Հա

Քաղաքական

03/07/2019 - 14:50

Նաղդալեանը բացառում է Արցախի հարցում միակողմանի զիջումների սցենարի գոյութիւնը

Հայաստանի համար խաղաղութեանը նպաստող միջավայրի ձեւաւորումն առաջնահերթութիւն է: Հայաստանը մշտապէս խօսել է խաղաղութեան դիրքերից, սակայն սա չի նշանակում, թէ խաղաղութեան համար պատրաստ է գնալ միակողմանի զիջումների:

«alikonline.ir» - Հայաստանի համար խաղաղութեանը նպաստող միջավայրի ձեւաւորումն առաջնահերթութիւն է: Հայաստանը մշտապէս խօսել է խաղաղութեան դիրքերից, սակայն սա չի նշանակում, թէ խաղաղութեան համար պատրաստ է գնալ միակողմանի զիջումների:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ հրաւիրւած ճեպազրոյցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարութեան մամուլի խօսնակ Աննա Նաղդալեանը:

«Խաղաղութեանը նպաստող միջավայրի ձեւաւորումն առաջնահերթութիւն է մեզ համար, քանի որ մենք չենք հաւատում, թէ հնարաւոր է արդիւնաւէտութիւն արձանագրել բանակցային գործընթացում, եթէ կայ տեղում իրադրութեան լարում։ Այն ենթադրութիւնը, թէ Հայաստանը կարող է բանակցել սպառնալիքի ներքոյ, շատ վտանգաւոր ենթադրութիւն է: Հայաստանը մշտապէս խօսել է խաղաղութեան դիրքերից, խօսել է բոլորի համար ընդունելի լուծում գտնելու անհրաժեշտութեան դիրքերից, սակայն սա չի նշանակում, թէ խաղաղութեան համար պատրաստ է գնալ միակողմանի զիջումների, որոնք վտանգի տակ են դնում Արցախի ինքնորոշման իրաւունքն ու անվտանգութիւնը»,- ասաց Նաղդալեան ու շեշտեց՝ այն ենթադրութիւնը, թէ միակողմանի զիջումների սցենարն իրական է, բացառւում է:

Անդրադառնալով յունիս ամսին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականեանի եւ Էլմար Մամեդեարովի հանդիպմանը՝ Նաղդալեանը նշեց, որ այդ հանդիպման ժամանակ հիմնական շեշտադրումն արւել է հանդիպմանը նախորդած ժամանակաշրջանում իրավիճակին, լարւածութեան թուլացմանը եւ վերադարձին այն իրավիճակին, որը հնարաւոր էր եղել ձեւաւորել Դուշանբէում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների արդիւնքում: «Դուշանբէում ձեռք բերւած պայմանաւորւածութիւններով հաստատւել էր օպերատիւ կապ, որն իր մէջ միջադէպերի կանխարգելման եւ դրանց արձագանքման տարրեր էր պարունակում: Ուստի հիմա անհրաժեշտութիւն է առաջացել ամրապնդել այդ մեխանիզմը, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ամրապնդել նաեւ հրադադարի ռեժիմը»,- ասաց նա:

Աննա Նաղդալեանը նշեց, որ այդ ամէնի մասին պայմանաւորւածութիւն ձեռք է բերւել այս տարւայ Վիեննայի, ինչպէս նաեւ 2016 թւականի Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի գագաթնաժողովների ժամանակ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։