Հա

Քաղաքական

12/06/2019 - 11:20

Բոզոյեան․ «Փաշինեանը գնալով նմանւում է Գորբաչովին»

«Պոլիտէկոնոմիա» հետազօտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան Երւանդ Բոզոյեանը կարծում է, որ Աբովեանի քաղաքապետի ընտրութիւնը պէտք է ազդակ լինի իշխանութեան համար։

«alikonline.ir» - «Պոլիտէկոնոմիա» հետազօտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան Երւանդ Բոզոյեանը կարծում է, որ Աբովեանի քաղաքապետի ընտրութիւնը պէտք է ազդակ լինի իշխանութեան համար։ Նա վերջին ընտրութեան մասին խօսել է «Sputnik» Արմենիայի եթերում։

Երւանդ Բոզոյեանի խօսքով` Աբովեանի քաղաքապետի ընտրութիւնը ցոյց տւեց, որ Նիկոլ Փաշինեանի իշխանութեան վարկանիշը զգալիօրէն նւազել է, եւ եթէ իշխանութիւնը հետեւութիւններ չանի, ապա 6 ամիս անց աւելի վատ վիճակում կը լինի։

Ըստ քաղաքագէտի՝ ժողովուրդն անցած տարւայ ապրիլ-մայիսին շատ ոգեւորւած էր եւ մտածում էր` նոր էջ է բացւում երկրի զարգացման համար, այդ պատճառով էլ վստահութեան քւէն տւեց Փաշինեանին։ Սակայն այս 1 տարւայ ընթացքում շօշափելի փոփոխութիւններ չեղան։

«Փաշինեանը գնալով նմանւում է Գորբաչովին, ինչպէս նա էր Խորհրդային Միութեան վերջին տարիներին․ խօսքերը շատ էին, գեղեցիկ, բայց կոնկրետ գործեր չկային»,- ասում է Բոզոյեանը։

Աբովեանի քաղաքապետի ընտրութիւնը պէտք է ազդակ լինի իշխանութեան համար։ Փաշինեանի թիմը հաւաքեց մօտ 40 տոկոս` նախկին խորհրդարանական ընտրութիւնների 70 տոկոսի փոխարէն։ Ըստ Բոզոյեանի` եթէ այսպէս շարունակւի (իսկ գահաւիժումն արագ է լինելու), այս թւերը կարող են զգալի պակասել։

Յիշեցնենք, որ ՀՀ 23 համայնքում յունիսի 9-ին անցկացւեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններ, որոնց, նախնական տւեալներով, մասնակցել են 32.523 ընտրող կամ ընտրողների 44.36 տոկոսը։Աբովեանում կայացած քաղաքապետի ընտրութեանը յաղթեց գործող քաղաքապետ Վահագն Գէորգեանը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։