Հա

Քաղաքական

30/06/2019 - 09:40

Այս տարի «Crans Montana» ֆորումի մրցանակը շնորհւել է ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանին

Յունիսի 28-ին Ժնեւում տեղի է ունեցել «Crans Montana» ֆորումի «PRIX DE LA FONDATION 2019» մրցանակի յանձնման հանդիսաւոր արարողութիւնը, որին ներկայ են եղել անւանի պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, դիւանագէտներ, գործարարներ, շւէյցարահայ համայնքի ներկայացուցիչներ։

«alikonline.ir» - Յունիսի 28-ին Ժնեւում տեղի է ունեցել «Crans Montana» ֆորումի «PRIX DE LA FONDATION 2019» մրցանակի յանձնման հանդիսաւոր արարողութիւնը, որին ներկայ են եղել անւանի պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, դիւանագէտներ, գործարարներ, շւէյցարահայ համայնքի ներկայացուցիչներ։ Այս մասին ըստ «Yerkir.am»-ի՝ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Միջազգային այս հեղինակաւոր կառոյցն իր ամենամեայ մրցանակն աւանդաբար շնորհում է սոցիալական պատասխանատւութիւն ենթադրող ոլորտները ներկայացնող այն անձանց, ովքեր աչքի են ընկել առաջնորդութեամբ, նորարարութեամբ եւ որպէս փոփոխութեան առաջամարտիկ գործելու կարողութեամբ: 1989 թւականից ի վեր մրցանակը միաւորել է յանուն խաղաղութեան, ազատութեան ու ժողովրդավարութեան գործունէութիւն ծաւալած գործիչներին:

Այս տարի «Crans Montana» ֆորումի մրցանակը՝ «PRIX DE LA FONDATION 2019»-ը, շնորհւել է Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանին, Սլովենիայի Հանրապետութեան նախագահ Բորութ Պահորին եւ Գւինեայի Հանրապետութեան առաջին տիկին Ջենէ Կաբա Կոնդէին։

Մրցանակը յանձնելով Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանին՝ «Crans Montana Forum»-ի հիմնադիր եւ պատւաւոր նախագահ Ժան Պոլ Քարթերոնը մասնաւորապէս ասել է.

«Պարոն նախագահ, միշտ հաճելի է լսել Ձեզ: Մենք գնահատում ենք Ձեր խօսքը ոչ թէ այն պատճառով, որ այն գիտնականի խօսք է, այլ՝ որովհետեւ այն ուսանելի է ու յստակ։ Հայաստանը փոքր երկիր է, բայց գտնւում է բաւականին կարեւոր եւ բարդ խաչմերուկում։ Զբաղեցնելով նախագահի պաշտօնը՝ Դուք յոյս եւ հանգստութիւն բերեցիք։

Միասին մենք դեռ շատ անելիքներ ունենք եւ համատեղ կարող ենք իրականութիւն դարձնել դրանք։ Կուզենայի շնորհակալութիւն յայտնել այն ամէնի համար, ինչ Դուք անում էք»։

Շնորհակալութիւն յայտնելով պատւաւոր մրցանակի համար՝ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն ասել է. «Սա շատ կարեւոր ու արժէքաւոր մրցանակ է: Ես այն կընդունեմ իբրեւ նւէր, ինչպէս նաեւ երախտիք՝ իմ ապագայ կեանքի, ապագայում իմ անելիքների համար։

Այն շատ կարեւոր է, քանի որ «Crans Montana»-ն յատուկ վայր է ու արժէք ոչ միայն իմ սրտում եւ մտքում, այլեւ՝ ողջ աշխարհում։ Նախ եւ առաջ, այն իւրայատուկ կազմակերպութիւն է, որն ակտիւօրէն աշխատում ու գործունէութիւն է ծաւալում դեռեւս կայսրութիւնների ժամանակաշրջանից սկսած մինչեւ սառը պատերազմի աւարտ, միաբեւեռ աշխարհից մինչեւ մեր օրերի անորոշութիւնների շրջանը։ Ես վստահ եմ, որ այն իր իւրայատուկ դերակատարումն է ունենալու նաեւ վաղը, երբ ապագան աւելի մօտ կը լինի։

