Հա

Քաղաքական

23/06/2019 - 10:20

Ինչով աչքի ընկաւ Մնացականեան-Մամեդեարով վաշինգտոնըան հանդիպումը

Վաշինգտոնում յունիսի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդութեամբ կայացաւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Յունւարին Փարիզում եւ ապրիլին Մոսկւայում կայացած հանդիպումներից յետոյ որոշում էր կայացւել ԱԳ նախարարների միջեւ յաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Սա բաւական խորհրդանշական էր մի կողմից հաւասարակշռութեան պահպանման, միւս կողմից երկարատեւ պասիւութիւնից յետոյ ամերիկեան կողմի ակտիւացման առումով:

ՆԱՐԵԿ ՄԻՆԱՍԵԱՆ

 

Վաշինգտոնում յունիսի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդութեամբ կայացաւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Յունւարին Փարիզում եւ ապրիլին Մոսկւայում կայացած հանդիպումներից յետոյ որոշում էր կայացւել ԱԳ նախարարների միջեւ յաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Սա բաւական խորհրդանշական էր մի կողմից հաւասարակշռութեան պահպանման, միւս կողմից երկարատեւ պասիւութիւնից յետոյ ամերիկեան կողմի ակտիւացման առումով:

Վաշինգտոնեան հանդիպումից առաջ՝ դեռեւս ապրիլի երկրորդ կէսից, նկատելի էր սահմանային լարւածութեան աճ, որն ուղեկցւում էր հրադադարի ռեժիմի խախտումների ինտենսիւացմամբ, դիպուկահարների ակտիւութեամբ, տարատեսակ զինատեսակների կիրառմամբ եւ անգամ զոհերով: Լարւածութեան աճին նպաստեցին նաեւ լայնածաւալ զօրավարժութիւնները, որոնցից մի քանիսը կրում էին նաեւ յարձակւողական բնոյթ: Յատկանշական է, որ ադրբեջանական կողմը կրկին գործի դրեց ռազմական հռետորաբանութիւնը. անգամ ՊՆ նախարարի մակարդակով հնչեց պատերազմի սպառնալիք պարունակող կոչեր եւ յայտարարւեց, որ պատերազմ չսկսելուն խանգարում է միայն միջազգային իրադրութիւնը:

Ըստ էութեան, ԱԳ նախարարների հանդիպումից առաջ ձեւաւորաւել էր բաւական բարդ իրավիճակ եւ նման պայմաններում արդիւնաւէտ քննարկումներ ակնկալելն, անշուշտ, իրատեսական չէր լինի: Աւելին, ՀՀ ԱԳՆ-ն հանդիպումից առաջ տարածած յայտարարութեամբ բարձրաձայնեց, որ Ադրբեջանի գործողութիւնները բնութագրւում են ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառմամբ, եւ ստեղծւած իրավիճակը պայմանաւորում է վաշինգտոնեան հանդիպման օրակարգի յստակ գերակայութիւններ։

Վաշինգտոնեան հանդիպման արդիւնքներով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ընդունած յայտարարութեան շեշտադրումներից կարելի է ենթադրել, որ ԱԳ նախարարների քննարկումների ժամանակ առաջնային են եղել վերջին զարգացումները եւ խաղաղութեան համար բարենպաստ միջավայրի ձեւաւորման հարցերը:

Համանախագահները կողմերին կոչ են արել վերահաստատել յանձնառութիւնը, անշեղօրէն պահպանել հրադադարը եւ ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողութիւններից, այդ թւում՝ դիպուկահարների կիրառումից եւ շփման գծի ու միջազգային սահմանների երկայնքով ինժեներական աշխատանքներ կատարելուց։ Կարելի է ենթադրել, որ հէնց դրանք են եղել սահմանային միջադէպերի պատճառները, որոնք յանգեցրել են զոհերի: Այնուամենայնիւ, ցանկալի էր, որ համանախագահների յայտարարութիւնը պարունակէր հասցէական ձեւակերպումներ, ինչպէս նաեւ անդրադարձ՝ Բաքւի ռազմատենչ հռետորաբանութեանը:

Վստահութեան մթնոլորտի վերականգնման առումով բաւական կարեւոր է նախկինում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների կատարումը, որոնք ուղղւած են ռիսկերի նվազեցմանը եւ ենթադրում են շօշափելի գործիքակազմ՝ լարւածութեան կանխման եւ միջադէպերին արագ արձագանքման համար: Յայտարարութեան մէջ, օրինակ, յստակ անդրադարձ կայ կողմերի միջեւ հաստատւած օպերատիւ ուղիղ կապի օգտագործմանը, ինչը կարեւոր ձեռքբերում է, բայց ոչ բաւարար:

Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարները ներկայացրել են իրենց դիրքորոշումը եւ ակնկալիքները տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ համանախագահների առաջարկւած մարդասիրական եւ անվտանգութեան միջոցառումների իրականացման առնչութեամբ։ Նման միջոցառումները բաւական կարեւոր են բանակցութիւնների համար անհրաժեշտ միջավայրի ձեւաւորման տեսանկիւնից եւ բաւական կարեւոր է, որ համանախագահներն առաւել ակտիւ աշխատեն դրանց (մասնաւորապէս՝ անվտանգութեան միջոցառումների) առաջմղման ուղղութեամբ:

Ամփոփելով պէտք է նշել, որ թէեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնութեամբ Վաշինգտոնում կազմակերպւած ԱԳ նախարարների հանդիպումից, օբիեկտիւ գործօններով պայմանաւորւած, լուրջ արդիւնքներ հնարաւոր չէր ակնկալել, հանդիպումն ինքնին որոշակի արդիւնք էր: Լարւածութեան ֆոնին նման հանդիպման յաջող կազմակերպումը, տեղի ունեցած քննարկումները, նոր հանդիպման վերաբերեալ պայմանաւորւածութիւնը կարող են նպաստել լարւածութեան թուլացմանը: 

 

«Արմէնպրես»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։