Հա

Քաղաքական

29/09/2019 - 14:16

Աւետիք Իշխանեան. «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում եւ վերջ»

«alikonline»-ի հարցազրոյցը Հայաստանում Հելսինկեան կոմիտէի նախագահ Աւետիք Իշխանեանի հետ:

«alikonline»-ի հարցազրոյցը Հայաստանում Հելսինկեան կոմիտէի նախագահ Աւետիք Իշխանեանի հետ:

 

Պարոն Իշխանեան արդեօք ի սկզբանէ կողմ էք եղել յեղափոխութեանը, թէ՞ ոչ: Մի խօսքով ձեզ համարում էք յեղափոխական, թէ հակայեղափոխական:

- 1990-91 թթ․ Հայաստանի նոր իշխանութիւնները հռչակեցին իրենց հաւատարմութիւնը ժողովրդավարութեանը, իրաւական պետութեանը, սակայն հէնց 90-ական թւականներից ստեղծւեց կառավարման բրգաձեւ համակարգ, որի գագաթին գտնւում էր միապետը, նախագահ անւանմամբ։ Ողջ պետական համակարգը՝ Ազգային ժողով, կառավարութիւն, դատաիրաւական համակարգ գտնւում էր միապետի վերահսկողութեան տակ։ Այս էր հիմնական, եթէ ոչ միակ պատճառը, որ ընտրութիւնների միջոցով անհնար էր դառնում իշխանափոխութիւնը։ Միւս կողմից Հայաստանը չունենալով պետական աւանդոյթներ, նիւթական ռեսուրսներ (նկատի ունեմ էներգետիկ, նաւթա-գազային պաշարներ) եւ ոչ էլ որեւէ հզօր պետութեան քաղաքական, ֆինանսական, տնտեսական աջակցութիւն, եւ եթէ հաշւի առնենք նաեւ Հայաստանի քաղաքական իշխանութեան գաղափարազուրկ լինելու հանգամանքը (օրինակ՝ ձախակողմեան, ազգայնական եւ այլն), անհնար էր դարձնում Հայաստանում բռնապետութեան հաստատումը։ Չունենալով հասարակական աջակցութիւն, իշխանութեան հիմնական յենարան էին ծառայում ուժային կառոյցները (ոստիկանութիւն, Ազգային անվտանգութիւն, զինւած ուժեր եւ այլն): Այս պայմաններում Հայաստանում ժամանակ առ ժամանակ առաջանում էին քաղաքական ճգնաժամեր։ Հասարակութիւնը փոփոխութիւններ էր ցանկանում, թերեւս, յաճախ երկրի առաջին անձի դէմքով, նոր ղեկավարի անձնական յատկութիւնների միջոցով բարեփոխումների ակնկալիքներ ունենալով։ Այնուամենայնիւ Հայաստանում, ի տարբերութիւն արեւելա-ասիական շատ այլ երկրների, պետութեան ղեկավարը, որքան էլ ցանկանար, չէր կարողանում «յաւէրժացնել» իր իշխանութիւնը։ Եւ ահա, Հայաստանի երրորդ նախագահը «խախտեց» աւանդոյթը, կատարելով սահմանադրական փոփոխութիւններ իր իշխանութիւնը յաւէրժացնելու նպատակով։ Համոզւած եմ, որ հիմնականում այս հանգամանքն էր, որ զայրացրեց հանրութեանը, այդ թւում նաեւ ինձ։ Վերոնշեալ իրավիճակը փայլուն օգտագործեց Նիկոլ Փաշինեանը։ Դիմադրութեան շարժման, կամ յեղափոխութեան հիմնական եւ միակ կարգախօսն էր «Մերժիր Սերժին», եւ ես էլ մեծ ոգեւորութեամբ աջակցել եմ շարժմանը, մինչեւ Սերժ Սարգսեանի հրաժարականի օրը՝ ապրիլի 23-ը։ Այն պահից, երբ յեղափոխական հրապարակը սկսեց գոչել «Նի-կոլ վարչապետ», այլեւս ես հրապարակում չէի։ Նիկոլ Փաշինեանի վարչապետ դառնալուց յետոյ, իմ առաջին հարցազրոյցում յայտարարեցի․ «Նոր իշխանութեանը պէտք է քննադատօրէն աջակցել»։ Այդ սկզբունքով էլ շարունակում եմ գործել, եւ եթէ քննադատութիւնը գնալով աւելանում է, ապա․․․Կարծում եմ, պատասխանեցի Ձեր հարցին։

 

