Հա

Քաղաքական

10/07/2019 - 14:40

Փաշինեանն արդիւնաւէտ, կառուցողական է գնահատում Տուսկի հետ հանդիպումը. նա ուղերձ է յղել ԵՄ երկրներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Եւրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումը՝ հրաւիրւած մամուլի ասուլիսում բարձր գնահատեց եւ նշեց, որ իրենց բոլոր շփումները շատ տպաւորիչ են եղել՝ անցնելով բարեկամութեան եւ կառուցողական երկխօսութեան մթնոլորտում:

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը Եւրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումը՝ հրաւիրւած մամուլի ասուլիսում բարձր գնահատեց եւ նշեց, որ իրենց բոլոր շփումները շատ տպաւորիչ են եղել՝ անցնելով բարեկամութեան եւ կառուցողական երկխօսութեան մթնոլորտում:

«Ունեցանք արդիւնաւէտ քննարկում, անդրադարձանք Հայաստան-ԵՄ յարաբերութիւներին վերաբերող հարցերի լայն շրջանակին: Մտքերի փոխանակում ունեցանք քաղաքական եւ ճիւղային, այսպէս կոչւած, սեկտորալ համագործակցութեանը, ինչպէս նաեւ Հայաստանի ներքին կեանքին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ: Ես վերահաստատեցի օրէնքի գերակայութեան եւ ժողովրդավարութեան ամրապնդման, ինչպէս նաեւ կոռուպցիայի դէմ պայքարի Հայաստանի իշխանութիւնների որդեգրած յանձնառութիւնը: Հանդիպման ընթացքում խօսեցի Հայաստանում իրականացւող բարեփոխումների մասին՝ յիշատակելով անկախ դատական համակարգ կառուցելու ուղղութեամբ մեր գործադրած ջանքերը: Ընդգծեցի, որ Հայաստանը այդ հարցում մեծապէս կարեւորում է եւրոպական հաստատութիւնների, այդ թւում, ԵՄ աջակցութիւնը եւ յայտնում իր երախտագիտութիւնը ցուցաբերւող աջակցութեան համար»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինեանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց ԵՄ անդամ պետութիւնների հետ համագործակցութեան ընդլայնման վերաբերեալ Հայաստանի իշխանութիւնների քաղաքական յանձնառութիւնը: Երկուստեք նշւել է Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան մասին պայմանագրի մեծ նշանակութիւնը եւ եւրոպական երկրների կողմից այն շուտափոյթ վաւերացնելու կարեւորութիւնը: ՀՀ վարչապետի խօսքով, տւեալ պայմանագիրը մի գործիք է, որի իրականացումը ոչ միայն նպաստելու է Հայաստան-ԵՄ զարգացմանն, այլեւ օգնելու  է Հայաստանի իշխանութիւնների բարեփոխումների օրակարգի իրականացմանը: Այս առումով, ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ Հայաստանի կառավարութեան գերատեսչութիւնները ԵՄ համապատասխան մարմինների հետ համագործակցութեամբ մշակել են Համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան մասին համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտէզը:

«Մենք անդրադարձանք մուտքի արտօնագրերի ազատականացման վերաբերեալ երկխօսութիւն սկսելու խնդրին: Իմ կողմից նշւեց Հայաստանի շահագրգռւածութիւնն այս հարցում յատկապէս միջանձնային շփումների ընդլայնման անհրաժեշտութեան տեսանկիւնից: Ես դիմեցի պարոն Տուսկին ԵՄ անդամ պետութիւններին այս ուղերձը փոխանցելու խնդրանքով»,- ասաց ՀՀ վարչապետը:  

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Արեւելեան գործընկերութեանը, որն այս տարւայ մայիսին նշեց իր հիմնադրման 10-րդ տարեդարձը:

«Մենք զրուցեցինք նաեւ տարածաշրջանային խնդիրների մասին: Երախտագիտութիւն յայտնեցի ԵՄ կողմից ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում հաւասարակշռւած դիրքորոշում ցուցաբերելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը պաշտպանելու համար: Համոզւածութիւն յայտնեցի ԵՄ այս կեցւածքի շարունակականութեան հարցում»,- ասաց ՀՀ վարչապետը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։