Հա

Քաղաքական

12/06/2019 - 12:40

«Փաստ». «Ինչո՞ւ է նորից «տեսակաւորւում» հասարակութիւնը, կամ պարտութիւնից չքաղւած դասեր»

«Փաստ» թերթը գրում է. «Աբովեանի քաղաքապետի ընտրութիւններից անցել է մի քանի օր, ու թերեւս կարող ենք աւելի սթափ գնահատել կատարւածը, տեղի ունեցածը վերլուծել աւելի գլոբալ համատեքստում, մանաւանդ՝ հետեւութիւններ անելու անհրաժեշտութիւն ունի իշխանութիւնն առաջին հերթին:

«alikonline.ir» - «Փաստ» թերթը գրում է. «Աբովեանի քաղաքապետի ընտրութիւններից անցել է մի քանի օր, ու թերեւս կարող ենք աւելի սթափ գնահատել կատարւածը, տեղի ունեցածը վերլուծել աւելի գլոբալ համատեքստում, մանաւանդ՝ հետեւութիւններ անելու անհրաժեշտութիւն ունի իշխանութիւնն առաջին հերթին:

Միանշանակ կողմ եմ այն կարծիքին, որ չի կարելի, նոյնիսկ անթոյլատրելի է մեծ աղմուկ բարձրացնել ու հեռուն գնացող հետեւութիւններ անել տեղական ընտրութեան համատեքստում, այն էլ՝ մի քաղաքի կտրւածքով։ Միւս կողմից՝ Աբովեանի ընտրութիւններին «պատմականութիւն» հաղորդել է հէնց իշխանութիւնը, որն առնւազն մարզային իշխանութիւնների եւ տեղի ՔՊ-ականների շուրթերով պատրաստւում էր «յեղափոխութիւն» իրականացնել քաղաքում՝ գործընթացի յաղթական ակորդը վերապահելով վարչապետ Նիկոլ Փաշինեանին։ Այլ խօսքով՝ յեղափոխութեան թիմը մունիցիպալ ընտրութեան նշաձողը բարձրացրել էր այնպիսի մակարդակի, որից յետոյ էլեկտորալ արդիւնքները ենթակայ են քաղաքական վերլուծութեան ու որոշակի հետեւութիւնների։

Աբովեանի ընտրութիւններն ապացուցեցին, որ այլեւս ակտուալ չէ ընտրական գործընթացը «յեղափոխականների» ու «հակայեղափոխականների», «սեւերի» ու «սպիտակների» պրիզմայով ներկայացնելը։ Բանական մարդկանց համար սա ակնյայտ ճշմարտութիւն էր արդէն խորհրդարանական ընտրութիւններից յետոյ, երբ ամբողջ իշխանութիւնը կենտրոնացաւ Նիկոլ Փաշինեանի թիմի ձեռքերում, այլ խօսքով՝ ֆորմալիզացւեց յեղափոխութեան յաղթանակը ու վերացւեցին ռեւանշիզմի բոլոր ռիսկերը։ Խորհրդարանական այսօրւայ խճանկարը հէնց յեղափոխութեան հաստատած ստատուս-քւօն է, ու եթէ Աբովեանում մրցում են խորհրդարանական առաջին ուժի թեկնածուն ու երկրորդ ուժի աջակցութիւնը վայելող թեկնածուն, նոյնիսկ հակաքաղաքագիտական է «հակայեղափոխութեան» դէմ պայքարելու թեզը։ Դրանով, ըստ էութեան, կասկածի տակ է դրւում յեղափոխութեան յաղթանակը, նաեւ՝ խորհրդարանի քաղաքական լեգիտիմութիւնը։

Սա ակնյայտ ճշմարտութիւն է, ու իշխանութեան թիմն Աբովեանում պարտւեց ոչ միայն այն պատճառով, որ գործող քաղաքապետը բաւականին մեծ վարկանիշ ունի, ինչն իհարկէ կարեւոր է, այլ նաեւ սխալ մեթոդաբանութեան հետեւանքով, այն բանի պատճառով, որ վարչապետից սկսած, վերջացրած մարզպետով, տակաւին չկայ այն գիտակցութիւնը, որ իրենք այլեւս իշխանութիւն են, ոչ թէ հրապարակում յեղափոխութիւն իրականացնող հարթակ։ Այլ խօսքով՝ Աբովեանի ընտրութիւնները «սեւերի» ու «սպիտակների» թեզի պարտութեան մասին էր։

Սակայն, ըստ ամենայնի, նոյնիսկ տեղի ունեցածից յետոյ յեղափոխութեան թիմը կամ առնւազն դրա մի մասը չի ուզում կամ չի կարողանում հասկանալ տեղի ունեցածի բուն պատճառը։ Գոնէ բոլորը պէտք է այնքան համարժէքութիւն ու քաղաքական խիզախութիւն ունենային, որ Նիկոլ Փաշինեանի օրինակով ընդունէին, թէ Աբովեանում տեղի ունեցածը յեղափոխութեան, ժողովրդավարութեան յաղթանակ է։ Օրինակ՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսեանը նախօրէին «Ազատութիւն» ռադիոկայանի եթերում հյայտարարել է. «Ես կարող եմ պատասխանատու կերպով յայտարարել, որ Աբովեանի քաղաքացին երէկ, ցաւով եմ նշում, պարտւեց այդ ընտրութիւններին, եւ Վահագն Գէորգեանը՝ մեր գործընկերը, երեկւայ ընտրութիւններին չյաղթեց։ Ես պարզապէս ուզում եմ հարց հնչեցնել՝ տղանե՛ր, ձեր դուրը գալի՞ս է ձեր յաղթանակը, այն յաղթանակը, որը դուք կերտել էք»։

Ի՞նչ է, մարզպետը հակադրւո՞ւմ է վարչապետին, հրապարակային հաղորդո՞ւմ է տալիս այն մասին, որ Աբովեանի ընտրութիւնները կեղծւել են, նա ունի՞ փաստեր, թէ՞ յայտարարութիւն է անում՝ ինքնաարդարացման նպատակով։ Եւ ինչո՞ւ է Պետրոսեանը զարմանում, որ նման վարքագծից յետոյ ընդդիմադիր որոշ պատգամաւորներ, մասնաւորապէս՝ «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան ղեկավար Էդմոն Մարուքեանը նպատակայարմար է համարում նրա հրաժարականը։ Ընդ որում, քաղաքական առումով նման պահանջը կեանքի իրաւունք ունի, որովհետեւ Ռոմանոս Պետրոսեանի թիմը ոչ միայն պարտւել է ընտրութիւններում, այլ նաեւ մարզպետը հակադրւում է վարչապետի հրապարակային կարծիքին ու փորձում է պարտութեան պատասխանատւութիւնը գցել քաղաքացիների վրայ կամ կրկին «տեսակաւորել» հասարակութեանը, այս անգամ՝ մի քաղաքի մասշտաբով»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։