- Հասարակական զարգացման ո՞ր փուլում ենք մենք գտնւում այսօր, եւ ինչ լծակներ է տւել երկրին նոր կառավարութեան ձեւաւորումը:

- Փորձեմ պատասխանել հարցի երկրորդ մասից։ Իմ կարծիքով Հայաստանի հիմնական խնդիրներն առաջացել են բրգաձեւ կառավարման համակարգի պատճառով։ Երկրի ղեկավարը մինչեւ (2018 թ․ նախագահ, յետոյ՝ վարչապետ) տիրապետել է ինչպէս գործադիր, այնպէս էլ ողջ դատա-իրաւական ոլորտին։ Այսպէս, ինչպէս նախկինում նախագահին կից էին, եւ ենթարկւում էին նրա անմիջական ցուցումներին, այնպէս էլ այսօր վարչապետին կից կառոյցներ են Ոստիկանութիւնը, Ազգային անվտանգութեան ծառայութիւնը, Պետական եկամուտների կոմիտէն, քննչական մարմինները։ Ըստ էութեան, իներցիայի ուժով վարչապետին են ենթարկւում նաեւ դատախազութիւնն ու դատարանները։ Փաստօրէն Սերժ Սարգսեանի ստեղծած համակարգը ժառանգւեց Նիկոլ Փաշինեանին։ Եւ եթէ ընդդիմադիր Նիկոլ Փաշինեանն անխնայ քննադատում էր այդ համակարգը, ապա վարչապետ Նիկոլ Փաշինեանը կարծես չի պատրաստւում այն բարեփոխել։ Եթէ հաշւի առնենք նաեւ այն հանգամանքը, որ դեռեւս Հայաստանի ոչ մի իշխանութիւն չի ունեցել՝ աւելի քան 70%-անոց խորհրդարանական մեծամասնութիւն եւ բաւականին թոյլ խորհրդարանական ընդդիմութիւն, ինչպէս նաեւ հանրային լայն աջակցութիւն, կարելի է արձանագրել, որ այսպիսի բացարձակ իշխանութիւն դեռեւս ոչ մի ղեկավար Հայաստանում չի ունեցել։ Առաջին հայեացքից սա հիանալի հնարաւորութիւն է ընձեռում լուրջ բարեփոխումներ իրականացնելու,  ինչպէս պետութեան կառուցւածքային, այնպէս էլ կրթական, տնտեսական, սոցիալական բնագաւառներում, միւս կողմից, յամենայն դէպս, իմ տպաւորութիւնն այնպիսին է, որ քաղաքական գործընթացներն ընթանում են իշխանութեան ամրապնդման ուղղութեամբ, եւ որպէս դրա քողարկում, կամ արդարացում «նախկին ռեժիմի» դէմ շարունակական պայքարով։

 

- Ըստ Ձեզ, որոնք են Հայաստանի արտաքին քաղաքականութեան կարեւորագոյն առաջնահերթութիւնները:

- Նայած ի՞նչ նկատի ունենք արտաքին քաղաքականութիւն ասելով։ Անկախութիւն ստանալուց յետոյ, Հայաստանում, իմ համոզմամբ, խնդիր չդրւեց ուժեղ, իր անվտանգութիւնն ապահովող պետութեան ստեղծման։ Այդպիսի նպատակ դնելու եւ դրան հասնելու պարագայում, արդէն ելնելով ազգային, պետական շահերից մենք կունենայինք իրական դաշնակիցներ։ Ցաւօք, այս շուրջ 30 տարիների ընթացքում Հայաստանում ընթացաւ ոչ թէ պետութեան կառուցման, այլ իշխանութեան համար պայքար։ Եւ արտաքին քաղաքականութեանը վերաբերող քաղաքական բանավէճն ընթանում էր ե՛ւ է, իմ կարծիքով, արհեստական կողմնորոշումների՝ արեւմտեա՞ն, թէ՞ ռուսական ուղղութիւններով։ Իմ պատկերացմամբ երկու կողմն էլ, ըստ իրենց, համոզւած են, որ Հայաստանի «հովանաւորը» պէտք է լինի այս կամ այն ուժային կենտրոնը։ Այսինքն, հայ քաղաքական միտքը, ինչպէս առաջներում, այժմ էլ առաւել «լաւ» հովանաւորի փնտրտուքի մէջ է։ Երբեմն այնպիսի զգացողութիւն եմ ունենում, որ մենք ցանկանում ենք, որ որեւէ հզօր պետութիւն ապահովի մեր անվտանգութիւնը, իսկ մենք ռաբիսի հնչիւնների տակ խորովածով քեֆ անենք։

