Հա

Քաղաքական

27/06/2019 - 10:20

Արցախը բե՞ռ է, թէ՞ յաղթաթուղթ. Լեւոն Տէր-Պետրոսեանի իշխանութեան շրջանից մինչեւ մեր օրեր

Հայրենի քաղաքական գործիչները հազւադէպ են հայեցակէտային գաղափարներ կամ հարցեր առաջադրում, անկախ այն բանից, թէ որքան յաճախակի կամ երկար են խօսում: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանն իր վերջին հարցազրոյցում ընդգծեց մի միտք, որը կարեւոր է ոչ միայն վերջին 25-30 տարւայ, այլեւ առաջիկայ տասնամեակների զարգացումների համատեքստում:

«alikonline.ir» - Հայրենի քաղաքական գործիչները հազւադէպ են հայեցակէտային գաղափարներ կամ հարցեր առաջադրում, անկախ այն բանից, թէ որքան յաճախակի կամ երկար են խօսում: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանն իր վերջին հարցազրոյցում ընդգծեց մի միտք, որը կարեւոր է ոչ միայն վերջին 25-30 տարւայ, այլեւ առաջիկայ տասնամեակների զարգացումների համատեքստում:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի ձեւակերպումն ու միտքը, իհարկէ, նոր չեն. Արցախը (Արցախի կամ ԼՂ խնդիրը) բե՞ռ է, թէ՞ տարածաշրջանային ու ոչ միայն տարածաշրջանային նշանակութեան առումով՝ իւրօրինակ յաղթաթուղթ: Այս մասին գրում է «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Արմէն Յակոբեանը:

Էական հարցադրում է, մանաւանդ, երբ անցած տասնամեակների զարգացումները դիտարկում ես այդ գաղափարական հակադրութեան մէջ, որը եւս նոր չէ: Բանավէճի առանցքային հարցերից մէկը. հնարաւո՞ր է զարգանալ (նկատի է առնւում՝ համալիր) Արցախի խնդրի կամ հակամարտութեան չկարգաւորւածութեան պայմաններում, թէ՞ զարգացում հնարաւոր է հակամարտութեան կարգաւորման դէպքում միայն:

Ինչ-որ տեղ սա կարող է ձեւական հարց թւալ, քանզի Հայաստանի ստաժաւոր քաղաքացիներիս համար դա տեսական հարցադրում չէ, այլ ամենօրեայ գործնական իրականութիւն, իսկ օրերի հանրագումարում՝ արդէն տասնամեակների կեանք, ինչպէս ասւում է՝ ժամանակի ռէալ ռեժիմում:

Յետահայաց տարբերակով, ինչ խօսք, հասուն տարիքի իւրաքանչիւր քաղաքացի կարող է իր ինքնուրոյն պատմական էքսկուրսն անել՝ Լեւոն Տէր-Պետրոսեանի իշխանութեան շրջանից մինչեւ մեր օրեր:

Եթէ հակիրճ, ապա ՀՀ առաջին նախագահի մօտեցումը յանգում էր «Լաւ չես ապրի, Սերգօ ջան, մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծւի…»՝ 1997-ին ասուլիսում հնչեցւած ու մեմային դարձած ձեւակերպմանը, թէպէտ ամէն ինչ այդքան պարզ ու մակերեսին դրւած չէ, իհարկէ: Պատահական չէ, որ Տէր-Պետրոսեանի պաշտօնավարման շրջանում հայ-թուրքական յարաբերութիւնների հաստատման որոշակի փորձեր արւեցին, նոյնն է, թէ` Հայաստանի կոմունիկացիոն եւ տնտեսական շրջափակումը գոնէ արեւմտեան կողմից յաղթահարելու ուղղութեամբ, կանխատեսելի ապարդիւնութեամբ:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանն ինքը, լինելով հակառակ մօտեցման համոզւած կողմնակիցը, որ հնարաւոր է զարգացում հակամարտութեան չկարգաւորւածութեան պայմաններում, ինչ-ինչ գործօնների ազդեցութեամբ, այդ գաղափարը չկարողացաւ վերածել լիարժէք ու հաստատուն գաղափարախօսութեան: Բայց երկրի տնտեսական վիճակի կտրուկ փոփոխութիւնն ու իր պաշտօնավարման շրջանում արձանագրած տնտեսական, տեխնոլոգիական եւ ենթակառուցւածքային անժխտելի ձեռքբերումները դարձան փաստացի վկայութիւնն այն բանի, որ այո, հնարաւոր է զարգացում, նոյնիսկ այդ պայմաններում:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի պաշտօնավարման շրջանը, դիտարկւող թեզի եւ մօտեցումների տեսանկիւնից, կարելի է բնորոշել նոյնպէս «եւ՛… եւ՛» մօտեցմամբ, այսինքն, որպէս հակադրւող երկու տարբերակները համադրելու փորձ: Նմանապէս պատահական չէ, որ հայ-թուրքական յարաբերութիւնների հաստատման եւս մէկ փորձ արւեց («ֆուտբոլային դիւանագիտութիւնը»), փոքր-ինչ աւելի տեսանելի առաջխաղացմամբ, բայց, միեւնոյն է՝ կանխատեսելիօրէն ապարդիւն:

Հարկ է արձանագրել, որ երեք նախագահների պաշտօնավարման շրջանում եղել են կոնկրետ դրւագներ, երբ թւացել է, որ Արցախի հիմնախնդրի կարգաւորման գործընթացը ահա-ահա կը հանգուցալուծւի պայմանաւորւածութեամբ, բայց ինչպէս հասկանում էք, նման բան տեղի չի ունեցել:

Թափով գանք մեր օրեր. անցեալ տարի ցնցումային կամ յեղափոխական տարբերակով իշխանութեան եկած Նիկոլ Փաշինեանն ու իր քաղաքական թիմը (ի դէպ, գաղափարաքաղաքական առումով բաւականին բազմաշերտ թիմը) առաջադրւած հարցում ի՛նչ մօտեցում ունեն, դժւար է միարժէքօրէն պնդել: Պատկերը գրեթէ նման է «…իզմերի» վերաբերեալ իշխող ուժի առաջնորդի հռչակած կամ կարծեցեալ բացակայութեանը: Լաւատեսական տարբերակով ենթադրենք, թէ հարցադրման վերաբերեալ որոշակի դիրքորոշում կամ ինչ-որ այլ մօտեցման գաղափարական միջուկ է խմորւում իշխող ուժի ընդերքում: Յամենայն դէպս, իշխող թիմի մօտեցումներն Արցախի հարցում աւելի շատ որոնումների ու փորձարկումների տպաւորութիւն են թողնում` ամփոփւելով «ժողովուրդն է որոշելու», «ժողովուրդն է ասելու» գեղեցիկ հնչող, բայց քաղաքական տեսանկիւնից գրեթէ ոչինչ չասող արտայայտութիւններով:

Ու ամէն պարագայում «ժողովուրդն է որոշելու»-ն որոշման մեխանիզմն է, բայց ո՛չ բովանդակութիւնը, առաւել եւս, որեւէ քաղաքական ուժի ձեւակերպւած դիրքորոշում չէ:

Գանք որոշակի ձեւակերպմանը. Արցախը բե՞ռ է, թէ՞ առաւելութիւն, արժէք կամ արտաքին-քաղաքական իւրօրինակ յաղթաթուղթ: Կայ յստակեցման անհրաժեշտութիւն այն առումով, որ տողերիս հեղինակի համոզմամբ՝ խօսքը գերազանցապէս հիմնախնդրի կարգաւորւածութեան մասին է, քանզի Արցախն անջատ դիտարկելու միտքն անգամ անընդունելի է:

Ենթադրենք, ինչ-որ հրաշքով տեղի է ունենում համաձայնութիւն եւ կոնկրետ ԼՂ հիմնախնդիրը համարւում է կարգաւորւած: Կայ պատկերացում, որ հայրենիքում մնացած հայութեանը դա հնարաւորութիւն կը տայ շատ աւելի մեծ ռեսուրսներ ուղղել տնտեսական եւ ենթակառուցւածքային զարգացմանը, այն առումով, որ այլեւս կարիք չի լինի բիւջէից ու ոչ միայն բիւջէից լուրջ միջոցներ տրամադրել պաշտպանական կամ ռազմական կարիքները հոգալուն: Ենթադրւում է նաեւ, որ այդ դէպքում Թուրքիան ու Ադրբեջանը այլեւս տնտեսական եւ կոմունիկացիոն շրջափակում չեն իրականացնի:

Հրապուրիչ է թւում, այնպէս չէ՞: Բայց դա միայն առաջին հայացքից: Քանզի բանականութիւնը յուշում է, որ դա սոսկ վարդագոյն երազանք է: Ինչո՞ւ: Իսկ, կը ներէք, ո՞րն է եղել Թուրքիայի եւ թուրքական տարրի ռազմավարութիւնը վերջին, ասենք մի հարիւր տարւայ կտրւածքով, եւ փոխւե՞լ է արդեօք այդ ռազմավարական նպատակադրումը: Ո՛չ, այն չի փոխւել, եւ յանգում է մեր տարածաշրջանում բնիկ ու իրենց համար այլադավան ժողովուրդներին կլանելուն (ուծացմամբ, թէ բնաջնջմամբ, արդէն էական չէ) եւ տարածքների իւրացմանը: Իսկ դա բերում է անխուսափելի հետեւութեան, որ եթէ անգամ ԼՂ հիմնախնդիրը թղթի վրայ կարգաւորւի, հակամարտութիւնը չի դադարելու երբեք, աւելին՝ ստանալու է այլ դրսեւորումներ: Ու դա կապ չունի «ժողովուրդների բարեկամութեան» կամ «խաղաղ գոյակցութեան» տեսութիւնների հետ, այլ պետութիւնների ու այդ պետութիւնների տիրապետող ազգային միաւորումների մշտական շահերի հարցն է:

Չկարգաւորւած հակամարտութեան պայմաններում տնտեսապէս ու ոչ միայն տնտեսապէս զարգանալու հեռանկարն, իհարկէ, նոյնքան հրապուրիչ չի ուրւագծւում, աւելին՝ խրթին ու դժւար է թւում: Բայց հայերս այդ ե՞րբ ենք հեշտ ճանապարհով գնացել: Ի վերջոյ, լեռնաշխարհում որտե՞ղ էք հեշտ ճանապարհներ տեսել: Հէնց այնպէս չէ, որ մեր բնօրրանը Հայկական բարձրաւանդակն է, իսկ Արցախ-Ղարաբաղն էլ, չմոռանանք՝ լեռնայի՛ն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։