Հա

Քաղաքական

21/09/2019 - 16:30

Խմբագրական. Կիոտոյի տաճարներն ու Օսակայի ծովերը տեսնելու մեր մեծ հաւատամքը

Ճապոնիայում հին ժամանակներում ապրել է երկու գորտ, մէկը՝ քաղաքամայր Կիոտոյում, միւսը՝ Օսակայում։ Երբ մի տարի շոգ ամռանը ցամաքում են Կիոտոյի գետակներն ու ջրանցքները, չորանում է նաեւ գորտի պալատական փոքրիկ ջրհորը, եւ գորտը որոշում է մեկնել Օսակա՝ մտածելով, որ քաղաքը ծովափին է, իսկ ինքը կեանքում ծով չի տեսել, ուստի՝ հա՛մ ծով կը տեսնի, հա՛մ գեղեցիկ Օսական կը վայելի, հա՛մ էլ չի տառապի Կիոտոյի ջրհորի չորութիւնից։ Եւ գորտը դուրս է գալիս իր տնից եւ ուղեւորւում դէպի Օսակա։

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

 

Ճապոնիայում հին ժամանակներում ապրել է երկու գորտ, մէկը՝ քաղաքամայր Կիոտոյում, միւսը՝ Օսակայում։ Երբ մի տարի շոգ ամռանը ցամաքում են Կիոտոյի գետակներն ու ջրանցքները, չորանում է նաեւ գորտի պալատական փոքրիկ ջրհորը, եւ գորտը որոշում է մեկնել Օսակա՝ մտածելով, որ քաղաքը ծովափին է, իսկ ինքը կեանքում ծով չի տեսել, ուստի՝ հա՛մ ծով կը տեսնի, հա՛մ գեղեցիկ Օսական կը վայելի, հա՛մ էլ չի տառապի Կիոտոյի ջրհորի չորութիւնից։ Եւ գորտը դուրս է գալիս իր տնից եւ ուղեւորւում դէպի Օսակա։

Այդ տարի Օսակայում եւս սաստիկ երաշտ է լինում, եւ ծամաքում է նաեւ այդտեղ ապրող գորտի լճակը։ Սաստիկ նեղւած այս իրողութիւնից՝ օսակացի գորտը եւս որոշում է տեղափոխւել եւ իր կեանքը դասաւորել մայրաքաղաք Կիոտոյում։

Ճանապարհն անցնում էր սարի վրայով։ Հասնելով կատարին՝ գորտերը գլուխներն իրար խփելով հանդիպեցին իրար։ Կիոտոցի եւ օսակացի գորտերն այդտեղ պարզեցին, որ ե՛ւ Կիոտոյում, ե՛ւ Օսակայում երաշտ է, ուստի եւ իմաստ չունի շարունակել ճանապարհը։ Բայց, քանի որ առաջին գորտը շատ-շատ էր ուզում առաջանալով տեսնել Օսակայի հիասքանչ ծովերը, իսկ երկրորդը՝ մայրաքաղաք Կիոտոյի պալատներն ու տաճարները, նրանք սարի կատարին կանգնեցին յետեւի թաթերի վրայ, ձգւեցին իրենց գորտային հասակով մէկ եւ չռւած աչքերով նայեցին հեռու։

Նայեցին, նայեցին, եւ յանկարծ կիոտոցի գորտը շրփալով՝ զարմանում է, որ դիմացը՝ առջեւում, ամէն ինչ հինն է յիշեցնում, նոյն իրենց Կիոտոն, եւ, փաստօրէն, ոչ մի ծով էլ չկայ Օսակայում։

Օսակացի գորտը նոյնպէս զայրացաւ եւ յայտարարեց, թէ սա ի՞նչ մայրաքաղաք է, այնտեղ ոչ մի պալատ կամ տաճար էլ չկայ, փաստօրէն, Կիոտոյում ոչ մի հետաքրքիր բան էլ չկայ եւ ամէն ինչ հինն է ու նոյնը, ինչպէս Օսակայում։

