Հա

Քաղաքական

30/09/2019 - 11:46

«ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինեանի կողմից Ադրբեջանին առաջարկած «բանաձեւը» վտանգաւոր կերպով թուլացնում է հայկական կողմի բանակցային դիրքերը». «Ազգային օրակարգ»

«Ազգային օրակարգ» կուսակցութեան խորհուրդը յայտարարութիւն է տարածել ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայում Նիկոլ Փաշինեանի ելոյթի վերաբերեալ, որում վերջինս, անդրադարձ կատարելով ԼՂ հակամարտութեան լուծմանը, նշել էր, որ այն պէտք է ընդունելի լինի 3 կողմերի՝ ՀՀ ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Գրում է «Tert.am»-ը: 

«alikonline.ir»- «Ազգային օրակարգ» կուսակցութեան խորհուրդը յայտարարութիւն է տարածել ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայում Նիկոլ Փաշինեանի ելոյթի վերաբերեալ, որում վերջինս, անդրադարձ կատարելով ԼՂ հակամարտութեան լուծմանը, նշել էր, որ այն պէտք է ընդունելի լինի 3 կողմերի՝ ՀՀ ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Գրում է «Tert.am»-ը:

Կուսակցութեան յայտարարութիւնն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ․

«Սոյն թւականի սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայում ունեցած ծրագրային ելոյթում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, ի թիւս այլ վիճելի դրոյթների, հերթական անգամ հնչեցրեց Արցախի խնդրի կարգաւորման իր «աննախադէպ» բանաձեւը, ըստ որի «Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան ցանկացած լուծում պէտք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Մենք պէտք է միասին աշխատենք՝ այս բանաձեւը իրականութիւն դարձնելու համար»։

Կարելի է ենթադրել, որ բանաձեւի հեղինակները այն դիտարկում են որպէս ՀՀ նոր իշխանութիւնների համագործակցային պատրաստակամութիւնը միջազգային հանրութեանը ներկայացնող դիւանագիտական ճկուն քայլ։ Իրականում սակայն, ՀՀ վարչապետի կողմից բարձրաձայնած յիշեալ ձեւակերպումը վտանգաւոր կերպով թուլացնում է հայկական կողմի բանակցային դիրքերը, քանի որ.

ա) Հաւասար նժարների վրայ են դրւում զաւթողական վայրագ պատերազմ սանձազերծած ու պարտւած ադրբեջանական կողմին, եւ նրա ագրեսիային դիմագրաւած Արցախի բնիկ հայ բնակչութեանը, որը միայն հսկայական մարդկային, նիւթական եւ նաեւ տարածքային կորուստների գնով է կարողացել պաշտպանել իր ազատութիւնը:

բ) Անուշադրութեան է մատնւում այն ակներեւ իրողութիւնը, որ Արցախը երբեեւիցէ չի եղել նորանկախ Ադրբեջանի կազմի մէջ եւ չի վերահսկւել նրա կողմից, եւ առաւել եւս չի կարող մեր Հայրենիքի արցախեան հատւածը ադրբեջանական կողմի կամօք երբեւիցէ դառնալ սակարկութեան առարկայ:

գ) Անտեսւում է ակնյայտ փաստը, որ ադրբեջանական կողմը արցախեան հակամարտութեան հանգուցալուծման, որպէս իր համար ընդունելի միակ տարբերակ, շարունակում է տեսնել միայն Արցախի ամբողջական բռնակցումը Ադրբեջանին, դրանով իսկ բացառելով որեւէ խաղաղ կարգաւորման հնարաւորութիւնն անգամ:

դ) Մոռացութեան է տրւում առկայ իրողութիւնը, որ ադրբեջանական կողմը պարբերաբար արիւնալի սահմանային մարտեր է սադրում՝ այդ թւում 2016 թւականի ապրիլին սանձազերծելով լայնածաւալ ռազմական գործողութիւններ, անթաքոյց թշնամանք եւ հայատեացութիւն է քարոզում, եւ բարձրաձայն սպառնում է հայկական պետականութեան լիակատար ոչնչացմամբ։

Արդիւնքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի առաջարկած «բանաձեւը» հակառակորդի մօտ ստեղծում է հայկական կողմի թուլութեան եւ սեփական ուժի գերակայութեան գիտակցութիւն, իսկ հայ հանրութեան մօտ առաջացնում է անզօրութեան եւ արտաքին մարտահրաւէրներին դիմագրաւելու անկարողութեան զգացողութիւն։ Այդ համատեքստում, զարմանալի չէ ադրբեջանական կողմի էլ աւելի կոշտ ռազմաշունչ հռետորաբանութեամբ արձագանքը, ինչին մենք ականատես եղանք Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովի՝ նոյն ՄԱԿ-ի ամբիոնից ելոյթում, ինչպէս նաեւ Ադրբեջանի այլ բարձրաստիճան պաշտօնեաների յոխորտալից յայտարարարութիւններում։

Ելնելով վերոնշեալից, կոչ ենք անում ՀՀ իշխանութիւններին՝ հրաժարւել այս կեղծ, ըստ էութեան պարտւողական «բանաձեւից», Արցախի իշխանութիւնների հետ միասին յստակօրէն յայտարարարել, որ Արցախի անջատումը Ադրբեջանից արդէն իսկ վաղուց տեղի ունեցած անշրջելի իրողութիւն է, հիմնւած ազգերի ինքնորոշման եւ ազատ ապրելու իրաւունքի վրայ, եւ պէտք է դիտարկւի որպէս հակամարտութեան կարգաւորման աներկբայ նախապայման, իսկ բանակցութիւնների առարկայ դարձնել արդէն հայ-ադրբեջանական հակամարտութեան հետեւանքների յաղթահարումը, տուժած խաղաղ բնակչութեան կորուստների երկուստեք փոխհատուցումը, եւ խաղաղ գոյակցութեան երկարաժամկէտ կայուն նախադրեալների ստեղծումը»։

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։