Հա

Քաղաքական

22/06/2019 - 14:10

Ադրբեջանը սրում է սահմանային իրավիճակը

Վերջին շրջանում Ալիեւը դարձեալ փորձում է սրել սահմանային իրավիճակը արցախեան ուղղութեամբ։ Դա նախեւառաջ պայմանաւորւած է Հայաստանի ու Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներով։ Սահմանային լարւածութեան մեծացման դինամիկան ուղղակիօրէն փոխկապակցւած է նաեւ Արցախեան հակամարտութեան կարգաւորման շուրջ ընթացող բանակցութիւններին, բանակցային գործընթացից կողմերի ակնկալիքներին ու դրանց իրացման հնարաւորութիւններին: 

ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ

 

Բանակցային գործընթաց

Վերջին շրջանում Ալիեւը դարձեալ փորձում է սրել սահմանային իրավիճակը արցախեան ուղղութեամբ։ Դա նախեւառաջ պայմանաւորւած է Հայաստանի ու Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներով։ Սահմանային լարւածութեան մեծացման դինամիկան ուղղակիօրէն փոխկապակցւած է նաեւ Արցախեան հակամարտութեան կարգաւորման շուրջ ընթացող բանակցութիւններին, բանակցային գործընթացից կողմերի ակնկալիքներին ու դրանց իրացման հնարաւորութիւններին: 

Եթէ փորձենք երկու բառով գնահատել բանակցային գործընթացի ներկայիս վիճակը, ապա կարող ենք առանձնացնել թէ՛ դրական, թէ՛ բացասական կողմեր։ Նախ՝ դրական պէտք է գնահատել այն, որ, նախորդ տարիների համեմատութեամբ, զգալիօրէն նւազել են սահմանային միջադէպերը։ Սա կարող է դրական նախադրեալ լինել բանակցային գործընթացն առաւել հանգիստ մթնոլորտում առաջ մղելու տեսանկիւնից։ Միւս կողմից` այդ միտումը կարող է ունենալ լատենտային նշանակութիւն, այն է՝ սահմանային միջադէպերի նւազումը կարող է կրել իրավիճակային բնոյթ՝ պայմանաւորւած Ալիեւի սպասելիքներով։ Դրանց չարդարացման պարագայում իրավիճակը կարող է շատ աւելի կտրուկ ու անսպասելի զարգացում ունենալ։

Բացասական կողմերից մէկն այն է, որ բանակցային գործընթացում չկայ պրագմատիկ առաջընթաց։ Թէեւ հայկական կողմը փորձում է բանակցել խաղաղութեան, կայունութեան ապահովման դիրքերից, այդուհանդերձ, դա խոշոր հաշւով կամ ըստ էութեան չի վերափոխում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան նախկին ագրեսիւ դիրքորոշումը։ Աւելին` չկան այն օբիեկտիւ նախադրեալները, որոնք կը նպաստեն Ադրբեջանի հանրութեանը խաղաղութեան նախապատրաստելուն։

Արձանագրենք, որ հայկական կողմը չի խօսում խաղաղութեան հաստատման հնարաւորութեան մասին. չպէտք է մոռանալ, որ մենք գտնւում են պատերազմի մէջ, եւ դժւար է նոյնիսկ խօսել յարաբերական խաղաղութեան մասին։ Հայկական կողմը շեշտադրում է խաղաղութեան մթնոլորտի ձեւաւորման, իսկ հետագայում նաեւ՝ զարգացման անհրաժեշտութեան մասին՝ բանակցութիւններում առաջընթաց ունենալու ակնկալիքով։

Հակասական, նոյնիսկ ոչ նախանձելի իրավիճակում է Ալիեւը. եթէ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը նախկինում պնդում էր, որ բանակցային գործընթացում չկայ առաջընթաց՝ Հայաստանի իշխանութիւնների կողմից քաղաքական կամքի բացակայութեան, բանակցային գործընթացը ձգձգելու պատճառներով, ապա տրամաբանութիւնը յուշում է, որ Հայաստանում յեղափոխութիւնից յետոյ առնւազն այդ խնդիրը վերացել է։ Սակայն, վերջին մէկ տարւայ ընթացքում բանակցային գործընթացում չունենալով լուրջ ձեռքբերումներ, Ալիեւը Ադրբեջանի հանրութեանը պէտք է մատուցի հայկական կողմից բանակցային գործընթացը ձգձգելու կամ մանիպուլեացիոն այլ քարոզչական մոդել։

