Հա

Քաղաքական

27/06/2019 - 11:10

«Եթէ համանախագահները չեն հերքում Մամեդեարովին, նշանակում է՝ նրանց խաղը նոյնն է». Տարասով

«Հայկական կողմը միայն հերքմամբ չի կարող աւարտել այս «խաղը»»,- «168 ժամ» օրաթերթի հետ զրոյցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով օրերս Վաշինգտոնում կայացած Մնացականեան-Մամեդեարով՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքոյ կայացած հանդիպման արդիւնքներին։

«alikonline.ir» - «Հայկական կողմը միայն հերքմամբ չի կարող աւարտել այս «խաղը»»,- «168 ժամ» օրաթերթի հետ զրոյցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով օրերս Վաշինգտոնում կայացած Մնացականեան-Մամեդեարով՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքոյ կայացած հանդիպման արդիւնքներին։

Յիշեցնենք, որ հանդիպման արդիւնքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները յայտարարութիւն էին տարածել, որն ուղղւած էր շփման գծում եւ սահմանին ստեղծւած իրավիճակի կայունացմանը։ Սակայն նախօրէին հանդիպման ուշագրաւ մանրամասներով է հանդէս եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովը, որոնք տեղ չէին գտել ԵԱՀԿ ՄԽ յայտարարութեան մէջ, իսկ հայկական կողմի պնդմամբ՝ չեն համապատասխանում իրականութեանը։ Մամեդեարովը Բաքւում նշել է, որ ղարաբաղեան հակամարտութեան լուծումը պէտք է լինի փուլային: Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ Վաշինգտոնում համանախագահները պաշտօնապէս կողմերի քննարկմանն են ներկայացրել փաստաթուղթ, որում գրւած է, որ առաջին հերթին՝ հայկական զօրքերը «պէտք է դուրս բերւեն ադրբեջանական տարածքներից»:

«Միջնորդներն առաջարկել են զօրքերի դուրսբերում եւ խաղաղապահների տեղակայում»,- ասել է Մամեդեարովը:

Իսկ ՀՀ ԱԳՆ մամուլի խօսնակ Աննա Նաղդալեանն ի պատասխան այս պնդումների՝ յայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականութեանը, նման մօտեցումն ապակառուցողական է, ինչը արժէքազրկում է խաղաղ գործընթացի լրջութիւնը:

«Ինչպէս նշել էինք դեռեւս Վաշինգտոնի հանդիպումից առաջ, դրա ընթացքում քննարկւել են վերջին շրջանում ադրբեջանական կողմի պատճառով սրւած իրավիճակի հանդարտեցման հարցեր: Համանախագահները կոչ են արել անմիջապէս քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու համար խաղաղութեանը նպաստող միջավայրը եւ պահպանելու հրադադարը, եւ այս ուղղութեամբ հանդէս են եկել հումանիտար ոլորտին եւ ռիսկերի նւազեցմանը վերաբերող յստակ առաջարկներով: Այս շրջանակից դուրս ադրբեջանական կողմի ապատեղեկատւութիւնը յանգեցնում է եզրակացութեան, որ Ադրբեջանը մտադրւած չէ իրականացնելու համանախագահների այդ կոչերը եւ առաջարկները: Աւելին՝ այն պնդումը, որ բանակցութիւնները կարող են յաջող ծաւալւել զինադադարի կանոնաւոր խախտումների պայմաններում, լրջագոյն վնաս է հասցնում կարգաւորման ուղղութեամբ գործադրւող ջանքերին եւ խաթարում խաղաղ գործընթացը»,- ասել է Աննա Նաղդալեանը։

Նշենք նաեւ, որ նախորդ նախարարական մոսկովեան հանդիպումից յետոյ եւս Մամեդեարովը որոշել էր «անկեղծանալ»։

