաքական

12/06/2019 - 10:40

Լենա Նազարեանի լուսանկարները, Վրաստանը եւ Հայաստանի շահերը

Այս օրերին համացանցում տեսնում եմ տիկին Լենա Նազարեանի լուսանկարների մասին քննարկումներ: Ես չգիտեմ, աջելին` չեմ էլ ուզում իմանալ, թէ տիկին Նազարեանը դրանով ի՞նչ է ուզում ասել: Բայց մի բան ուզում եմ ասել կամ յիշեցնել այդ առիթով. տիկին Նազարեանը ՀՀ Ազգային ժողովի ՀՀ-Վրաստան բարեկամական խմբի ղեկավարն է: Մի ոլորտ, որն օդ ու ջրի նման կարեւոր է ՀՀ-ի համար` թէ՛ ռազմավարական, թէ՛ տարանցիկ, թէ՛ անվտանգութեան, թէ՛ թուրք-ադրբեջանական տանդեմին հակազդելու եւ բազմաթիւ այլ իմաստներով: 

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

Պատմական գիտութիւններ թեկնածու

 

Այս օրերին համացանցում տեսնում եմ տիկին Լենա Նազարեանի լուսանկարների մասին քննարկումներ: Ես չգիտեմ, աջելին` չեմ էլ ուզում իմանալ, թէ տիկին Նազարեանը դրանով ի՞նչ է ուզում ասել: Բայց մի բան ուզում եմ ասել կամ յիշեցնել այդ առիթով. տիկին Նազարեանը ՀՀ Ազգային ժողովի ՀՀ-Վրաստան բարեկամական խմբի ղեկավարն է: Մի ոլորտ, որն օդ ու ջրի նման կարեւոր է ՀՀ-ի համար` թէ՛ ռազմավարական, թէ՛ տարանցիկ, թէ՛ անվտանգութեան, թէ՛ թուրք-ադրբեջանական տանդեմին հակազդելու եւ բազմաթիւ այլ իմաստներով: 

Էլ չխօսեմ այն հսկայածաւալ խնդիրների մասին, որոնք առկայ են Վրաստանում ապրող հայութեան, մասնաւորապէս` ջաւախահայութեան շրջանում, եւ դրանց միայն թւարկումը մի քանի էջ կարող է լցնել:

Յիշեցնենք նաեւ, որ օրերս արգելեցին Վրաստան մտնել հերթական ՀՀ քաղաքացուն` ակադեմիկոս Աշոտ Մելքոնեանին, եւ արդէն Վրաստան մուտքի արգելք ունեցող ՀՀ քաղաքացիների թիւը հասնում է խայտառակ չափերի: 

Հետաքրքիր է` տիկին Նազարեանը քանի՞ անգամ է զանգահարել այս ընթացքում իր վրացի պաշտօնակցին, քանի՞ անգամ է փորձել հանդիպել հետը եւ աշխատանքներ տարել, օրինակ` վրաց քաղաքական գործիչների ոչ հայանպաստ յայտարարութիւնները բացառելու համար: Զորօրինակ` ոչ անյայտ Շալւա Նաթելաշւիլու վերջին յայտարարութիւններից տեղեա՞կ է տիկին Նազարեանը: Կամ` Ախալքալաքի վերջին ծեծկռտուքից եւ վրացի ոստիկանների կողմից հայութեան հանդէպ ոչ ադեկւատ պահւածքից տեղեա՞կ է տիկինը, եւ կարո՞ղ ենք իմանալ, թէ ինչ քայլեր են արւել:

Այն, որ ջաւախքաբնակ գործիչներն այս օրերին զանգահարում են մեզ եւ հարցնում, թէ այդ յանձնաժողովն արդեօք գործո՞ւմ է, կամ ովքե՞ր են անդամները, արդէն փաստում է, որ այս ոլորտում առկայ է անգործութիւն, եւ, դատելով այս տոտալ ամայութիւնից` հակւած ենք կարծելու, որ տիկին Նազարեանը միայն տեղեակ է մի բանից` այն, որ ինքն ի պաշտօնէ այդ խմբի ղեկավարն է եւ փոխարինում է Էդւարդ Շարմազանովին: Այսքանը, ոչ աւելին:

Դատելով բարեկամական խմբի անդամակազմից` կարելի է փաստել, որ մնացեալ 19 անդամներից մի քանիսն են ընդամենը, որ ընդհանրապէս Վրաստանի տեղը գիտեն կամ կամ ինչ-որ չափով տեղեկացւած են Վրաստանից եւ հայ-վրացական յարաբերութիւններից: Էդմոն Մարուքեանը նախկինում մի քանի անգամ եղել է Ջաւախքում, ես ներկայ եմ եղել այդ այցերին: Արմէն Փամբուխչեանը արմատներով Ջաւախքից է, յուսով ենք, որ արեան կանչով օգտակար կը լինի խնդիրների լուծմանը: Մխիթար Հայրապետեանը պէտք է, որ տեղեակ լիներ խնդիրներից` նախկին իր պաշտօնից ելնելով: Վարդան Ղուկասեանը, անկախ ամէն ինչից, որոշ ուշադրութիւն տածել է: Յիշենք, թէկուզ, Թումանեանի ապրած տան գնման ւ համայնքին նւիրելու նրա նախաձեռնութիւնը, եւ… կարծես այսքանը: Յարգանքս մնացած բոլոր անդամների մասնագիտական կարողութիւնների նկատմամբ, բայց այդ մարդիկ այս խմբում ուղղակի դիզայնի համար են, ուրիշ ոչինչ:

Ինձ կարող են հակադարձել բարեկամական խմբի մեր գործընկերները` ասելով, որ դրա համար կայ ԱԳ նախարարութիւն, որը Վրաստանում ՀՀ դեսպանատան հետ համատեղ աշխատում է: Լաւ, գոնէ դեսպանատան մասով համաձայն եմ, իսկ այդ դէպքում ինչի՞ համար էք դուք, բարեկամնե՛րս, ինչի՞ համար է ձեր կենսագրութեան մէջ լրացւում, որ դուք եղել էք ՀՀ-Վրաստան միջխորհրդարանային բարեկամական խմբի անդամ կամ ղեկավար: Իրականում հէնց խորհրդարանական մակարդակով հսկայածաւալ աշխատանքներ կան կատարելու, եւ այդ ոլորտում անգործութիւն ցուցաբերելու համար, օրինակ, քննադատել ենք 2012-2017 թթ. հինգերորդ գումարման ԱԺ-ի ՀՀ-Վրաստան միջխորհրդարանական յանձնաժողովի համանախագահ Հերմինէ Նաղդալեանին եւ նրա նախորդներին:

Ի դէպ, մի հետաքրքիր իրողութիւն եւս նկատւեց այս ոլորտում. ՀՀ Գերագոյն խորհրդի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ 1993 թ. մայիսի 19-ին կնքւել է միջխորհրդարանային համագործակցութեան մասին համաձայնագիրը, այն ուժը կորցրել է նոր` ՀՀ Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ 1998 թ. մայիսի 1-ին կնքւած պայմանագրով, որի յօդւած 4-ում նշւած է հետեւեալը. «Կողմերի փոխգործողութիւնների կազմակերպումը եւ համակարգումն իրականացնում է Վրաստանի խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի համագործակցութեան գծով մշտապէս գործող յանձնաժողովը (այսուհետ` Միջխորհրդարանային յանձնաժողով)` կազմւած Կողմերի ներկայացուցիչներից: Միջխորհրդարանային յանձնաժողովի գործունէութիւնը համակարգում են համանախագահները: Միջխորհրդարանային յանձնաժողովի համանախագահների թեկնածութիւնները եւ Կողմերի ներկայացուցիչներին հաստատում է իւրաքանչիւր Կողմ` իրենց ներքին կանոններին եւ ընթացակարգին համապատասխան»:

Շատ հետաքրքրական է, որ, սկսած 2017 թ.` վեցերորդ գումարման ԱԺ-ից, նշեալ Միջխորհրդարանային յանձնաժողովը վերածւել է բարեկամական խմբի: Հաշւի առնելով այն հանգամանքը, որ 1998 թ. մայիսի 1-ին կնքւած պայմանագիրը յստակօրէն գործում է, եւ նրանում որեւէ փոփոխութեան մասին տեղեկութիւններ չենք գտնում (մնացեալ երկրների խորհրդարանների հետ բարեկամական կամ պատգամաւորական խմբերի ձեւաւորման պարագայում համապատասխան պայմանագրով դա յստակ նշւած է, օրինակ` Ֆրանսիայի, Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի հետ պայմանագրերում եւս), ապա կարելի է մատնանշել, որ կառուցւածքային այս փոփոխութիւնը հակասում է գործող պայմանագրին: Ցաւօք, նոյն իներցիայով բարեկամական խումբ է կազմաւորւել նաեւ 2018 թ.` եօթերորդ գումարման ԱԺ-ի շրջանակներում, որի մասին մենք վերեւում խօսեցինք:

Եւ վերջում` Վրաստանի նման բարդ պետութեան եւ հարեւանի հետ պահանջւում է ամենօրեայ անդուլ աշխատանք: Հաւատացնում եմ, որ այդ երկրի հետ ՀՀ պետական պատկան այրերի ամենօրեայ աշխատանքը մեր պետութեանը, մեր պետականութեանը, մեր անվտանգութեան համակարգին եւ կայուն զարգացմանը առաւել քան անհրաժեշտ է, հազարապատիկ աւելի կարեւոր, քան գեղեցիկ լուսանկարները հանրութեան քննարկմանը ներկայացնելու ուղղութեամբ տարւող աշխատանքները:

 

«Yerkir.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։