Հա

Քաղաքական

09/07/2019 - 10:10

«168 ժամ». ««S-400»-ները հասնում են Թուրքիա. ի՞նչ մտահոգութիւն պէտք է ունենայ Երեւանը»

«168 ժամ» թերթը հարցազրոյց է վարել ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Վաղարշակ Յարութիւնեանի հետ։

«alikonline.ir» - «168 ժամ» թերթը հարցազրոյց է վարել ՀՀ պաշտպանութեան նախկին նախարար Վաղարշակ Յարութիւնեանի հետ։

 

- Պարոն Յարութիւնեան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը յուլիսի 8-ին յայտարարել է, որ ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերն արդէն բարձւում են ռազմական բեռնատար ինքնաթիռներ՝ Թուրքիա հասցնելու համար, ԱՄՆ-ն էլ սպառնացել է պատժամիջոցներ կիրառել։ Այս լարւածութեան պայմաններում ի՞նչ ռիսկեր կան՝ Արցախեան հակամարտութեան տեսանկիւնից, եւ Ռուսաստանն ի՞նչ դերակատարում կարող է ունենալ։

- Այս հարցին պատասխանելու համար պէտք է հասկանալ, թէ որտեղից սկսւեց խնդիրը, եւ ինչու «S-400»-ի գործարքը տեղի ունեցաւ։ ԱՄՆ-Թուրքիա յարաբերութիւնները վաղուց են լարւել, երբ խնդիրն այստեղ նոյնիսկ ոչ այդքան՝ Թուրքիա-ԱՄՆ ծիրում է, քանի որ Թուրքիան եւ ԱՄՆ-ը դաշնակից են, նոյն ռազմաքաղաքական դաշինքի անդամ են, այլ հակասութիւնը սկսւեց այն ժամանակ, երբ Թուրքիայում ռազմական յեղաշրջման փորձ տեղի ունեցաւ, եւ «Ինջիռլիք» ռազմաօդային ուժերի կայանն օգտագործւեց Էրդողանի դէմ։ Իսկ այդտեղ ամերիկեան զօրքն է տեղակայւած։ Աւելին, այն ժամանակ այդ կայանից ինքնաթիռներ էին թռել, որոնք պէտք է յարձակւէին այն հիւրանոցի վրայ, որտեղ գտնւում էր Էրդողանը, եւ այստեղից սկսւեց ԱՄՆ-Թուրքիա, աւելի ճիշտ՝ ԱՄՆ-Թուրքիայի այսօրւայ իշխանութիւն, իսկ եթէ աւելի մանրամասնենք՝ ԱՄՆ-Էրդողան հակասութիւնը։ Եւ երբ Էրդողանը ներկայացրեց պահանջ, որպէսզի վերադարձնեն ԱՄՆ-ում գտնւող Գիւլէնին, որը համարւում էր այդ յեղաշրջման կազմակերպիչը, ԱՄՆ-ը մերժեց, եւ սկիզբ դրւեց հակասութեան։