Երկրորդը՝ ես այն համարում եմ լակմուսի թուղթ։ «Crans Montana»-ի գաղափարները կարող ես աշխարհագրօրէն կիրառել որեւէ վայրում՝ լինի դա Հարաւային Աֆրիկան կամ Մերձաւոր Արեւելքը, Բալկանները, եւ ստանում ես խնդիրների, այդ թւում նաեւ՝ թաքնւած խնդիրների գոյները, որոնց մասին մարդիկ սովորաբար չեն խօսում։ Եւ սա մեծ նւաճում է։

Երրորդը, այն բաւականին երիտասարդ կազմակերպութիւն է՝ երիտասարդ է ոգով եւ ունի շատ երիտասարդ նախագահ, ով չի ամաչում ամէն օր սովորել, ունի մեծ էներգիա։ Իմ բառապաշարում երիտասարդութիւնը կամ տարիքը կապւած են գործելու եւ այլ մարդկանց այդ գործի մէջ ներառելու կարողութեան հետ։ Դրանք նաեւ կապւած են սովորելու ու սովորեցնելու, ընկերներ ձեռք բերելու հետ։ Այս բոլոր յատկանիշները «Crans Montana»-ի նախագահն ու կառոյցն ունեն։

Եւ վերջապէս, սա հիանալի վայր է ընկերներ ձեռք բերելու համար, ապացուցելու, որ այն ամէնը, ինչին հաւատացել ես, ճիշտ է եղել։ Շատ ուրախ եմ, որ մէկ ու կէս օրով այստեղ լինելով՝ արդէն իսկ կարողացել եմ ձեռք բերել ընկերներ աֆրիկեան երկրներից, Եւրոպայից, Մերձաւոր Արեւելքից։ Սակայն ամենակարեւորն այն է, որ ես գտել եմ մարդկանց, ովքեր ինձ հետ կիսում են նոյն գաղափարները։

Ընդամենը 5-10 րոպէ առաջ ես խօսում էի Գանայի նախարարի հետ այն մասին, թէ որքան կարեւոր է էլեկտրոնային ճանապարհով մարդկանց կապելը ողջ աշխարհով։ Եւ այդ հինգ րոպէների շնորհիւ այժմ ես կարծում եմ, որ Հայաստանը շատ աւելի մօտ է Գանային։ Եւ թերեւս, մենք ունենք միեւնոյն առաքելութիւնը՝ Դուք՝ Աֆրիկայում, մենք՝ Կենտրոնական Եւրասիայում։

Ես շատ կուզէի բոլորիդ մի օր տեսնել Հայաստանում։ Կը ցանկանայի, որ բոլորդ այցելէք Հայաստան՝ «Crans Montana»-ի համաժողովին եւ այդ լակումսի թուղթն օգտագործէք Միջերկրական ծովում եւ Եւրասիայում՝ հասկանալու, թէ ինչ է տեղի ունենում՝ սկսած Աֆղանստանից մինչեւ Չինաստան ու Իսպանիա։

Շնորհակալ եմ բոլորիդ, ակնկալում եմ ձեզ տեսնել Հայաստանում»։

Նախորդ տարիներին «Crans Montana» ֆորումի «PRIX DE LA FONDATION» մրցանակին արժանացել են Իսրայէլի նախկին վարչապետ Իցհակ Ռաբինը, ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը, Պաղեստինի նախկին ղեկավար Եասէր Արաֆաթը, Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոն, Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան, Չիլիի նախկին նախագահ Միշէլ Բաչելէն, պորտուգալացի քաղաքական ու պետական գործիչ, Եւրոպական յանձնաժողովի նախկին նախագահ Ժոզէ Մանուէլ Բարոզուն, ամերիկացի դիւանագէտ, պետքարտուղարի օգնական Ռիչարդ Հոլբրուքը, Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրին, Եւրոպական յանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Իւնկէրը եւ այլք:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։