Հա

Քաղաքական

16/06/2019 - 11:30

Սփիւռքի յանձնակատար՝ նախարարի փոխարէն. մնում է տեսնել` կը լինե՞ն գործեր կենացների փոխարէն

Դուր է գալիս դա մեզ, թէ ոչ, բայց աւելի շատ հայեր ապրում են Հայաստանից հեռու, քան հայրենիքում: Երեւի եռապատիկ աւելի շատ: Դա առկայ իրողութիւն է: Ողջ հարցն այն է, թէ ինչպէս անել, որ այդ իրողութիւնը իրապէս շարունակի մնալ մեր մրցակցային պոտենցիալ առաւելութիւններից մէկը, ամենակարեւորը՝ սկսի փաստացի առաւելութիւն ու աւելի մեծ տնտեսական, քաղաքական, համազգային արդիւնք տալ:

«alikonline.ir» - Դուր է գալիս դա մեզ, թէ ոչ, բայց աւելի շատ հայեր ապրում են Հայաստանից հեռու, քան հայրենիքում: Երեւի եռապատիկ աւելի շատ: Դա առկայ իրողութիւն է: Ողջ հարցն այն է, թէ ինչպէս անել, որ այդ իրողութիւնը իրապէս շարունակի մնալ մեր մրցակցային պոտենցիալ առաւելութիւններից մէկը, ամենակարեւորը՝ սկսի փաստացի առաւելութիւն ու աւելի մեծ տնտեսական, քաղաքական, համազգային արդիւնք տալ: Այս մասին գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Արմէն Յակոբեանը:

Ամենեւին էլ դիւրին գործ չէ: Ասենք, ի՜նչ գործ: Դա ընդհանրապէս բաւականին լուրջ հիմնախնդիր է, որը պահանջում է հնարաւորինս կշռադատւած, հաւասարակշիռ, պատճառաբանւած ու հաշւարկւած ծրագիր, մօտեցումների բազմազանութիւն եւ որոշակի գործիքակազմ:

Չէ, այս ամէնը չենք նշում գործող կառավարութեան Սփիւռքի գործերի նորանշանակ գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանին ստանձնած պատասխանատւութեան բեռի ծանրութեամբ, այսպէս ասենք, մտահոգելու համար: Սա պարզապէս թեթեւակի ակնարկ է, որ առաջին հայացքից «խաղուպար» կամ «թեթեւ» թւացող պաշտօնն, իրականում առանցքային բովանդակութիւն ունի: Իսկ թէ այդ բովանդակութիւնը կը ստանա՞յ նոյնպիսի առանցքային նշանակութիւն, արդէն կախւած է կոնկրետ մարդուց, նրա ձեւաւորած աշխատանքային խմբից, որին թիմ են ասում, նախաձեռնողականութիւնից, խնդիրների ընկալումից եւ աշխատանքի արդիւնաւէտութիւն ենթադրող միւս անհատական ու գործնական ունակութիւններից:

Զարեհ Սինանեանի, նրա կենսագրութեան, կրթութեան, արդէն ԱՄՆ-ում անցած ճանապարհի, Գլենդէլի քաղաքային խորհրդում պաշտօնը թողնելու եւ հայրենիքում բաւականին մեծ պատասխանատւութիւն պահանջող աշխատանքի անցնելու մասին այսօր շատ խօսւեց, չկրկնենք: Սփիւռքի հարցերի նորանշանակ գլխաւոր յանձնակատարի հետ աշխատանքային առաջին հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինեանն էլ անդրադարձաւ այդ ամէնին ու ոչ միայն:

Հասկանալի է, որ հանրութեան շրջանում այս նոր նշանակումը միարժէքօրէն չի ընդունւել եւ դա, մեծ հաշւով, հնարաւոր էլ չէր: Քննադատական ու մտահոգութիւններով պարուրւած արձագանքներ էլ եղան, դրւատական ու ոգեւորւած արտայայտութիւններ: Թէ մէկի, թէ միւսի համար, կարծում ենք դեռ վաղ է. անկախ ամէն ինչից՝ մարդը պէտք է կոնկրետ աշխատանքում դրսեւորւի, գոնէ առաջին քայլերը անի, ինչից էլ կերեւայ, թէ ում զգացողութիւններն էին արդարացւած, իսկ ումը՝ ոչ: Մէկ տարի առաջւայ բառապաշարով ասած՝ «թողէք, թող աշխատի», ըստ որում, այս դէպքում այդ ծամծմւած արտայայտութիւնը առանց հեգնանքի արժէ ասել, զի այն պատճառաբանւած է:

Իսկ մենք փորձենք խիստ թեթեւակի դիտարկել հնարաւոր խնդիրները, որ կան այն կարեւոր ուղղութեամբ, որ անւանում ենք՝ սփիւռք եւ սփիւռքի հետ կապեր: «Հին հայերէնով» ասած՝ սփիւռքի նոր նախարար է նշանակւել: Դէ, լաւ, թող հիմա պաշտօնը կոչւի յանձնակատար, թէկուզ՝ գլխաւոր յանձնակատար: Ինչ-ինչ, բայց կարելի է վստահ լինել, որ սփիւռքի յանձնակատարի աշխատանքային առօրեան ընկերների հետ աշխատասենեակում պիցցա ուտելու սելֆիով չի ուղեկցւի. քիչ հաւանական է, որ Գլենդէլի նախկին քաղաքապետը նման դրսեւորում ունենայ:

Գլխաւորն այստեղ այլ բան է. Կը լինեն Հայաստան-սփիւռք թեմայով նոր կենացնե՞ր, թէ՞ ռէալ գործեր: Առնւազն յունիս-յուլիսին, բնականաբար, Զարեհ Սինանեանը զբաղւած կը լինի այն ամենով, ինչը բնորոշում են, որպէս «ծանօթացում գործերին եւ իրավիճակին»: Բայց պէտք է յուսալ, որ դա արագ տեղի կունենայ, ինչին կը յաջորդի համակարգւած ծրագրի, հայեցակարգի ու ծանրութեթեւ արւած քայլերի ներկայացում՝ դրանց կատարման մեկնարկով:

Մինչդեռ խնդիրներ կան: Չեն կարող չլինել, չէ՞ որ հայերս անգամ չեղած տեղից խնդիրներ ստեղծելու աշխարհի ոչ պաշտօնական չեմպիոններ ենք: Օրինակ, խնդիր կարող է լինել այն, որ Զարեհ Սինանեանը ներկայացնելու է մի իշխանութիւն, որի բազմաթիւ կողմնակիցներ վերջին շրջանում ինտենսիւ պախարակում էին եւ են (եթէ չասենք՝ բուն բնորոշումները), օրինակ, ՀՅ Դաշնակցութեանը: Մի աւանդական կուսակցութիւն, որ իր օժանդակ կառոյցներով հանդերձ, սփիւռքի մեր հայրենակիցների մի մեծ մասի ազգային կեանքում եւ կենսակերպում լրջագոյն դերակատարում ունի: Ճիշտ է, ՀՅԴ-ն այն ուժն է, որ Հայաստանում հանիրաւի կասեցւած լինելու պայմաններում անգամ (1995-97 թթ.) մշտապէս ու ակտիւ դերակատարում է ունեցել Հայրենիքին նիւթապէս ու տնտեսապէս օժանդակելու ձեռնարկումներում («Հայաստան» հիմնադրամի հանգամանկութիւն եւ այլն):