Ինչ վերաբերում է ՀՕՊ (հակաօդային պաշտպանութեան) համակարգերին, ապա Թուրքիան այսօր յայտարարում է, որ ինքը դիմել է ԱՄՆ-ին, որպէսզի ձեռք բերի ամերիկեան համանման «Պատրիոտ» կոչւող համակարգը, բայց ԱՄՆ-ը Թուրքիային չի առաջարկել յարմար պայմաններ, դրա համար թուրքերը Ռուսաստանից են գնում։ Սակայն այստեղ խորքային խնդիր կայ, որ Անկարան մշտապէս է դիմում նման շանտաժի։ Սա առաջին դէպքը չէ, երբ Թուրքիան դիմում է Ռուսաստանին, վերջինս մասնակցում է սպառազինութեան համար յայտարարւած մրցոյթներին, բայց վերջին պահին, հասնելով իր նպատակին, որ ԱՄՆ-ը ստիպւած իջեցնում է գինը, Թուրքիան վերցնում է ամերիկեանը։ Այս դէպքում դա չստացւեց, որովհետեւ այստեղ ԱՄՆ-ը շատ կոշտ դիրքորոշում ցուցաբերեց Թուրքիայի հանդէպ եւ չտրւեց այդ ճնշմանը, շանտաժին եւ չիջեցրեց համակարգերի գինը։ Եւ այդ պատճառով կնքւեց «S-400»-ների մատակարարման ռուս-թուրքական գործարքը։ ԱՄՆ-ը այժմ պահանջում է, որպէսզի Թուրքիան հրաժարւի ռուսական այդ սպառազինութիւնը գնելուց, եւ սպառնում է, որ չի տրամադրի 100 հատ նորագոյն «F-35» ինքնաթիռները, որի դիմաց Թուրքիան արդէն նախնական գումար է վճարել։ Եւ հակասութիւնները խորանում են։ Այստեղ պէտք է նշել, որ Թուրքիան, լինելով ԱՄՆ-ի դաշնակիցը, ՆԱՏՕ-ի անդամ, պատմութեան ընթացքում եղել են դէպքեր, երբ յատուկ սրել է յարաբերութիւնները, որպէսզի հասնի իր նպատակներին, եւ մինչ օրս յաջողել էր։ Այստեղ նաեւ պէտք է հաշւի առնենք Սիրիայի գործօնը, ինչը նոյնպէս Թուրքիային մղել է ՌԴ-ի հետ ունենալ ժամանակաւոր շահեր։ Թուրքիան օգտագործում է այդ հակամարտութիւնը։ Ինքը մասնակից է հակաասադական, հակասիրիական դաշինքի, եւ երբ ԱՄՆ սկսեց իր նպատակին հասնելու համար օգտագործել Սիրիայի քրդերին Բաշշար Ասադի դէմ, ԱՄՆ-Թուրքիա հակասութիւնները կրկին խորացան, որովհետեւ Թուրքիայի համար այսօր թիւ մէկ ռազմական սպառնալիքը քրդերի գործօնն է ե՛ւ Թուրքիայի ներսում, ե՛ւ Սիրիայում, ե՛ւ Իրաքում, ե՛ւ Իրանում։ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը համատեղ եկան համաձայնութեան, եւ նորից Թուրքիան օգտագործեց սա։ Հասկանալի է, որ Իրանն ու Ռուսաստանն ԱՄՆ հակառակորդներ են, իսկ Թուրքիան՝ լինելով ՆԱՏՕ-ի անդամ, համագործակցում է նրանց հետ։ Այս հակասութիւններն այժմ բերել են նրան, որ Թուրքիան ժամանակաւոր օգտագործում է Ռուսաստանի գործօնը, Իրանի գործօնը եւ լուծում է իր հարցերը թէ՛ գլոբալ առումով՝ ԱՄՆ-Թուքիա, ԱՄՆ-Արեւմուտք ուղղութեամբ, թէ՛ Սիրիայում։

Իսկ Սիրիայում ո՞րն է Թուրքիայի շահը։ Նա ցանկանում է Իդլիբը, որտեղ թուրքամէտ բնակչութիւն է եւ թուրքեր են ապրում, պահել իր ազդեցութեան գօտում, եւ դրա համար համագործակցում է Իրանի եւ Ռուսաստանի հետ։ Սա է այսօր իրավիճակը, եւ առկայ հակասութիւնները մարտավարական բնոյթ ունեն, որովհետեւ նոյն Ռուսաստանի ռազմական դոկտրինում գրւած է, որ ՆԱՏՕ-ն սպառնալիք է ՌԴ-ի համար։ ԱՄՆ-Իրան յարաբերութիւնները նոյնպս խիստ լարւած են, գրեթէ նախապատերազմական են։ Իրանը պայքարում է այս տարածաշրջանում լիդերութեան համար այնպէս, ինչպէս եւ Թուրքիան։

