Հա

Քաղաքական

07/09/2019 - 08:50

Ռոբերտ Քոչարեանի պաշտպանները ծանօթացել են ՍԴ որոշմանը. Կը միջնորդեն նրան անյապաղ ազատել կալանքից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի պաշտպանները պատրաստւում են միջնորդութիւն ներկայացնել դատարան՝ երկրորդ նախագահի նկատմամբ ընտրւած կալանաւորումն անյապաղ վերացնելու պահանջով։

«alikonline.ir» - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի պաշտպանները պատրաստւում են միջնորդութիւն ներկայացնել դատարան՝ երկրորդ նախագահի նկատմամբ ընտրւած կալանաւորումն անյապաղ վերացնելու պահանջով։ Այս մասին News.am-ին յայտնեց Ռոբերտ Քոչարեանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբէլեանը։ Փաստաբանական թիմը նման որոշման է յանգել Ռոբերտ Քոչարեանի դիմումի հիման վրա ՍԴ որոշումից յետոյ։

Յիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին ՍԴ-ն մասնակի բաւարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի դիմումը։ Բարձր դատարանը ՀՀ քրէական դատավարութեան օրէնսգրքի 35-րդ յօդւածի 2-րդ մասը ճանաչեց Սահմանադրութեանը հակասող եւ անվաւեր։ Այսպիսով արձանագրւեց, որ 35-րդ յօդւածի 2-րդ մասում նշւած քրէական հետապնդումը բացառող հանգամանքների թւում անձեռնմխելիութեանը վերաբերող կարգաւորում առկայ չէ, ինչը հակասահմանադրական է։ Իսկ այսօր արդէն ՍԴ կայքում հասանելի էր որոշման ամբողջական տեքստը, որում ներկայացւած էր, թէ ինչ հետեւանքների է յանգեցրել պաշտոնաթող Հանրապետութեան նախագահի գործառութային անձեռնմխելիութեանը վերաբերող դրոյթն օրէնսգրքում չամրագրելը։

Արամ Օրբէլեանի մեկնաբանմամբ՝ ՍԴ որոշումը նշանակում է, որ Սահմանադրական կարգի տապալման վերաբերեալ քրէական գործի հարուցումից մինչ օրս տեղի ունեցած բոլոր գործողութիւնները, այդ թւում երկրորդ նախագահի կալանաւորումները, հարցաքննութիւնները, նրա առանձնատանն ու գրասենեակում կատարւած խուզարկութիւններն ապօրինի են, հետեւաբար առնւազն Ռոբերտ Քոչարեանի մասով գործը չի կարող շարունակւել։

«Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ պաշտօնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիութեանը վերաբերող կարգաւորումների բացակայութիւնը հանգեցրել է նրան, որ դատարաններն  իրարամերժ որոշումներ են կայացրել, եւ սա այն հարցը չէ, որը հնարաւոր էր մեկնաբանութեամբ լուծել, հետեւաբար որեւէ դատարան չէր կարող խնդիրը լուծել մեկնաբանութեամբ»,- ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ օրէնսդրական բացը չի կարող որեւէ կերպ մեկնաբանւել ի վնաս անձի։

Արամ Օրբէլեանի խօսքով՝ կարեւոր է նաեւ այն, որ ՍԴ-ն համարել է, որ Սահմանադրութեան ուժով անձեռնմխելիութեամբ օժտւած եւ յատուկ պաշտպանութիւն ունեցող անձանց (ներառեալ՝ պաշտօնաթող Հանրապետութեան նախագահին) ներկայացւելիք մեղադրանքը, այդ թւում՝ հիմնաւոր կասկածի տեսանկիւնից, պէտք է բաւարարի իրաւաչափութեան լրացուցիչ եւ նախնական պարտադիր պահանջը, այսինքն այդ անձանց մեղսագրւող արարքը, ներառեալ՝ դրա հիմքում դրւած փաստերը չպէտք է վերաբերեն այնպիսի գործողութեան կամ անգործութեան, որը բխում է կամ բխել է նրանց կարգավիճակից կամ գործունէութիւնից:

«Սա նշանակում  է, որ առաջին ատեանի դատարանը սեպտեմբերի 12-ի նիստում պէտք է անյապաղ անդրադառնայ Ռոբերտ Քոչարեանի խափանման միջոցի հարցին եւ նրան ազատ արձակի»,- ընդգծեց Օրբէլեանը։

Փաստաբանը նաեւ նշեց, որ ՍԴ որոշումից ակնյայտ է նաեւ, որ ՀՀ Քրէական դատավարութեան օրէնսգիրքը փոփոխութեան ենթարկելու կարիք ունի։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։