Միւս կողմից` Ալիեւը, Հայաստանում տեղի ունեցած յեղափոխութեան բերումով, իսկապէս ակնկալիքներ ունէր արցախեան բանակցային գործընթացից՝ յօգուտ իրեն իրավիճակ ստեղծելու առումով։ Աւելին` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնն ուշադիր հետեւում է հայաստանեան ներքաղաքական զարգացումներին։ Իսկ այդ ուղղութեամբ լարւածութեան խորացման, անկայունութեան միտումների հնարաւորութեան իսկ դէպքում հարեւան երկրի իշխանութիւնները կօգտւեն ստեղծւած իրավիճակից՝ փորձելով դիմել ռազմական հերթական արկածախնդրութեան։ Բաքւում առանձնակի նշանակութիւն են տալիս Հայաստան-Արցախ անհամաձայնութիւնների հարցին, հնարաւորութեան դէպքում՝ քարոզչական, տեղեկատւական-հոգեբանական միջոցներով փորձում ներազդել այդ անհամաձայնութիւնների զարգացմանը։ Չտեսնելով յստակ հնարաւորութիւններ կամ օգուտներ բանակցային գործընթացի` այս մէկ տարւայ ընթացքից ու արդիւնքներից՝ Ալիեւը, սահմանային լարւածութեան մեծացմամբ, փորձում է ճնշումներ գործադրել ինչպէս հայկական կողմի, այնպէս էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների վրայ։ Յայտնենք, որ այս ամէնը տեղի էր ունենում յունիսի 20-ին Վաշինգտոնում նախատեսւած Մինսկի խմբի համանախագահութեան հովանու ներքոյ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ հերթական հանդիպմանն ընդառաջ։

 

Տարածաշրջանային գործընթացներ

Շատ յաճախ սահմանային իրավիճակի սրացումները գլխաւորապէս դիտւում են հայ-ադրբեջանական դիմակայութեան կամ հակամարտութեան համատեքստում՝ կտրւելով աշխարհաքաղաքական, տնտեսական միտումներից ու գործընթացներին։ Սա թերեւս բաւական նեղ, հիմնականում՝ թիւր պատկերացումներ ու գնահատականներ է իր հետ բերում հակամարտութեան շուրջ ստեղծւած իրավիճակի, հակամարտող կողմերի միջեւ շահերի փոխդասաւորւածութեան իրադրութեան վերաբերեալ։

Հակամարտութեան շուրջ ստեղծւած իրադրութեան շուրջ հնարաւորինս համապարփակ գնահատականներ կարելի է տալ այն ժամանակ, եթէ խնդրին մօտենանք նաեւ տարածաշրջանային ու միջազգային զարգացումների դիտանկիւնից, որոնք ուղղակի, թէ անուղղակի իրենց ներգործութիւնն են թողնում, այդ թւում` եւ Արցախեան հակամարտութեան ուղղութեամբ։

Խնդիրն ակտուալանում է վերջին օրերին Մերձաւոր Արեւելքում եւ մեզ յարակից տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահերի բեւեռացման հետեւանքով։ Այդ առումով պահպանում է ակտուալութիւնը Վաշինգտոն-Թեհրան, Թել-Աւիւ-Թեհրան դիմակայութիւնը։ Տարածաշրջանում Իրանի մեկուսացման` Վաշինգտոնի մարտավարութիւնն անդրադառնում է նաեւ տարածաշրջանի այլ երկրների արտաքին քաղաքականութեան վրայ։