Եւ կէս ճանապարհից դառնացած սրտերով իրենց տները վերադարձած կիոտոցի եւ օսակացի գորտերն այդպէս էլ ողջ կեանքում չհասկացան, որ ձգւելով եւ յետեւի թաթերին ուղիղ կանգնելով՝ նրանց գլխի կատարին գտնւող աչքերը մնացել էին յետեւում։ Այդպէս նրանք ոչ թէ առաջ էին նայել, այլ հետ։ Նայել էին այն ուղղութեամբ, որտեղից եկել էին։ Այդպէս նրանք փոխադարձաբար ողջ կեանքում յայտարարեցին, որ թէ՛ Կիոտոն, թէ՛ Օսական նոյն ճահիճն են, եւ աշխարհում ոչ մի ծով էլ չկայ։

Հայաստանի ներկայիս իշխանութիւնները, ձգւելով, շատ ձգւելով դէպի առաջ, իրականում յետ են նայում։ Նրանք ճիշտ եւ ճիշտ ճապոնացի գորտերն են։ Նրանք առաջ նայելով՝ տեսնում են հինը, տեսնում են նախկինը, տեսնում են այն մղձաւանջը, այն երաշտը, այն չորացած ջրհորն ու լճակը, որից, ըստ իրենց, դուրս են եկել մէկուկէս տարի առաջ։

Իշխանութեան փառքից, անձնական վրէժխնդրութեան մոլուցքից՝ Փաշինեանի իշխանութեան աչքերը դուրս են ցցւել, ելել եւ յայտնւել են գլխի կատարին, եւ դրանից այդ իշխանութիւնը կորցրել է երկրի ապագայի վառւող հորիզոնները տեսնելու ունակութիւնը։ Եւ Փաշինեանի իշխանութիւնը առաջ նայելով՝ տեսնում է անցեալը, այն որքան առաջ է ձգւում, այնքան աւելի է մոլեգնում, կատաղում եւ փրփրում, ինչպէս կիոտոցի եւ օսակացի գորտերը, քանի որ «առջեւում» նրա աչքին էլի հինն է երեւում՝ հին իշխանութիւններն են, իրենց հին թշնամիները, հին նախագահներ Ռոբերտ Քոչարեանն ու Սերժ Սարգսեանը, հին օլիգարխները եւ այլն, եւ այլն։ Այդ տեսարաններից Փաշինեանի իշխանութիւնն աւելի ու աւելի է սարսափում եւ այդ միրաժից գլուխը կորցրած՝ դառնում իր հին «Կիոտոն» եւ «Օսական», երբեմն անզօրութիւնից դառնօրէն լալիս, երբեմն՝ կատաղութիւնից՝ նորից ձգւում, ձգտում նորից նայել առաջ, բայց «առջեւում» ամենուր հներն են, էլի անցեալի մղձաւանջն է, երաշտն ու դատարկ ջրհորը։

Փաշինեանի իշխանութիւնը երբեք չի կարողանայ տեսնել «Կիոտոյի տաճարներն» ու «Օսակայի չնաշխարհիկ ծովերը»։ Նրանք շուտով կը վերադառնան իրենց ելման կէտերը եւ կը յայտարարեն, որ «Կիոտոյում ոչ մի տաճար էլ չկայ» եւ «Օսակայում ոչ մի ծով էլ չկայ»։ Քանի որ նրանք ճիշտ եւ ճիշտ ճապոնացի գորտերն են։

Իրականում ե՛ւ Կիոտոյում կան պալատներ, ե՛ւ Օսակայում ծովեր կամ լճակներ, եւ հայ ժողովուրդը մի գեղեցիկ օր ունենալու է այն իշխանութիւնը, ով առաջ նայելով կը տեսնի ոչ թէ անցեալի մղձաւանջը, այլ ապագայի տաճարներն ու ծովերը։

Ես որեւէ կասկած չունեմ։

Շնորհաւոր տօնդ, Հայաստա՛ն․․․

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։