Ստանիսլաւ Տարասովն ասել է, որ, երբ Մամեդեարովը երկար տարիներ շարունակ  բանակցութիւններ է վարում հայկական կողմի հետ, վարում է նաեւ գաղտնի դիւանագիտութիւն, ինչպէս եւ հայկական կողմը՝ հանդիպում են, դրանից յետոյ ինչ-որ յայտարարութիւններ են անում, հերքում։ Բայց Տարասովի համոզմամբ՝  Մամեդեարովը երբեք չի դիմել սադրանքների մակարդակի գործողութիւնների եւ յայտարարութիւնների, յատկապէս, երբ խօսքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասին է։

«Դա շատ վտանգաւոր է, քանի որ ԵԱՀԿ ՄԽ-ն կարող է ակնթարթօրէն եւ պէտք է հերքի այն բոլոր տեղեկութիւնները եւ յայտարարութիւնները, որոնք կարող են խոչընդոտել խաղաղ բանակցային գործընթացին եւ չեն համապատասխանում իրականութեանը։ Երբ կողմերից մէկը սկսում է բարձրաձայնել բանակցային մանրամասներ, իսկ հայկական կողմը, մասնաւորապէս՝ ՀՀ ԱԳ նախարար  Մնացականեանը, ով վաշինգտոնեան հանդիպումից յետոյ հանդիպեց հայ լրագրողների հետ, երկար խօսեց փաստացի ոչ մի բանի մասին, իսկ Մամեդեարովը յայտարարեց, որ հնարաւոր է խաղաղապահ ուժերի տեղակայում հակամարտութեան գօտում։

Սա նոր գաղափար չէ, դուք գիտէք, որ Մադրիդեան սկզբունքները նախատեսում են նման քայլ, բայց հարցեր կան, թէ ինչպէս է սա տեղի ունենալու, Ադրբեջանը հանկարծ որոշել է վերադառնալ այս բանաձեւին, եւ այդ բանաձեւը նախաձեռնութիւնը տեղափոխում է Ադրբեջանի կողմ, բայց բազում հարցեր են առաջանում՝ որտե՞ղ են տեղակայւելու խաղաղապահ ուժեր, շփման գծո՞ւմ, թէ՞ նոր շփման գիծ է ձեւաւորւելու։ Ուզէք թէ չուզէք, գուցէ խօսք գնայ որոշ շրջանների ազատագրման մասին, դա հնարաւոր է։ Հայաստանը յայտարարում է, որ այդ շրջաններն ապահովում են հայկական կողմերի ռազմավարական պաշտպանութիւնը, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ն ասում է, որ, երբ յայտնւեն խաղաղապահներ, կը վերանայ անհրաժեշտութիւնը՝ իրականացնել խորացւած անվտանգութիւն, քանի որ պատասխանատւութիւնը սկսում են ստանձնել խաղաղապահները։

Իսկ քանի դեռ խաղաղապահներ չկան, ՄԽ-ն հասկանում է, որ այդ ամէնն անհրաժեշտ է Հայաստանին անվտանգութեան ապահովման համար։ Հասկանալով, որ բանակցութիւններն անարդիւնաւէտ են, Ադրբեջանը գնում է մի կողմից՝ ռիսկային, միւս կողմից՝ մի քայլի, որով նախաձեռնութիւնն իր ձեռքն է վերցնում։ Երբ խաղաղապահներ են յայտնւում, ԼՂ հակամարտութիւնն այլ բնութագրիչներ է ձեռք բերում, «Միացում»-ի խնդիրը վերանում է լիովին, դիտարկւում է Ղարաբաղի կարգավիճակը, կարող է լինել ժամանակաւոր կարգավիճակ, այնուամենայնիւ, այս ամէնի արդիւնքում Ղարաբաղն ամրապնդում է իր սուբեկտայնութիւնը։ Այն քայլը, որն ադրբեջանական կողմն է անում, շատ տրամաբանական է եւ ուժեղ»,- նման կարծիք յայտնեց Տարասովը»,- ասել է փորձագէտը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։