Հա

Քաղաքական

16/07/2019 - 10:40

«Այսպիսի կողմնակիցների պարագայում Նիկոլ Փաշինեանին նոյնիսկ թշնամիներ պէտք չեն». Արփինէ Յովհաննիսեան

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինէ ՀՅովհաննիսեանը ֆէյսբուքեան իր էջում արձագանքել է ՀՀ իշխանութեան ներկայացուցիչների եւ աջակիցների մեկնաբանութիւններին՝ Վենետիկի յանձնաժողովի զեկոյցի վերաբերեալ։

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինէ ՀՅովհաննիսեանը ֆէյսբուքեան իր էջում արձագանքել է ՀՀ իշխանութեան ներկայացուցիչների եւ աջակիցների մեկնաբանութիւններին՝ Վենետիկի յանձնաժողովի զեկոյցի վերաբերեալ։

«Իշխանութեան ներկայացուցիչների այսօրւայ յայտարարութիւնների ողջ ներկապնակը եւս մէկ անգամ ցաւալիօրէն դարձաւ այն բանի վկայութիւնը, որ այս մարդիկ բացարձակապէս չեն կարողանում լսել այլընտրանքային կարծիք՝ նոյնիսկ, եթէ խօսքը միջազգային հեղինակաւոր կառոյցի մասին է, որի առջեւ Հայաստանի Հանրապետութիւնը ստանձնել է մի շարք պարտաւորութիւններ։ Փոխարէնը իրենց ոճին համապատասխան իշխանութիւնները բոլոր քննարկումները իջեցրեցին այն մակարդակի, թէ որտեղից է «շահարկողների» ձեռքում յայտնւել «յոյժ» գաղտնի փաստաթուղթը եւ փաստաթուղթը արձանագրութիւն է, թէ արձանագրութիւն չէ։ Անընդհատ թմբկահարում էք, որ ժողովրդի իշխանութիւն էք, սակայն ձեռք էք բերում համաձայնութիւններ եւ դրանք այնպէս թաքցնում նոյն ժողովրդից, որ միակ տարբերակը «շահարկողների» համար մնում է հրապարակել այն, ինչ դուք այդքան խնամքով թաքցնում էք։

Իմիջայլոց, միակողմանի շահարկումների մասին խօսելուց առաջ, պէտք է ուշադրութիւն դարձնէիք, որ պատահական չէր, որ հրապարակւել էր նաեւ ամբողջական անգլերէն տեքստը։ Որպիսի երկկողմանի «շահարկէք» ու ոչ «կցկտուր» մեկնաբանէք։

Յ.Գ. Արդարադատութեան երիտասարդ նախարարին յորդորում եմ յայտարարութիւններից առաջ երկար կշռադատել, ասում են, օգտակար է։ Իր համար միշտ եղել է։

Այսօրւայ ոչ կուսակցական կարգավիճակս թոյլ է տալիս մի բան ասել հաստատ՝ նախկին իշխանութիւնները ներկայիս իշխանութիւնների նկատմամբ հաստատ ունեն նւազագոյնը մէկ ակնյայտ առաւելութիւն։ Այն պատգամաւորները, որոնք ոչինչ չէին հասկանում ԵԽ-ից, Վենետիկի յանձնաժողովից, դրա փաստաթղթերից, այդ մարմինների գործունէութիւնից երբեք, լսում էք, երբեք չէին մեկնաբանում Վենետիկի յանձնաժողովի եւ այլ միջազգային կառոյցների գնահատականները։ Նոյնը մաղթում եմ Ձեր նույնատիպ պատգամաւորներին։ Իսկ քաւոր սանիկների աջակցութիւնը միմեանց չեմ էլ մեկնաբանի։

Յ.Յ.Գ. Նիկոլ Փաշինեանին մի ներքաշէք ձեր ձախողումների մէջ։ Դուք ամէն անգամ ստիպում էք, որ նա իր անձնական հեղինակութեան եւ վստահութեան շնորհիւ փրկի ձեզ ձախողումներից՝ ստիպելով իրեն անել հերթական սխալը։ Վարչապետը գործադիր իշխանութեան գլուխ է եւ ՍԴ-ի հետ կապւած յայտարարութիւններ չի կարող անել, չպիտի անի, վերջապէս պէտք չի, որ անի։ Այսպիսի կողմնակիցների եւ աջակիցների պարագայում Նիկոլ Փաշինեանին նոյնիսկ թշնամիներ պէտք չեն։

Գիտեմ, որ միջանձնային շփումներում գերադասում էք ցոյց չտալ, որ կարդում էք իմ կամ այլ կարծիք յայտնողների գրառումները, ամէն մի գրառման մէջ անձնաւորւած հետք էք ման գալիս, բայց դա ոչ միայն «քաղաքական իմբեցիլիզմի» այլ նաեւ խիստ պարզունակ մօտեցման մասին է խօսում։ Դրանից ոչ ասւածի արձագանքը ոչ էլ ազդեցութիւնը չի փոխւում»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։