Հա

Քաղաքական

25/06/2019 - 13:10

«Կազանի փաստաթղթի» մոդիֆիկացիան. ի՞նչ են համանախագահներն առաջարկել Երեւանին եւ Բաքւին

Մամեդեարովի յայտարարութիւնները կցկտուր բնոյթ են կրում, Հայաստանի իշխանութիւնը պէտք է բացատրի, թէ կոնկրետ ինչ առաջարկներ կան բանակցութիւնների սեղանին։

«alikonline.ir» - Մամեդեարովի յայտարարութիւնները կցկտուր բնոյթ են կրում, Հայաստանի իշխանութիւնը պէտք է բացատրի, թէ կոնկրետ ինչ առաջարկներ կան բանակցութիւնների սեղանին։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկները, ամենայն հաւանականութեամբ, հիմնւած են այն նոյն այսպէս կոչւած «Կազանի փաստաթղթի» վրայ: «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց քաղաքագէտ Երւանդ Բոզոյեանը` մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովի յայտարարութիւնը։

Աւելի վաղ` երկուշաբթի Մամեդեարովը յայտարարել էր, որ Երեւանն ու Բաքուն 2-3 ամիս կաշխատեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ներկայացրած նոր փաստաթղթերով։

«Վաշինգտոնում համանախագահներն առաջարկեցին դուրս բերել զօրքը եւ խաղաղապահներ տեղակայել։ Բայց այս հարցի վրայ աշխատել է պէտք»,- Մամեդեարովի խօսքը մէջբերել էին Ադրբեջանական ԶԼՄ-ները։ Աւելի ուշ խաղաղապահների մասով Մամեդեարովին վերագրւող հատւածը հեռացւել էին լրատւամիջոցներից՝ պատճառաբանելով, թէ դա չի համապատասխանում իրականութեանը:

«Մամեդեարովի յայտարարութիւնը բաւականին կցկտուր էր։ Տպաւորութիւն է ստեղծւում, թէ նա ուզում էր ներկայացնել բանակցութիւնների որոշակի կոնկրետ մաս»,- ասաց Բոզոյեանը։

Ինչպէս նշեց փորձագէտը` Ադրբեջանի արտգործնախարարի խօսքերը ընդհանուր բնոյթ են կրում, դրանք դժւար է վերլուծելը, բայց հետաքրքիր է այն, որ հանդիպմանը նոր առաջարկներ են հնչեցւել, եւ կողմերը ժամանակ են վերցրել մտածելու համար։

Ընդ որում` Բոզոյեանն ընդգծեց, որ հասարակութեանը հարկ է աւելի մանրամասն բացատրել, թէ ինչ «յաւելեալ կոմպոնենտների» մասին է խօսքը։

«Միւս կողմից, ինչ էլ լինի, իմ կարծիքով, խօսքը «Կազանի փաստաթղթերի» (խմբագրւած «Մադրիդեան սկզբունքներ» - Խմբ.) շուրջ ինչ-որ մոդիֆիկացիաների մասին է։ Սակայն հետաքրքիր է, որ լրացուցիչ մանրամասներ կան, ինչի մասին խօսում էր Մամեդեարովը»,- ասաց Բոզոյեանը։

Հէնց այս հաւանական «դետալներն» էլ կարող են Հայաստանում եւ Ադրբեջանում լուրջ քննարկման առարկայ դառնալ։

Քաղաքագէտը չի բացառում, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութիւնից յետոյ, համանախագահներն ուսումնասիրում են նոր ղեկավարութեան մօտեցումները։

«Կարծում եմ, որ հէնց այս համատեքստում է պէտք դիտարկել այն, ինչ առաջարկում են համանախագահները, ինչը նախկինում չի եղել, եւ ինչի մասին խօսում է Մամեդեարովը»,- նշեց Բոզոյեանը։

Նշենք, որ երկու երկրների արտգործնախարարները հերթական հանդիպումն անցկացրեցին Վաշինգտոնում յունիսի 20-ին։ Դրա արդիւնքներով ԵԱՀԿ ՄԽ համանախագահները յայտարարութիւն տարածեցին, որում ափսոսանք յայտնեցին հակամարտութեան գօտում վերջին կորուստների հետ կապւած եւ յամառօրէն կոչ արեցին կողմերին շտապ միջոցներ ձեռնարկել այդ ուղղութեամբ, ինչպէս նաեւ հաստատեցին հրադադարի ռեժիմի անշեղ կատարմանն ուղղւած եւ սադրիչ քայլերից զերծ մնալու պարտաւորութիւնները։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։