Այո, բայց հասկանալի է, որ Հայաստանի գործող իշխանութեան ներկայացուցիչը որոշակիօրէն պէտք է կարողանայ յաղթահարել այն անդուր նստւածքը, որ այսօր վիրտուալ հարթակներում ու նաեւ հասարակական-քաղաքական զրուցահոսքում ձեւաւորել են որոշ իշխանական ու իշխանամէտ, այսպէէս ասենք՝ բանախօսներ:

Միւս կողմից, վերջին մէկ տարւայ ընթացքում էլի բազմաթիւ քարեր են նետւել Հայ Առաքելական Եկեղեցու ուղղութեամբ: Մինչդեռ Հայ Առաքելական Եկեղեցին այն կարեւոր յենասիւներից մէկն է, որի վրայ խարսխւում է հայութեան մի զգալի մասի ինքնութեան պահպանումը, յատկապէս՝ սփիւռքում: Այս հարթութեան վրայ էլ, եղածներին աւելացել են նոր, որոշակի չափով յուզական բնոյթի խոչընդոտող խնդիրներ, որոնք եւս յաղթահարման կարիք ունեն:

Ինքնին հասկանալի է, որ ժամանակակից հայկական սփիւռքը միատարր չէ, ինչպէս քաղաքական, այնպէս էլ՝ կրօնական հայացքների տեսանկիւնից: Աւելին, կայ լեզւական խնդիր, շատ շօշափելի կայ հայապահպանութեան հիմնախնդիր, որի լուծումը ժամանակի հետ բնականօրէն աւելի է դժւարանում: Սա՝ դեռ չհաշւած աւանդական սփիւռքի ու վերջին տասնամեակներում ձեւաւորւած «Նոր սփիւռքի» պարագաները: Յաւելենք այստեղ «ամերիկահայութեան», «ռուսահայութեան», «եւրոպահայութեան», պայմանական ասած՝ «ասիահայութեան» խնդիրները:

Սթափ ընկալումը յուշում է, որ այդ ամենով հանդերձ, մեր ազգի ներկայացուցիչների մեծ մասին միաւորող կարեւոր ու անքննարկելի գործօններ կան՝ Հայոց պետականութիւնը, հասկանալի է, Արցախը ներառեալ, լեզուն, հաւատը, նաեւ՝ հայկական երազանքը, որ մի օր հայերիս ճնշող մեծամասնութիւնը ապրի սեփական հայրենիքում, որպէս ՀՀ լիիրաւ քաղաքացի:

Ի դէպ, երազանքի մասին. իշխանափոխութիւնից անմիջապէս յետոյ շատ ու ոգեւորւած էին խօսակցութիւնները հայութեան զանգւածային ներգաղթի, վերադարձի թեմաներով: Իշխանափոխութիւնից մէկ տարի անց այդ խօսակցութիւններն ու յայտարարութիւններն աշխատում են չյիշել, իսկ ոգեւորութիւնը ակնյայտօրէն պաղած է: Կարծում ենք, Զարեհ Սինանեանի նշանակումը որոշ իմաստով կարող է խորհրդանշական համարել՝ որպէս ԱՄՆ-ից մէկ կոնկրետ հայրենակցի վերադարձ:

Այնպէս որ, Սփիւռքի գլխաւոր յանձնակատարի աշխատանքային կարեւոր ուղղութիւններից մէկը հայրենակիցների ներգաղթի հիմնախնդիրը պէտք է լինի: Թերեւս այդպէս կարելի է մեկնաբանել նաեւ վարչապետի հետ հանդիպման ընթացքում արւած շեշտադրումը՝ Հայաստանում սփիւռքի առաւել մեծ ներգրաււածութեան վերաբերեալ:

Ուստի մէկ անգամ եւս ընդգծենք՝ բաժակաճառերի փոխարէն «զանգեր կախելու» կարեւորութիւնը, իսկ թէ դրանցից որի՞ն է նախապատւութիւնը տրւում, թաքուն չի մնայ, այլ կերեւայ արդէն նորանշանակ յանձնակատարի առաջին կոնկրետ քայլերից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։