Զուգահեռաբար, սրւել են Վաշինգտոն-Անկարա յարաբերութիւնները՝ կապւած ռուսական «S-400» զենիթահրիռային համակարգերի ձեռք բերման գործարքի հետ։ Չնայած Թրամփի վարչակարգի ճնշումներին` Էրդողանն օրերս յայտարարեց, որ գործարքն արդէն աւարտւած կարելի է համարել։ Պէտք է նկատել, որ Վաշինգտոն-Անկարա հակասութիւններն իրենց հերթին են ազդեցութիւն ունենում հարաւկովկասեան ուղղութեամբ։ Անկարան, իրեն ապահովագրելով գործարքի ձախողման, տապալման հնարաւոր զարգացումներից, կարող է խառնել Վաշինգտոնի խաղաքարտերը, ապակայունացնել իրավիճակը ինչպէս Մերձաւոր Արեւելքում, այնպէս էլ Հարաւային Կովկասում։ Նշեալ իրողութիւնները պայմանաւորւած են ՌԴ-Թուրքիա յարաբերութիւններով եւ մասնաւորապէս այն հարցադրումներով, թէ Անկարան ի՞նչ գին է վճարելու ռուսական «S-400»-ների ձեռք բերման գործարքի դիմաց, եւ ո՚՞րն է Մոսկւայի փոխզիջման գինը։

Սրանք հարցեր են, որոնք թէեւ ուղղակի կապւածութիւն չունեն Հայաստանի կամ Արցախեան հակամարտութեան հետ, այդուհանդերձ, միամտութիւն է չտեսնել դրանց անուղղակի հետեւանքներն ու անդրադարձները դրանց ուղղութեամբ։

 

Սահմանային սրացումներ

Կարծում ենք, որ նաեւ նշեալ գործընթացների համատեքստում պէտք է դիտարկել արցախեան ուղղութեամբ սահմանային լարւածութեան վերջին միտումները, միջադէպերը։ Եթէ նախորդ ամիսներին ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտում էր գլխաւորապէս հրաձգային տարբեր զինատեսակներից, ապա վերջին շրջանում հայ դիրքապահների ուղղութեամբ սկսել են կիրառւել ականանետեր, նռնականետեր։

Թէեւ պէտք է նկատել, որ հրադադարի պահպանման ռեժիմը քանակական հաշւարկով գրեթէ պահպանել է նախորդ ամիսներին գրանցւած վիճակագրական դինամիկան։ Այսպէս` Արցախի ՊՆ պաշտօնական հաղորդագրութիւնից տեղեկանում ենք, որ ընթացիկ տարւայ ապրիլի 21-ից 27-ն ընկած ժամանակահատւածում արցախա-ադրբեջանական շփման գօտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղութեամբ արձակելով աւելի քան 3700 կրակոց: Մայիսի 26-ից յունիսի 1-ն-ին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ` հրաձգային զինատեսակներից արձակելով աւելի քան 3500 կրակոց: Յունիսի 2-ից 8-ն-ի վիճակագրութեամբ ադրբեջանական կողմը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետեր (4 արկ) եւ ՀԱՆ-17 տիպի նռնականետեր (25 արկ): Այդ ամսւայ 9-ից 15-ին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտւել է շուրջ 140 անգամ, օգտագործւել են ՀԱՆ-17 տիպի նռնականետեր (5 արկ):

 

Զօրավարժանքների յաճախակիացում

Սահմանային իրադրութեան սրացմանը զուգահեռաբար, վերջին ամիսներին կարող ենք արձանագրել ադրբեջանական կողմի զօրավարժութիւնների անցկացման յաճախակիացման միտում։

Ընթացիկ տարւայ մարտի 11-15-ին Ադրբեջանում անցկացւեցին լայնածաւալ զօրավարժութիւններ, որին մասնակցում էր 10 հազ. զինւորական, գործի էին դրել 500 միաւոր տանկ, զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 300 հրթիռահրետանային սարքեր, համազարկային կրակի ռեակտիւ համակարգեր (ՀԿՌՀ) ու նռնականետեր, 20 միաւոր աւիացիա։ Զօրավարժութիւնների սցենարի համաձայն` զօրքերը իրականացրեցին յարձակողական գործողութիւնների նախապատրաստման, մի քանի ուղղութեամբ հակառակորդի պաշտպանութիւնը ճեղքելու, պաշտպանութեան խորքում գտնւող ռազմական, ռազմավարական օբիեկտներին հրթիռահրետանային հարւածներ հասցնելու գործողութիւններ։

Ս. թ. մայիսի 1-ին մեկնարկեցին «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» թուրք-ադրբեջանական համատեղ տակտիկական զօրախաղերը։ Ըստ պաշտօնական հաղորդագրութեան` զօրավարժանքների նպատակը երկու երկրների ստորաբաժանումների գործակցութեան փոխհամաձայնեցնումն էր։ Զօրավարժութիւններում ներգրաււած էին Թուրքիայի ու Ադրբեջանի զինւած ուժերի զրահատեխնիկան, հրետանային սարքեր եւ ականանետեր, ՌՕՈւ մարտական եւ տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպէս նաեւ ՀՕՊ եւ զենիթահրթիռային ստորաբաժանումներ։

