Հա

Քաղաքական

19/08/2019 - 15:00

«Սա շատ լաւ ցոյց է տալիս, թէ ինչ բոբիկ է ՀՀ իշխանութիւնը տեղեկատւական անվտանգութեան առումով». Կարէն Վրթանէսեանը՝ Չինարիի վերաբերեալ Արարատ Միրզոյեանի գրառման մասին

Ռազմական փորձագէտ Կարէն Վրթանէսեանը ֆէյսբուքում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյեանի յայտարարութեանը, թէ Ադրբեջանն այլեւս չի կարողանայ գնդակոծել Չինարին:

«alikonline.ir» - Ռազմական փորձագէտ Կարէն Վրթանէսեանը ֆէյսբուքում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյեանի յայտարարութեանը, թէ Ադրբեջանն այլեւս չի կարողանայ գնդակոծել Չինարին. գրում է Tert.am-ը:

Վրթանէսեանը նշել է, որ թէեւ հայկական կողմը Չինարիի ուղղութեամբ դիրքերի բարելաւում ունի, բայց հակառակորդի դիրքերը մնում են իրենց տեղերում եւ գնդակոծութեան վտանգը չի վերացել։

Կարէն Վրթանէսեանի գրառումն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ․

«Չինարիի մասին՝ իրականութիւնը.

Արդէն Արարատ Միրզոյեանի մօտ տեսայ այնպիսի պնդում, թէ հակառակորդը իբր այլեւս չի կարող գնդակոծել Չինարին։

Սա շատ լաւ ցոյց է տալիս, թէ ինչ բոբիկ է մեր իշխանութիւնը տեղեկատւական անվտանգութեան առումով․ ինչ-որ Ճ կլասի լրատւակայքի տարածած կիսասուտ տեղեկութիւնը միանգամից հասել է իշխանութեան վերին էշելոններին, էլ աւելի աղաւաղւել ու խանդավառութեամբ տարածւում է արդէն բարձրաստիճան պետական պաշտօնեայի էջով։

Իսկ հիմա իրականութիւնը, խնդրում եմ ուշադիր կարդալ մինչեւ վերջ։

1․ Չինարին գազատարի հետ որեւէ կապ չունի։ Իրարից ուղիղ գծով 50+ կմ հեռաւորութեան վրայ են։

2․ Կոնկրետ Չինարիի մօտ մերոնք որոշ դիրքային բարելաւում ունեն, բայց հակառակորդի բոլոր դիրքերը մնում են իրենց տեղում եւ կախւած են Չինարիի վրայ։ Գնդակոծութեան վտանգը ԿԱՅ, ինչպէս եւ նախկինում կար։ Ով Չինարիում երբեւէ եղել է, պիտի հասկանայ, որ մինչեւ գիւղի վրայ կախւած հակառակորդի դիրքերը չվերացւեն, գնդակոծութիւնների ռիսկեր միշտ էլ կան։

3․ Այսպիսի աղմուկով «փուչիկներ փչելը» կարող է ստիպել հակառակորդին, որ սադրանքների դիմի։ Մեր զինւած ուժերը շատ բան անում են, ու դեռ շատ բան էլ ունեն անելու։ Ամէն այսպիսի յիմար եւ անպատասխանատու աղմուկը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում իրենց կեանքն ամէն օր վտանգող մեր զինւորականների համար՝ դիրքապահից մինչեւ հետախոյզներ, յատուկջոկատայիններ, սպաներ։

Յորդորում եմ լրագրողներին, բլոգերներին, «կարծիք ստեղծողներին», ուշադիր եղէ՛ք, ամէն մի փուչ սենսացիայ մի տարածէք։

Ու նաեւ ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ բարձրաստիճան պաշտօնեաներից տեղեկատւական հիգիենային շատ լուրջ վերաբերւել։

Յ․ Գ․ Չեմ հասկանում, ԱԺ-ի ամբողջ աշխատակազմում չի՞ մնացել մի փորձագէտ, որը կարող էր այս ինֆոն ստուգել, նոր հրապարակէին»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։