Այս իրավիճակում Ղարաբաղեան հակամարտութիւնում լայնածաւալ ռազմական գործողութիւնների հաւանականութիւնը նւազում է այս պահին, որովհետեւ իր բոլոր գործողութիւնները համաձայնեցնում է Թուրքիայի հետ, եւ այս հակամարտութիւնում մենք գործ ունենք ոչ միայն Ադրբեջանի հետ, այլեւ թուրք-ադրբեջանական դաշինքի հետ, եւ երբ Թուրքիան զբաղւած է նշւած խնդիրներով, բնական է, որ նա շահագրգռւած չի, որ այստեղ սկսւեն ռազմական գործողութիւններ։

 

- Եթէ ԱՄՆ-Թուրքիա հակասութիւնները ժամանակաւոր են ու մի օր կաւարտւեն, ապա ի՞նչ երաշխիք, որ այդ ժամանակ Թուրքիան «S-400» համակարգերը չի փոխանցի Ադրբեջանին, ու դրանք չեն օգտագործւի Ղարաբաղեան հակամարտութիւնում։

- Առաջին երաշխիքն այն է, որ զէնքի վաճառքի դէպքում այսպիսի հասկացողութիւն կայ՝ արգելւած է առանց իրաւունքի փոխանցել երրորդ կողմի, երկրորդ՝ Թուրքիան ինքն իր համար է ձեռք բերում այդ համակարգերը, նա չունի այդպիսի հեռահար համակարգեր, իսկ Ադրբեջանն ունի «S-300», որը մեր տարածաշրջանի համար լիովին բաւարար է, եւ Ադրբեջանի համար իմաստ էլ չկայ «S-400» վերցնել ու այս տարածաշրջանում օգտագործել։ Այնպէս որ, ես այստեղ նման գործարքի հիմք չեմ տեսնում, հակառակը՝ թուրքական հաշւարկները ներկայումս գտնւում են Ադրբեջանում, եւ սովորում են «S-300»-ի վրայ, որպէսզի կարողանան շահագործել «S-400»-ները։

 

- Այսինքն՝ Երեւանը Մոսկւայից որեւէ պահանջ չի՞ կարող ունենալ՝ այս գործարքի հետ կապւած։

- Նախ՝ դա հակաօդային պաշտպանութեան համակարգ է, եւ երկրորդ՝ մենք այդքան աւիացիա չունենք, ու Ադրբեջանի ունեցած ՀՕՊ համակարգերը բաւարար են իր անվտանգութիւնն ապահովելու համար, հետեւաբար՝ Թուրքիայից որեւէ համակարգ վերցնելու անհրաժեշտութիւն չկայ։ Այստեղ խնդիրը ոչ թէ ռազմական է, այլ աւելի շատ ռազմաքաղաքական է, եւ մեր շահերից բխում է, որ Թուրքիան չկարողանայ այս տարածաշրջանում ազատ գործել։ Իսկ յայտնի է, որ Անկարան պայքարում է լիդերի դերի համար։ Վրաստանում նա հասնում է յաջողութիւնների, այնտեղ ունի ներդրումներ, ունի ռազմաքաղաքական պայմանագրեր, Վրաստանը ՌԴ-ի հետ հակասութիւններ ունի։ Մնում է Հայաստանը, որպէսզի Թուրքիան այստեղ լիարժէք լիդեր դառնայ։ ԱՄՆ-ի հետ խնդիրների պատճառով Թուրքիայի ռազմաքաղաքական կշիռը նւազում է, ու թէեւ ՌԴ-ի հետ ունի ժամանակաւոր լաւ յարաբերութիւններ, բայց պարզ է, որ Ռուսաստանը չի ցանկանայ, որպէսզի Թուրքիան գերիշխի այս տարածաշրջանում, եւ թոյլ չի տայ դա։ Եւ, կրկնեմ, այս իրավիճակում նւազում է հաւանականութիւնը, որ Ադրբեջանը ռազմական գործողութիւններ կը սկսի։ Ամէն դէպքում, պատերազմի չվերսկսման հիմնական երաշխիքը մեր տնտեսական հզօրութիւնն է, որը թոյլ կը տայ ունենալ հզօր բանակ, որն ի վիճակի է կանխել հակառակորդի յարձակումը»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։