Ընթացիկ տարւայ մայիսի 20-24-ին Ադրբեջանում անցկացւեցին հերթական լայնածաւալ օպերատիւ-տակտիկական զօրավարժանքները: Զօրավարժութիւններն ընթացան գիշերային ժամերին հակառակորդի յարձակման յետ մղման, հակայարձակման գործողութիւնների սցենարի համաձայն: Զօրախաղերին մասնակցում էր 10 հազ. զինծառայող, ներգրաււած էին 150 միաւոր տանկեր, զրահատեխնիկա, շուրջ 200 հրթիռահրետանային կայանքներ, ՀԿՌՀ-եր եւ ականանետեր, 35 միաւոր ինքնաթիռ եւ ուղղաթիռ:

Մայիսի 6-23-ին Թուրքիայում Ադրբեջանի, Վրաստանի, Իտալիայի, Ռումինիայի, ԱՄՆ-ի, Պակիստանի ու Քաթարի զինւած ուժերի մասնակցութեամբ անցկացւեցին «Էրջիյես-2019» միջազգային զօրավարժութիւնները։ Զօրախաղերի ընթացքում իրականացւեցին օդից անձնակազմի վայրէջքի վարժանքներ։ Ըստ աղբիւրի` զօրավարժութիւնում ներգրաււել էր 895 զինծառայող, 70 միաւոր զինտեխնիկա, աւելի քան 15 միաւոր աւիացիա։

Յիշեցնենք, որ մայիսի վերջին Թուրքիայում Ադրբեջանի եւ Սաուդական Արաբիայի մասնակցութեամբ անցկացւեցին նաեւ «Anatolian Phoenix-2019» զօրավարժութիւնները։ Ադրբեջանից զօրավարժութեանը մասնակցեցին երկուական միաւոր «Mi-35» եւ «Mi-17» ուղղաթիռ, 60 զինծառայող։ Տարբեր տւեալներով` զօրախաղերին մասնակցում էր նաեւ Ադրբեջանի զինւած ուժերի յատուկջոկատային ստորաբաժանում։

Յունիսի 7-11-ն ընկած ժամանակահատւածում Նախիջեւանում անցկացւեցին «Անխախտ եղբայրութիւն–2019» խորագրով թուրք-ադրբեջանական համատեղ զօրավարժութիւնները, որոնց մասնակցում էր 5 հազ. զինւորական, գործի էին դրւել շուրջ 200 տանկեր եւ հետեւակի զրահապատ մեքենայ, 180 հրթիռներ, 21 միաւոր ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Զօրախաղերին ներկայ էր Թուրքիայի պաշտպանութեան նախարար Հուլուսի Աքարը: Ըստ պաշտօնական աղբիւրների` զօրավարժութիւնների նպատակը համատեղ գործողութիւնների արդիւնաւէտութեան բարձրացումն էր։

Հարցի առնչութեամբ նշենք, որ նման զօրավարժութիւնները, բացի հակահայկական ուղղւածութիւնից, հետապնդում են աւելի հեռահար նպատակներ. «Անխախտ եղբայրութիւն» անւանումը կրող զօրախաղեր անցկացւում են ՀԱՊԿ շրջանակում։ Այն է՝ Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զօրավարժութիւնները նախեւառաջ ուղերձ են ենթադրում Ռուսաստանի համար։ Անկարան ընդգծում է իր շահերը մեր տարածաշրջանում։

Ռազմական ուղղութեամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիւացման տրամաբանութիւնը շարունակւեց ընթացիկ տարւայ յունիսի 12-ին Գաբալայում` Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի պաշտպանութեան նախարարների եռակողմ հանդիպման տեսքով, որի ընթացքում կողմերն առաջարկել են Վրաստանին` ներգրաււել պարբերաբար անցկացւող թուրք-ադրբեջանական զօրավարժանքներում: Ըստ պաշտօնական հաղորդագրութեան` հանդիպման ընթացքում քննարկւել են տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին առնչւող հարցեր։

 

«Yerkir.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։