Հա

Քաղաքական

13/06/2019 - 12:10

«168 ժամ». «Փաշինեանը կուսակցութիւն նոր մարդկանց է «ներմուծում». հին ու նոր կրքեր ՔՊ-ում. նոր «բացայայտումներ» կան»

«168 ժամ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինեանի գլխաւորած կուսակցութիւնում որոշում է կայացւել՝ ակտիւանալ տեղեկատվական դաշտում:

«alikonline.ir» - «168 ժամ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինեանի գլխաւորած կուսակցութիւնում որոշում է կայացւել՝ ակտիւանալ տեղեկատվական դաշտում: Ընտրւել են նոյնիսկ, այսպէս ասած՝ կուսակցութեան «ֆասադային» դէմքերը, որոնք, ըստ էութեան, երկու խնդիր պիտի լուծեն՝ ապահովեն դատական համակարգում տեղի ունեցող պրոցեսների հանրային իրազեկւածութիւնը՝ թոյլատրելի «դոզայով», միւս կողմից՝ բարձրացնել իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցութեան իմիջը՝ մեծ քայլերով օր օրի արձանագրւող անկումից փրկելու համար:

Ինտելեկտուալ դէմքերը, որոնք իրականում ներմուծւած մարդիկ են, ոչ մի կապ չունեն Փաշինեանի քաղաքական ուղեգծի եւ գաղափարների հետ, պիտի ցոյց տան, որ վարչապետն աստիճանաբար գնում է կադրային նոր ռեզերւի ձեւաւորման ճանապարհով, եւ որ իր համար այլևեւս արդիական չեն միայն իրենց հետ յեղափոխութեան օրերին «քայլածի վաստակով» ինքնագոհ ու ապաշնորհ երիտասարդները:

Կառավարութեան ներսում եւս զուգահեռաբար խօսւում է կառավարական կորպուսում մի քանի անձանց նկատմամբ վարչապետի փոխւած վերաբերմունքի մասին: Ասում են՝ նկատելի է, որ յարաբերութիւններ են փոխւել, վարչապետն իր ստացած ազդակներից որոշակի հետեւութիւներ է անում եւ չի թաքցնում, որ օրէնսդիր ու գործադիր մարմինների անյաջող կադրերից հասարակական մեծ դժգոհութիւն է փոխանցւում իրեն: Թերեւս այս պատճառով է նաեւ, որ իշխանական թեւին սպասարկող մամուլը յաճախ է այս կամ այն նախարարի հնարաւոր պաշտօնանկութեան մասին լուր շրջանառում:

Այսօր էլ ԱԺ «Իմ քայլ»-ական որոշ պատգամաւորներ չեն թաքցնում, որ գործադիրի կազմում մինչեւ սեպտեմբեր ակնկալւող փոփոխութիւններ կը լինեն: Պատգամաւորները խոստովանում են, որ վարչապետն իր նոր ընտրեալ կադրերով փորձելու է ցոյց տալ, որ ինտելեկտուալ ներուժը կարեւորւում է «քայլողներից» (ԱԺ Պետաիրաւական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյեան, մեկ այլ՝ Կրթութեան եւ մշակույթի յանձնաժողովի փոխնախագահ Յովհաննէս Յովհաննիսեան, իրաւաբան Վահէ Գրիգորեան):

Իհարկէ, վարչապետի որդեգրած նոր մօտեցմանը թիմի ներսում քչերն են հաւատում, քանի որ Փաշինեանը քաղաքական թիմի ներսում, այդուհանդերձ, շարունակում է յենւել իր համար յուսալիների սեղմւող՝ 5 հոգանոց դարձած թիմի վրայ՝ ընդգծելով, որ իւրայիններից ամէն դէպքում փորձառու գործիչներ են Լիլիթ Մակունցը, Յակոբ Արշակեանը, Յակոբ Սիմիդեանն ու Արման Բոշյեանը, Սուրէն Պապիկեանը:

Կուսակցութեան ներսում զարմացած արձանագրում են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյեանի դիրքերի նահանջը, Լենա Նազարեանի՝ «աութում» յայտնւելը շատերն են նկատել։ ԱԺ փոխօսնակ Լենա Նազարեանն անգամ ընդգրկւած չէ կուսակցութեան ներսում մօտալուտ ընտրական գործընթացներում։ Դէ, իսկ ԱԺ փոխխօսնակ Ալէն Սիմոնեանի ու փոխվարչապետ Տիգրան Աւինեանի ոչ իւրային լինելու մասին զանազան լեգենդներ շրջանառւում են դեռ անցած տարւանից: Ընդ որում, մի քանի թեւերի բաժանւած իշխանական թիմը միմեանց նկատմամբ շատ անհանդուրժող է։

Ի դէպ, մեր աղբիւրի փոխանցմամբ՝ վարչապետն իր մասնաւոր զրոյցներից մէկում խոստովանել է, որ իր համար նոր բացայայտում էր Կապի եւ տրանսպորտի նախարար Յակոբ Արշակեանը, եւ ափսոսանք է յայտնել, որ նրան աւելի վաղ չի ճանաչել, որպէսզի փոխվարչապետ նշանակէր:

Միւս «բացայայտումը», ըստ աղբիւրի, Կապի եւ տրանսպորտի նախկին փոխնախարար, ներկայիս ԱԺ պատգամաւոր Արմէն Փամբուխչեանն է հաւակնում դառնալ. վերջերս նրան աւելի յաճախ են տեսնում ՔՊ-ական իւրայինների փոքր հաւաքներում, անգամ ընտանեկան առիթներին են ներգրաւում նրան, ինչը չի կարելի ասել ԿԳ նախարար Արայիկ Յարութիւնեանի դէպքում:

Նախարար Յարութիւնեանը, ով նաեւ վարչապետի հիմնած ՔՊ կուսակցութեան համահիմնադիրն է եղել, վաղուց արդէն այս կազմում չկայ, նրան դուրս են մղել անգամ կարեւոր քննարկումների նեղ շրջանակից:

Ընդ որում, բացառւած չէ, որ նախարարական պորտֆելները յանձնողներից մէկը հէնց այս նախարարը լինի»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։