Հա

Քաղաքական

11/09/2019 - 10:20

ԱԺ-ն ընդունում է նախորդ իշխանութիւնների այն օրինագծերը, որոնք իշխանափոխութիւնից յետոյ յետ էր ուղարկում

Ազգային ժողովն ընդունում է այն օրինագծերը, որոնք ժամանակին ինքն էր յետ ուղարկում, քանի որ այդ օրինագծերը խորհրդարան էին բերել նախկին իշխանութիւնները. Yerkir.am հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների ծրագրերի համակարգող Թադէոս Աւետիսեանը:

«alikonline.ir» - Ազգային ժողովն ընդունում է այն օրինագծերը, որոնք ժամանակին ինքն էր յետ ուղարկում, քանի որ այդ օրինագծերը խորհրդարան էին բերել նախկին իշխանութիւնները. Yerkir.am հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների ծրագրերի համակարգող Թադէոս Աւետիսեանը:

Խօսքը վերաբերում է այսօր ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ընդունւած՝ Աշխատանքային օրէնսգրքում իրականացւած փոփոխութեանը, ըստ որի՝ օրէնսգրքի 3.1 յօդւածը լրացւում է՝ կապւած խտրականութեան արգելքի հետ, որը տառացիօրէն դեռեւս 2018 թ. յունւարին ներկայացւել էր ԱԺ, սակայն իշխանափոխութիւնից յետոյ իշխանական պատգամաւորներն այն հանեցին շրջանառութիւնից:

«Այս նախագիծը շատ կարեւոր է: Սակայն պէտք է նշեմ, որ ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակը շուրջ մէկ տարի այդ եւ նմանատիպ փոփոխութիւնների մասին բարձրաձայնել է: Մենք նաեւ ունենք հրապարակած վերլուծութիւն՝ աշխատանքի իրաւունքի ոլորտում իրաւական խնդիրներին վերաբերող, որում ոչ պակաս կարեւոր խնդիրներ կան եւ առաջնային լուծման կարիք ունեն, սակայն կառավարութիւնը համապատասխան ընթացք չի տալիս հարցերի լուծմանը:

Այսօրւայ փոփոխութեան օրինագիծը, նոյն ձեւակերպմամբ, 2018 թ. յունւարից ներկայացւել էր ԱԺ քննարկմանը՝ աւելի մեծ նախագծի համատեքստում: Բայց անհասկանալի պատճառներով յետ էր ուղարկւել ԱԺ-ից եւ շրջանառութիւնից դուրս եկել: Թերեւս պատճառն այնն է, որ նախկին կառավարութեան ներկայացրած նախագիծն էր: Յատկանշական է, որ հիմա այդ նախագծից կտոր-կտոր տարբեր յօդւածներ տարբեր պատգամաւորներ, այդ թւում՝ իշխանական եւ ընդդիմադիր, վերցնում են եւ ԱԺ ներկայացնում՝ որպէս սեփական նախաձեռնութիւն»,- նշեց Թադէոս Աւետիսեանը:

Նա յիշեցրեց, որ 1-2 ամիս առաջ ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակը «ՀՀ-ում աշխատանքային իրաւունքների պաշտպանութեանը վերաբերող բացայայտւած խնդիրներ եւ առաջարկւող լուծումներ» վերտառութեամբ ամբողջական վերլուծութիւն է հրապարակել, քննարկման հրաւիրել շահագրգիռ լայն հանրութեանը: «Այդտեղ կան բազմաթիւ խնդիրներ, որոնք պէտք է համակարգային եւ օր առաջ լուծումներ ստանան, ինչը, ցաւօք, չենք նկատում գործող կառավարութեան օրակարգում, նրանց կողմից աշխատանքային իրաւունքները կարծես անտեսւած են, երկրորդ պլան են մղւած»,- նշեց Թադէոս Աւետիսեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։