Հա

Քաղաքական

15/06/2019 - 09:00

«Սա ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ֆրանսիայի կողմից չէզոքութեան խախտում է, իսկ ՀՀ-ի կեցւածքն անհասկանալի է». Կիրօ Մանոյեանը՝ Արցախի հետ բարեկամութեան հռչակագրերի չեղարկման մասին

Ֆրանսիական դատարանները մէկը միւսի յետեւից կայացնում են վճիռներ՝ չեղարկելով Ֆրանսիայի տարբեր քաղաքների եւ Արցախի բնակավայրերի միջեւ կնքւած՝ բարեկամութեան մասին յուշագրերը: Մասնաւորապէս` մայիսի 29-ին Ֆրանսիայի Սերժի-Պոնտուազ համայնքի վարչական դատարանը որոշում է կայացրել Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի ու Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գիւղի միջեւ ստորագրւած Բարեկամութեան հռչակագիրը չեղարկելու մասին։

«alikonline.ir» - Ֆրանսիական դատարանները մէկը միւսի յետեւից կայացնում են վճիռներ՝ չեղարկելով Ֆրանսիայի տարբեր քաղաքների եւ Արցախի բնակավայրերի միջեւ կնքւած՝ բարեկամութեան մասին յուշագրերը: Մասնաւորապէս` մայիսի 29-ին Ֆրանսիայի Սերժի-Պոնտուազ համայնքի վարչական դատարանը որոշում է կայացրել Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի ու Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գիւղի միջեւ ստորագրւած Բարեկամութեան հռչակագիրը չեղարկելու մասին։ Յունիսի 11-ին Ֆրանսիայի Վալանս, Բուրգ լէ Վալանս եւ  Բուրգ դը Պէաժ քաղաքների իրաւաբանական վարչութիւնները ծանուցում են ստացել առ այն, որ Գրենոբլի վարչական դատարանը չեղեալ է յայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լէ Վալանս-Շուշի, Բուրգ դը Պէաժ-Մարտունի համայնքների միջեւ կնքւած բարեկամութեան հռչակագրերը: 

«Yerkir.am»-ի հետ զրոյցում ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը յիշեցրեց, որ այս գործընթացի սկիզբը դրւել է դեռ տարիներ առաջ, երբ Ադրբեջանը դատական գործ սկսեց Ֆրանսիայում, եւ դատարանը բաւարարեց այդ յայցը, իսկ հիմա 3-4 համայնքում Ֆրանսիայի իշխանութիւններն են դատական գործեր հարուցում, իսկ դատարաններն էլ` համապատասխան որոշումներ կայացնում: «Սրանք առաջին ատեանի դատարանի որոշումներ են, եւ գոնէ քաղաքապետերից մէկն ասել է, որ ինքը բողոքարկելու է աւելի բարձր ատեաններում»,- յայտնեց նա:

Մեր հարցին՝ որքանո՞վ սա կազդի Արցախի անկախութեան միջազգային ճանաչման գործընթացի վրայ, ինչպէս նաեւ`  ԼՂ հակամարտութեան կարգաւորման, քանի որ Ֆրանսիան ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահող երկիր է, Կիրօ Մանոյեանը պատասխանեց. «Սա Ֆրանսիայի՝ որպէս միջնորդի,  չէզոքութեան խախտում է, քանի որ գործընթացը սկսւել էր Ադրբեջանի կողմից, ուստի, եթէ այդքան ճիշտ բան էր, թող Ֆրանսիայի իշխանութիւններն իրենք արած լինէին ի սկզբանէ: Ըստ այդմ՝ սա բաւարարում է հակամարտութեան կողմերից մէկի՝ Ադրբեջանի տրամադրութիւնները եւ խոչընդոտում հակամարտութեան միւս կողմի՝ Արցախի ինքնորոշման իրաւունքի իրացմանը: Ի վերջոյ, Արցախում էլ տեղական ինքնակառավարման մարմինները ժողովրդի կողմից ընտրւած մարմիններ են, եւ նրանք ցանկանում են յարաբերութիւններ մշակել, որոնց խոչընդոտում են»:

Կիրօ Մանոյեանը, սակայն, չի կարծում, որ Արցախի մեկուսացման առումով այս գործընթացը Ֆրանսիայից դուրս ազդեցութիւն կունենայ: «Այնպէս չէ, որ եւրոպական շատ պետութիւնների տեղական ինքնակառավարման մարմինները նման կեցւածք որդեգրել են, այսինքն՝ համագործակցութեան կամ նման պայմանագրեր ստորագրել են Արցախի հետ համապատասխան կառոյցների հետ, դրա համար էլ հակառակ գործընթաց չի սկսւի: Բայց, ամէն դէպքում, պէտք է հակազդել Ֆրանսիայի այս կեցւածքին: Եւ այստեղ հակամարտութեան, այսպէս ասած, երրորդ կողմը, մասնակիցը՝ ՀՀ-ն, անելիք ունի, եւ եթէ չի ցանկանում անել, դա խնդիր է: Այս ամբողջ գործընթացը սկսւեց հէնց Ադրբեջանի նախաձեռնութեամբ, ւ անհասկանալի է ՀՀ-ի անտարբեր կեցւածքը՝ ինչ-ինչ բացատրութիւններով, թէ Արցախն անկախ պետութիւն է: Այո, անկախ պետութիւն է, բայց ՀՀ-ն յանձն է առել Արցախի անվտանգութեան երաշխաւորի դերը: Հիմա` եթէ Ֆրանսիայում ԱՀ-ն ունի ներկայացուցիչ, բայց` ոչ դիւանագիտական, նշանակում է, որ ՀՀ-ի` այդտեղի դիւանագիտական կառոյցը պէտք է երաշխաւորի, որ հնարաւորինս մատչելի լինեն ֆրանսիական պետական այն  կառոյցները, որոնք այս քայլերին դիմել են: Կրկնում եմ՝ սա Ֆրանսիայի կողմից չէզոքութեան խախտում է, իսկ ՀՀ-ի կողմից անհասկանալի է այս կեցւածքը, ընդհակառակը՝ ոչ միայն պէտք էր հակազդեցութիւն ցոյց տալ, այլեւ աջակցել, որ այլ պետութիւններում տեղական ինքնակառավարման մարմինները նման յարաբերութիւններ հաստատեն Արցախի հետ, քանի որ, դուք ճիշտ նկատեցիք, սա Արցախի մեկուսացմանն է միտւած, ուստի ՀՀ-ն պէտք է անի ամէն ինչ, որ Արցախն այդ մեկուսացւած վիճակում չյայտնւի»,- ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամը: 

Այս համատեքստում Կիրօ Մանոյեանը նշեց, որ Հայ Դատի համապատասխան կառոյցը վերջին զարգացումներին չի արձագանքել, բայց տարեսկզբին Ֆրանսահայ կազմակերպութիւնների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքի ընթացքում, որին ներկայ էր Ֆրանսիայի նախագահը,  համակարգող խորհրդի փոխնախագահ եւ Դաշնակցութեան Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանն այս հարցը բարձրացրել է, Էմանուէլ Մակրոնն էլ բացատրութիւն է տւել, որը, բնականաբար, արդարացում չէ: «Սա յօգուտ հակամարտութեան մի կողմի աշխատանք է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի կողմից, եւ անհրաժեշտ է, որ այդ կեցւածքը փոխւի: Հիմա կը տեսնենք՝ եթէ այդ համայնքները բողոքարկեն աւելի բարձր ատեաններ, Ֆրանսիայի կառոյցները, այդ թւում՝ Հայ Դատի յանձնախումբը կաջակցեն»,- ասաց մեր զրուցակիցը:

«Yerkir.am»-ի դիտարկմանը՝ միշտ ասում են, որ Եւրոպան, Արեւմուտքը, իրենց ընկալմամբ, փորձում են հաւասարակշռել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ յարաբերութիւնները որոշակի քայլերով, այսինքն՝ եթէ Ֆրանսիայում Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օր հռչակւեց այս տարի, ապա նման քայլերով հնարաւոր է փորձ է արւում Ադրբեջանի սրտով մի բան անել:

«Չի կարելի բացառել, որ նրանց տեսանկիւնից գուցէ այդպէս է, բայց մեզ համար այդպէս չէ: Սա առեւտուր չէ, շուկայ չէ: Եթէ կայ սկզբունքային կեցւածք, ապա դա յարգելի է եւ ողջունելի: Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օր հռչակելը ողջունելի էր, որովհետեւ դա սկզբունքային կեցւածք է, բայց եթէ առեւտուր է արւում, բացատրութիւնները ո՛չ  կը հասկանանք, ո՛չ էլ կընդունենք»,- ընդգծեց Կիրօ Մանոյեանը:

Դաշնակցական գործիչը յիշեցրեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող  Ֆրանսիան Ադրբեջանին զէնք է վաճառում: «Ճիշտ է, Մակրոնն այդ նոյն երեկոյի ընթացքում փորձեց արդարանալ, թէ իրենց զէնքերը չեն գործածւում հայերի սպանութեան համար, բայց դա ոչինչ չի նշանակում, որովհետեւ եթէ Ադրբեջանն այդքան զէնք ունի, պարզ է, որ այդ զէնքերն ինչ-որ տեղ գործածելու է, իսկ Ֆրանսիայի վաճառածն էլ եթէ ինչ-որ կարիք է փակում, ուրեմ՝ այդ կարիքի փոխարէն մնացած զէնքերի՝ Արցախի դեմ գործածւելու հաւանականութիւնը մեծանում է: Անհրաժեշտ է, որ Ֆրանսիան աւելի չէզոք կեցւածք ունենայ: Բայց տեսնենք, թէ դատարանները ինչ կասեն, եւ եթէ բողոքարկւի, ինչն ինքնին  ինչ-որ գործընթաց է ենթադրում, մէկընդմիշտ կը ճշտւի՝ արդեօ՞ք Ֆրանսիայում տեղական ինքնակառավարման մարմիններն արտաքին կապեր հաստատելու իրաւունք ունեն, որովհետեւ առարկութիւնն այն է, որ արտաքին քաղաքականութիւն վարելու իրաւունք չունեն, սա արտաքին քաղաքականութիւն չէ: Ասում են, որ Ֆրանսիան չի ճանաչում Արցախի անկախութիւնը, ուրեմն տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող դրան մաս կազմող համայնքների հետ համագործակցութիւն ունենալ: Նոյն տրամաբանութեամբ` նրանք չպէտք է թոյլ տային, որ Արցախի քաղաքացիները Ֆրանսիա այցելեն, բայց Մակրոնն ինքն է յայտարարել, որ թոյլ են տալիս»,- եզրափակեց Կիրօ Մանոյեանը: 

 

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Յարակից լուրեր

  • «Վստահ չեմ, որ ՀՀ իշխանութիւնները Արցախի օժանդակութեան հետ կապւած ինչ-որ բան ասում են ԱՄՆ իշխանութիւններին». Կիրօ Մանոյեան
    «Վստահ չեմ, որ ՀՀ իշխանութիւնները Արցախի օժանդակութեան հետ կապւած ինչ-որ բան ասում են ԱՄՆ իշխանութիւններին». Կիրօ Մանոյեան

    «Յատկապէս այս Սպիտակ տունը առաջին անգամը չէ, որ փորձում է Արցախին տրամադրւող օժանդակութիւնը ոչ միայն կրճատել, այլեւ ընդհանրապէս դադարեցնել: Թէեւ նախորդ վարչակազմի օրօք էլ այնպէս չէր, որ ուղղակի բիւջէի մէջ գրւում էր յատկացման մասին, բայց ինչ-որ տեղ արձանագրւում էր: Այս իշխանութիւնների համար մի քանի խնդիր կայ, որոնցից գլխաւորը Ադրբեջանի ազդեցութեան հարցն է»,- «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:

  • Արցախի ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին
    Արցախի ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

    Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը յուլիսի 24-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջէյ Կասպշիկին:

  • Շահան Գանտահարեանը՝ ԵԱՀԿ ԽՎ հակահայ նախագծի մասին. «Tert.am»
    Շահան Գանտահարեանը՝ ԵԱՀԿ ԽՎ հակահայ նախագծի մասին. «Tert.am»

    ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի յուլիսի 4-8-ը տեղի ունեցած լիագումար նիստում քննարկման էր դրւել իռլանդացի պատւիրակ Ալան Ֆարելի՝ Արցախեան հակամարտութեան վերաբերեալ հակահայկական բանաձեւը, որում կային «եօթ շրջանների վերադարձի», «Ադրբեջանի օկուպացւած տարածքների» վերաբերեալ ձեւակերպումներ:

  • «Եթէ համանախագահները չեն հերքում Մամեդեարովին, նշանակում է՝ նրանց խաղը նոյնն է». Տարասով
    «Եթէ համանախագահները չեն հերքում Մամեդեարովին, նշանակում է՝ նրանց խաղը նոյնն է». Տարասով

    «Հայկական կողմը միայն հերքմամբ չի կարող աւարտել այս «խաղը»»,- «168 ժամ» օրաթերթի հետ զրոյցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով օրերս Վաշինգտոնում կայացած Մնացականեան-Մամեդեարով՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքոյ կայացած հանդիպման արդիւնքներին։

  • Ինչով աչքի ընկաւ Մնացականեան-Մամեդեարով վաշինգտոնըան հանդիպումը
    Ինչով աչքի ընկաւ Մնացականեան-Մամեդեարով վաշինգտոնըան հանդիպումը

    Վաշինգտոնում յունիսի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդութեամբ կայացաւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Յունւարին Փարիզում եւ ապրիլին Մոսկւայում կայացած հանդիպումներից յետոյ որոշում էր կայացւել ԱԳ նախարարների միջեւ յաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Սա բաւական խորհրդանշական էր մի կողմից հաւասարակշռութեան պահպանման, միւս կողմից երկարատեւ պասիւութիւնից յետոյ ամերիկեան կողմի ակտիւացման առումով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։