Այսպիսով եւս մէկ անգամ շեշտեմ, որ Հայաստանի իշխանութիւնների թիւ մէկ խնդիրը Հայաստանի հզօրացումը պէտք է լինի՝ տնտեսական, ռազմական եւ այլն։ Ե՛ւ Թուրքիայի ե՛ւ Ադրբեջանի կողմից շրջափակումը, ոչ թէ խոչընդոտ, այլ խթան պէտք է լինի զարգացման համար։ Ինչ վերաբերում է այսօր արտաքին քաղաքական ուղղութիւններին, ապա հաշւի առնելով մեր հարեւաններին, ապա  Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ունենալով թշնամական յարաբերութիւններ, մենք պէտք է Իրանի եւ Վրաստանի հետ ոչ միայն պահպանենք, այլեւ ամրապնդենք բարեկամական, ընդհուպ դաշնակցային յարաբերութիւնները։ Շարունակել Ռուսաստանի հետ դաշնակցային յարաբերութիւնները, ինչպէս նաեւ հաստատել ջերմ, սերտ յարաբերութիւններ Արեւմուտքի հետ։ Այո, թւում է ասածներիս մէջ մեծ հակասութիւններ կան, բայց քաղաքական, դիւանագիտական իմաստութիւնը Հայաստանի համար այդպիսի քաղաքականութիւն է պահանջում, մեզ համար մեծ  շռայլութիւն կը լինի թշնամանալ եւս մէկ երրորդ, մանաւանդ հզօր պետութեան հետ։

 

- Ինչպէս էք գնահատում Նիկոլ Փաշինեանի եւ նրա կառավարութեան քաղաքական գործունէութիւնը, եւ որոնք են այն կարմիր գծերը, որն չպէտք է խախտւի Փաշինեանի կառավարութեան կողմից:

- Ինչպէս արդէն նշեցի, իմ տպաւորութեամբ, առայժմ ընթանում է իշխանութեան ամրապնդման գործունէութիւն։ Ինչ վերաբերում է կարմիր գծերին, այն ինձ համար, առաջին հերթին Արցախի հիմնախնդիրն է։ Առայժմ, նոր իշխանութեան վերաբերմունքը Արցախի հարցում անորոշ է։ Ինձ համար անհասկանալի են  վարչապետի մի կողմից «Սա Հայաստան է եւ վերջ․․», միւս կողմից «Հարցի այնպիսի լուծում, որ համաձայն լինեն Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդները» արտայայտութիւնները։ Առաջին դէպքում, կարելի է բարձրանալ Արարատ լեռը եւ գոչել «Սա Հայաստան է եւ վերջ», երկրորդ յայտարարութիւնն ընդամենը տարակուսանք է առաջացնում։ Ես սպասում եմ վարչապետի հետեւեալ խօսքին «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում եւ վերջ»։

 

- 2014 թւականի նոյեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովում քւէարկութեան դրւեց «Ժառանգութիւն» խմբակցութեան կողմից «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետութիւնների անվտանգութեան ապահովման ռազմաքաղաքական հիմնադրոյթների հայեցակէտերի մասին» օրէնքի նախագիծը։ Օրինագծին կողմ քւէարկեցին 8 պատգամաւորներ՝ ՀՅԴ խմբակցութեան բոլոր 5 պատգամաւորները, «Ժառանգութիւնից»՝ 2-ը եւ ՀԱԿ խմբակցութիւնից հէնց Նիկոլ Փաշինեանը։ Օրինագծի առանցքային կէտերից հէնց Արցախի հանրապետութեան ճանաչումն էր: Ինչ էք կարծում, Փաշինեանը այսօրւայ դրութեամբ էլ կը գնայ այդ քայլին եւ ընդհանրապէս Հայաստանին ինչքանո՞վ է անհրաժեշտ դա:

- Իհարկէ, մի բան է լինել ընդդիմադիր, «հերոս» քաղաքական գործիչ, այլ բան է լինել իշխանութիւն եւ գիտակցել ամէն քայլի պատասխանատւութիւնը։ Ի վերջոյ, արդէն շուրջ երեսուն տարի Արցախի խնդիրը միջազգային հարթակներում մեր կողմից ներկայացւում է որպէս միջազգայնօրէն ընդունւած ինքնորոշման սկզբունքով։ Ճանաչե՞լ Արցախը, որպէս անկախ պետութիւն, Հայաստանի կողմից այսօր, թէ՞ ոչ։ Կարծում եմ Հայաստանի ղեկավարութիւնը, առնւազն երեք անգամ կորցրել է այդ հնարաւորութիւնը․ 1994 թ․ հրադադարից յետոյ,  2012 թ․ Ռամիլ Սաֆարովին  Ադրբեջանում հերոսացնելուց յետոյ, 2016 թ․ Ապրիլեան պատերազմից յետոյ։ Այսօր չեմ կարծում, որ ճիշտ կը լինի Արցախի անկախութեան ճանաչումը։ Եւ վերջապէս, Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնները ընդհանուր մեր հայրենիքն են, հաղորդակից անոթների պէս միմեանց հետ կապւած եւ կարգավիճակի հարցը այսօր համոզւած եմ, որ հրատապ չէ։

 

- Պարոն Իշխանեան, ինչպէս գիտէք երկրների ժողովրդավարացման գործընթացի զարգացման աստիճանը կարելի է որոշել մի շարք չափորոշիչներով, որոնցից մէկն էլ ընդդիմութիւնն է: Ընդդիմադիր կուսակցութիւնները եւ շարժումները ժողովրդավարական քաղաքական համակարգի անբաժանելի մասն են, եւ երկրում ժողովրդավարութեան մակարդակը կարելի է գնահատել գոյութիւն ունեցող ընդդիմութեան բնոյթի եւ գործունէութեան վերլուծութեան միջոցով: Ինչպէս էք գնահատում հայաստանեան յետյեղափոխութեան ընդիմութեան ծաւալած գործունէութիւնը:

Ժողովրդավարական համախմբման գործընթացը բնութագրւում է ոչ միայն ընդդիմութեան առկայութեամբ, ինչն անհրաժեշտ, բայց ոչ բաւարար պայման է, այլեւ դրական որակական առանձնայատկութիւններով եւ գծերով: Ըստ ձեզ որոնք են այդ դրական առանձնայատկութիւններն, եւ ի՞նչ ճանապարհով պէտք է ծաւալւի ընդդիմութեան գործունէութիւնը:

- Շատ ցաւոտ հարց բարձրացրեցիք։ Ինչպէս վերեւում նշեցի Հայաստանում պետական համակարգը դեռեւս լիարժէք կայացած չէ։ Նոյն համակարգի մաս է կազմում նաեւ քաղաքական միաւորումների՝ կուսակցութիւնների խնդիրը։ Հետաքրքրական է, որ Հայաստանում կուսակցութիւնների զարգացման լաւագոյն տարիները 1990-1995 թւականներն էին։ Գործում էին ՀՀՇ, ԱԻՄ, ԱԺՄ, ՀՅԴ, ՀԿԿ, ՌԱԿ կուսակցութիւնները։ Սակայն սկսած նոյն 1995 թ․ խորհրդարանական ընտրութիւնների կեղծումներից յետոյ, տարեց տարի կուսակցութիւնները թուլացան, քայքայւեցին կամ այլասերւեցին ու յարմարւեցին։ Յետագայում սկսեցին առաջանալ, այսպէս ասած, արհեստածին կուսակցութիւններ, որպէս կանոն մէկ անձի շուրջ։ Այսօր փոքր Հայաստանում գրանցւած են 70-ից աւելի կուսակցութիւններ։ Դրանց գերակշիռ մասը կամ մարդ-կուսակցութիւններ են, կամ մէկ անձի շուրջ ձեւաւորւած խմբեր, իհարկէ, բարձրագոչ անւանումներով, առանց որեւէ գաղափարախօսութեան։ Երբ այդ անձը ֆիզիկապէս, կամ քաղաքականապէս մահանում է, կուսակցութիւնը դադարում է գործել։ Ինչպէս վերեւում նշեցի, երկու խորհրդարանական ընդդիմադիր ուժերին, շատ յարաբերականօրէն կարելի է անւանել ընդդիմութիւն։ Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ընդդիմութեանը, ապա կարծում եմ, այսօր դեռեւս կազմակերպւած, գաղափարական քաղաքական այլընտրանքը ձեւաւորման փուլում է գտնւում։ Ամէն դէպքում, ես շատ կուզենայի, որ ողջ հայ հասարակութիւնը, ինչպէս նաեւ քաղաքական ուժերը, իշխանական թէ ընդդիմադիր մի շարք հարցերի շուրջ ունենային ընդհանուր եզրեր՝ համաձայնութիւն։ Եւ այդ համաձայնութեան հիմնական առանցքը պէտք է լինի Արցախի հիմնահարցը՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում եւ վերջ»։

 

Զրոյցը վարեց՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԸ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։