Հա

Քաղաքական

29/08/2019 - 09:10

Աւարտւել է ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճիւղի առաջին բանակումը

Ասկերանի շրջանի Պատարա համայնքի տարածքում կազմակերպւած Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան Արցախի մեկուսի մասնաճիւղի առաջին բանակումն օգոստոսի 27-ին աւարտւել է:

Ասկերանի շրջանի Պատարա համայնքի տարածքում կազմակերպւած Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան Արցախի մեկուսի մասնաճիւղի առաջին բանակումն օգոստոսի 27-ին աւարտւել է:

Բանակումի փակման արարողութեանը ներկայ էին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը, ԿԿ անդամներ Արթուր Մոսիեանը, Սերգէյ Շահվերդեանը, Վահագն Դադայեանը, ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճիւղի ատենապետ Վրէժ Ասմարեանը, բանակումի մասնակիցների ծնողներ եւ հարազատներ:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանն իր խօսքում նշել է, որ բանակումը պատահական չէ կազմակերպւել Պատարա գիւղում. գիւղի տարածքում գտնւող Լեսնոյ գիւղն ազատագրւած այն գիւղերից է, որի ազատագրմանը մասնակցութիւն են ունեցել ՀՄԸՄ-ականներ սփիւռքից եւ Հայաստանի Հանրապետութիւնից:

«Այս բանակումը բոլորի կողմից նոյն կերպ է մեկնաբանւում՝ կազմակերպւած փոքր բանակ: ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճիւղի առաջին բանակումով դրւում է մի սկիզբ, որը յետադարձ չունի»,- ասել է Իշխանեանը:

ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճիւղի ատենապետ Վրէժ Ասմարեանն էլ իր հերթին շնորհակալութիւն է յայտնել բանակումի իրականացմանը օժանդակութիւն ցուցաբերած անձանց, նշելով. «Այս բանակումով գրւեցին Արցախի ՀՄԸՄ 111-րդ մասնաճիւղի պատմութեան առաջին էջերը»:

ՀՄԸՄ 111-րդ մասնաճիւղի աշխատանքները հունաւորելու նպատակով Լիբանանից Արցախ գործուղւած Նարեկ Հանէյեանն էլ իր ելոյթում նշել է, որ ՀՄԸՄ-ի համար մեծ կարեւորութիւն ունի Արցախի մասնաճիւղի հիմնումը:

«Բանակումին մասնակից Արցախի պատանիներն արդարացրրել են մեր սպասումներն ու յոյսերը: Ես վստահ եմ, որ մի քանի տարի անց Արցախի մասնաճիւղը ՀՄԸՄ ամենահզօր մասնաճիւղերից է լինելու»,- ասել է Հանէյեանը:

Փակման արարողութեան ժամանակ բանակումի մասնակիցներին շնորհւել են հաւաստագրեր, որից յետոյ սկաուտները հանդէս եկել մի շարք մարզական եւ մշակութային համարներով:

 

Լուսինէ Թեւոսեան

«Ապառաժ»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։