Հա

Քաղաքական

30/07/2019 - 14:30

«Աշնանն ընդդիմութեան դաշտում համախմբման եւ գործընկերութեան ձեւաւորման գործընթացը կաւարտւի». Քոչարեանի հարցազրոյցը՝ «Գոլոս Արմենիի» թերթին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը պատասխանել է «Գոլոս Արմենիի» թերթի հարցերին:

«alikonline.ir» - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը պատասխանել է «Գոլոս Արմենիի» թերթի հարցերին:

 

- Իշխանութիւնը չունի զարգացման յստակ հայեցակարգ: Ի՞նչ էք մտադիր հակադրել «մերկ» ամբոխահաճութեանը (պոպուլիզմին), այլ կերպ ասած` ինչո՞վ է հիմնաւորւած քաղաքականութիւն վերադառնալու` Ձեր յայտը: Պետութեանն անհրաժեշտ է զարգացման կենսունակ նախագիծ, մարդիկ ցանկանում են իմանալ, թէ ինչ կը լինի վաղը երկրի հետ, չէ՞ որ ժամանակն աշխատում է ոչ միայն վարչապետի, այլ նաեւ Հայաստանի ու Արցախի դէմ:

- Կառավարչական փորձ, երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման հայեցակարգային ծրագիր եւ կառավարիչների պրոֆեսիոնալ, կանխատեսելի թիմ: Պետական մեքենան պետք է աշխատի ժամացոյցի պէս, ընդ որում` հասարակութեան համար ըմբռնելի ռեժիմով: Առանց դրա պարզապէս անհնար է երկրի յաջող արդիականացման, բարեփոխումների եւ արդիւնաւէտ կառավարման իրականացումը: Ես Ղարաբաղում ու Հայաստանում նախագահելու յաջողւած փորձ ունեմ: Վերջին 10 տարիներին եղել եմ տնտեսութեան ամենատարբեր բնագաւառներում աշխատող խոշոր ներդրումային ընկերութեան տնօրէնների խորհրդի անդամ: Այնպէս որ` ռազմական ու պետական շինարարութեան, սոցիալ-տնտեսական մասշտաբային բարեփոխումների իրականացման եզակի փորձ ունեմ, ինչպէս նաեւ ժամանակակից բիզնեսի մեխանիզմների գործադրման ընկալում: Հայաստանում շա՞տ են արդեօք նման փորձ ունեցող մարդիկ:

 

- Հասարակութեան մի մասի համար ընդդիմութիւն լինելը Քոչարեանի հետ լինելն է, հակառակ պարագայում` իշխանութիւնների ապօրինութիւններին դիմադրելը արդիւնաւէտ չի համարւում: Որքա՞ն էք մտադիր հետեւել սպասողական մարտավարութեանը եւ ո՞ր պահին կը հնչեցնէք Ձեր պատկերացումները ընդդիմութեան կոնկրետ ձեւաչափի մասին, որի նպատակն է լինելու ձեւաւորել «կոնսենսուս մինուս մէկ» իրավիճակը: Յայտնի է, որ խորհրդարանում ընդդիմութիւն, որպէս այդպիսին, չկայ, եւ գործունակ այլընտրանքային քաղաքական բեւեռ կարող է ձեւաւորւել Ձեր մասնակցութեամբ ու Ձեր շուրջը:

- Կարծում եմ` «կոնսենսուս մինուս մէկ»-ը, որպէս գաղափար, արդէն ձեւաւորւել է քաղաքական դաշտում: Բոլորը տեսնում են, որ պետական ապարատը ծառայում է ոչ թէ երկրի զարգացման ծրագրերին, այլ մէկ մարդու բնազդներին ու քմահաճոյքներին, որ բխում են նրա` ծայրայեղ պարզունակ աշխարհայեացքից: Իշխանութիւնների պարզունակութեան եւ ֆունկցիոնալ իմպոտենցիայի մասին այսօր խօսում են բոլորը: Այսինքն` ընդդիմութեան դաշտում համախմբման համար բարեբեր հող կայ: Սակայն չեմ կարծում, որ համախմբման միասնական կենտրոնը կը ստեղծւի միանգամից: Ենթադրում եմ, որ ձգողականութեան տարբեր ուժով մի քանի կենտրոններ կը լինեն, սակայն դրանց միջեւ ակտիւ համագործակցութիւն կապահովւի։ Ընդ որում` հէնց այդտեղ կը կենտրոնանայ հասարակութեան քաղաքականապէս ակտիւ մտաւոր հատւածը: Այդ գործընթացներում ես կարեւոր օղակ կը լինեմ, սակայն ամենեւին ոչ` միակը: Երկրին հարկաւոր է առողջ ուժերի լայն համախմբում: Այդ գործընթացն անպայման կը յանգեցնի նաեւ խորհրդարանական ընդդիմութեան արմատականացմանը, այլապէս` այն կը կորցնի իր ընտրազանգւածը: Աշնանն ընդդիմութեան դաշտում համախմբման եւ գործընկերութեան ձեւաւորման գործընթացը կաւարտւի, եւ քաղաքական պայքարը կը ստանայ համակարգւած ու մասշտաբային բնոյթ:

 

- Չէ՞ք կարծում, որ քաղաքական դաշտում առկայ ոչ ստանդարտ իրավիճակը պահանջում է ոչ ստանդարտ մօտեցումներ, հակառակ դէպքում` «ներքեւից» դժգոհութիւնը կարող է յանգեցնել այն բանին, որ իշխանութեան հարցը դարձեալ կը լուծւի փողոցում, եւ մի պոպուլիստի փոխարէն իշխանութեան կը գայ մէկ ուրիշը: Ինչպէ՞ս կանխել այդ վտանգը:

- Կարծում եմ` իշխանութեան հարցն ամէն պարագայում կորոշւի փողոցում... արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների միջոցով: Կառավարման այս որակով ներկայիս իշխանութիւնը երկար չի դիմանայ եւ վերընտրւելու հեռանկարներ չունի: Ընտրողը լիուլի կուշտ կը լինի պոպուլիստներից եւ աւելի պահանջկոտ կը լինի ընտրութիւն կատարելիս: Սովորաբար, ձախողւած պոպուլիստներին փոխարինելու են գալիս փորձառու, կրթւած եւ հաւասարակշիռ պրագմատիկները, այդպիսին է քաղաքական գործընթացների տրամաբանութիւնը: Թարմ օրինակ` Յունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքները:

 

- Վրացական տնտեսութեան մէջ թուրք-ադրբեջանական գործօնի դերի մեծացումը եւ ԱՄՆ-ի ու Իրանի յարաբերութիւններում բարդութիւնները նոր որակի մարտահրաւէրներ են պարունակում Հայաստանի եւ Արցախի ապագայի համար: Տարածաշրջանը փոփոխւում է` սեւեռելով գերտէրութիւնների ուշադրութիւնը: Մեր երկիրը պատրա՞ստ է արդեօք դիմակայել այդ մարտահրաւէրներին, թէ՞ մենք վերջնականապէս կարող ենք կորցնել զարգացման հնարաւորութիւնը:

- Պէտք է ինքերս մեզ շիտակ հարցնենք` ի՞նչ է հարկաւոր Հայաստանին մեր տարածաշրջանում ազդեցիկ խաղացող դառնալու համար: Ինչո՞վ ենք մենք հետաքրքիր, որո՞նք են մեր առաւելութիւնները հարեւանների համեմատ: Որտե՞ղ են մեր խնդիրները: Ազնիւ պատասխանը հաստատ սփոփիչ չի լինելու:

Մենք սեղմւած ենք 4 երկրի միջեւ: Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մեր յարաբերութիւնները, մեղմ ասած, լաւ չեն: Իրանն ԱՄՆ-ի սեւ ցուցակում է, պատժամիջոցների մշտական ճնշման տակ: Վրաստանն ակտիւօրէն ձգտում է դէպի այն աշխարհաքաղաքական դաշինքը, որը հակամարտում է Հայաստանի անդամակցած դաշինքի հետ, որից էլ մենք աշխարհագրօրէն կտրւած ենք Վրաստանի տարածքով: Ունենք ոչ մեծ, ծերացող բնակչութիւն` կայուն վատթարացող ժողովրդագրական իրավիճակով, ինչը զրկում է մեզ մասշտաբային տնտեսութեան էֆեկտից: Չորս հարեւանից երկուսի հետ խնդրայարոյց յարաբերութիւնները հնարաւորութիւն չեն տալիս դառնալու տարածաշրջանային լիբերալ հարթակ տարատեսակ ծառայութիւնների լայն սպեկտրի համար: Մենք չունենք զգալի բնական պաշարներ, որոնք կը հետաքրքեն խոշոր վերազգային կորպորացիաների: Մեր տարածքը մեծ չէ, եւ նոր հաղորդակցուղիները հեշտութեամբ կարող են շրջանցել մեզ: Առկայ տրանսպորտային խնդիրներն ազդում են արտադրանքի ինքնարժէքի վրայ եւ մեծապէս նեղացնում արդիւնաբերական զարգացման հնարաւոր սեգմենտները: ԽՍՀՄ-ից ժառանգւած` տեխնիկապէս գրագէտ մարդկային կապիտալը, որն անհրաժեշտ է գիտելիքայեն արդիւնաբերութեան զարգացման համար, անվերադարձ մսխւել է: Սփիւռքի մասնակցութիւնը Հայաստանի տնտեսական զարգացմանը կրճատման նկատելի միտում ունի: Սփիւռքը ձուլւում է բնակութեան երկրներում ինչպէս երկրորդ եւ երրորդ սերունդների օբիեկտիւ շարժառիթների, այնպէս էլ գլոբալացման ճնշման տակ ազգային գաղափարի էրոզիայի պատճառով: Նոյն պատճառներով թուլանում են հայկական համայնքների ինքնակազմակերպման աւանդական ինստիտուտները: Աւելացրէք դրանց Ղարաբաղեան հակամարտութեան հիմնախնդիրը:

Սա երկրի առջեւ ծառացած մարտահրաւէրների` դեռեւս ոչ ամբողջական ցուցակն է:

Հնարաւո՞ր է լուծել դրանք` յենւելով պոպուլիզմի եւ կարգախօսային դատարկաբանութեան վրայ: Միանշանակ` ոչ․ դրանց յաղթահարման համար հարկաւոր են գերջանքեր, գերկազմակերպւածութիւն ու գերկոմպետենտութիւն: Մենք պէտք է բացառապէս արդիւնաւէտ լինենք իւրաքանչիւր գործում, որ անում ենք, եւ պէտք է անենք միայն այն, ինչը մեզ առաջ է մղում: Այսօր ոչ մի նախանշան չկայ, որ իշխանութիւնն ադեկւատ կերպով հասկանում է երկրի առջեւ ծառացած խնդիրների ամբողջ բարդութիւնը:

 

- Կիսո՞ւմ էք քաղաքագէտների այն մտահոգութիւնը, որ, Ձեզ մեկուսացնելով եւ ՀՀԿ-ին վարկաբեկելով, իշխանութիւնը փորձում է Հայաստանը ներքաշել Իրանի դէմ աշխարհաքաղաքական սեպարատ համաձայնութեան ԱՄՆ-ի հետ: Այլ կերպ ասած` Ձեր հանդէպ վենդետան ինչ-որ աշխարհաքաղաքական նպատակ ունի՞, թէ՞ խօսքը անցեալի հաշիւներ մաքրելու մասին է, կամ` 2008-ի մարտի 1-ի հետեւանքների մեղքը Ձեզ վրայ բարդելու փորձ:

- Բացարձակապէս յօրինւած մեղադրանքներով ինձ ամէն գնով մեկուսացնելու ջանասիրութիւնը բազմաթիւ հարցեր է առաջացնում: Եթէ դա միայն սեւեռուն վենդետա է, ապա վարչապետի հոգեբանական պատկերը պէտք է անհանգստացնի հասարակութեանը: Քաղաքագէտներին դուր չի գալիս իռացիոնալութիւնը, եւ նրանք իմ հետապնդման բացատրելի շարժառիթներն են փնտրում: Նրանց մտահոգութիւնները ճշմարտանման են, սակայն, այնուամենայնիւ, մնում են վերլուծական եզրահանգումների ոլորտում:

 

- Քաղաքագէտները, այդ թւում` ռուսաստանցի, աւելի յաճախ են Ձեր կալանաւորումը կապում վարչապետի ինչ-ինչ խոստումների հետ, որ նա տւել է արեւմտեան վերնախաւերին` ՀՀ-ում ռուսական ազդեցութեան թուլացման հետ կապւած: Ձեր կարծիքով` ինչպիսի՞ն է իրավիճակը Ռուսաստան-Արեւմուտք գլոբալ քաղաքական դիմակայութեան համատեքստում:

- Արտաքին քաղաքականութեան մէջ ընդունելի եւ ըմբռնելի կոմպլեմենտարութեան միջանցքը Հայաստանի համար չափազանց նեղացել է: Դա շատ է բարդացնում մի գիշերւայ մէջ աշխարհաքաղաքական կողմնորոշումները փոխած իշխանութիւնների կեանքը: Պարզ է, որ նրանք շարունակում են մտածել այնպէս, ինչպէս ժամանակին էին մտածում, սակայն ստիպւած են ձեւացնել, ձեւական անկեղծութիւն ցուցադրել, ինչը միշտ չէ, որ ստացւում է: Այստեղից էլ` քաղաքական երկերեսանիութիւնը, աշխարհաքաղաքական լղոզւած ուղենիշները, մշտական ձախողումները եւ, որպէս հետեւանք, գործընկերների հետ ոչ լիարժէք յարաբերութիւնները: Հնարաւոր չէ յաջողութեամբ անել մի բան, ինչին չես հաւատում, ինչում համոզւած չես:

 

- Արցախի Հանրապետութիւնում նախագահական ընտրութիւնների քարոզարշաւի ակնյայտ ֆալստարտ է: Հաւատո՞ւմ էք Հայաստանից յեղափոխութեան արտահանմանը, ինչը կը յանգեցնի արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնների:

- Յուսով եմ` դա տեղի չի ունենայ` չնայած Հայաստանի իշխանութիւնների յամառ ջանքերին: Արտահերթ ընտրութիւնները սովորաբար արտացոլում են ներքաղաքական ճգնաժամը, որի նախանշաններ Ղարաբաղում հաստատ չկան: Այնտեղ ձեռակերտ ճգնաժամ ստեղծելը մեծ անպատասխանատւութեան դրսեւորում  եւ ազգային շահերի դաւաճանութիւն կը լինի: Ղարաբաղցիները պէտք է ամրութիւն ցուցաբերեն եւ մերժեն ապակառուցողական միջամտութեան ցանկացած փորձ:

 

- Արդարադատութեան հետ կապւած կատակերգութիւնը ցոյց տւեց, թէ ինչքան են Ձեզանից վախենում քաղաքական խարդախները: Չէ՞ք կարծում, որ ընդդիմադիր շարժումը կարելի է գլխաւորել ցանկացած իրավիճակում, եւ դա ազատութեան ու արդարութեան հասնելու աւելի կարճ ճանապարհ է, քան դատավարութիւնները, որոնք ընթանում են իշխանութիւնների կողմից դատաւորների հանդէպ անթաքոյց ճնշումների պայմաններում:

- Այն, ինչ այսօր տեղի է ունենում հայկական արդարադատութեան հետ դեռ երկար տարիներ երկրի խայտառակութիւն կը համարւի: Մէկ տարւայ հետապնդումների ընթացքում իմ իրաւունքների կոպիտ խախտումների թիւը շոկ է առաջացնում նոյնիսկ ամէն բան տեսած փաստաբանների մօտ: «Դատական» նիստի ընթացքում մեղադրեալին հրապարակաւ զրկել բոլոր իրաւունքներից իրենց թոյլ չէին տալիս անգամ միջնադարեան «արդարադատութեան» խաւարամիտները: Ներկայումս անօրինականութիւնը շարունակւում է, տարբեր հնարքներով ինձ հնարաւորութիւն չեն տալիս բողոքարկելու կալանաւորման մասին ապօրինի վճիռը: Երկրի դատախազութիւնը վերածւել է քաղաքական ինկվիզիցիայի: Դժւար է պատկերացնել, որ նման կամայականութիւններ հնարաւոր են էլի ինչ-որ տեղ:

Իմ քաղաքական ակտիւութեան՝ իշխանութեան կողմից պարտադրած «դատական» բաղադրիչը բարդ է անտեսել: Ստիպւած եմ անազատութեան մէջ համադրել ընդդիմադիր գործունէութիւնը եւ իրաւական պաշտպանութիւնը, եթէ դա կարելի է այդպէս անւանել: Սակայն այս ամէնը մի դրական հանգամանք ունի: Իշխանութիւնը, հիստերիայի մէջ, դեն գցեց արդարութեան համար պայքարողի բարեսիրտ դիմակը` ցուցադրելով բոլորին, որ իր կարգախօսները եւ հնչեցրած արժէքներն իրականութեան հետ որեւէ առնչութիւն չունեն: Դա չափազանց կարեւոր է հասարակութեան մտածող մասի համար, եւ իշխանութիւնն արդէն զրկւել է նրա աջակցութիւնից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։