Հա

Քաղաքական

09/10/2019 - 08:50

Իրաքի պատւիրակութիւնը Արցախ մեկնելուց առաջ Ծիծեռնակաբերդում ծաղիկներ է խոնարհել

Իրաքից Արցախ՝ «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» խորագրով՝ Արցախի բարեկամների համաժողովին մասնակցելու եկած պատւիրակները նախ եղել են Երեւանում: Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում երէկ՝ հոկտեմբերի 8-ին, նրանք ծաղիկներ են խոնարհել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին, ապա այցելել Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ:

«alikonline.ir» - Իրաքից Արցախ՝ «Համագործակցութիւն յանուն արդարութեան եւ խաղաղութեան» խորագրով՝ Արցախի բարեկամների համաժողովին մասնակցելու եկած պատւիրակները նախ եղել են Երեւանում: Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում երէկ՝ հոկտեմբերի 8-ին, նրանք ծաղիկներ են խոնարհել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին, ապա այցելել Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ:

Yerkir.am-ին պատւիրակութեան ղեկավար՝ Իրաքի ազգային կենտրոնական վարչութեան ատենապետ Մելքոն Մելքոնեանն ասաց, որ հոկտեմբերի 9-ին մեկնելու են Էջմիածին, հանդիպելու են Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ: Միւս օրն արդէն գնալու են Ստեփանակերտ՝ հոկտեմբերի 11-14-ը մասնակցելու Արցախի Հանրապետութեան ԱԳՆ-ի եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կազմակերպած համաժողովին:

Պատւիրակութեան կազմում են Իրաքի պատմաբանների միութեան նախագահ, «ԻՒՒՆԵՍԿՕ-Իրաք» թերթի գլխաւոր խմբագիր, դոկտոր Ջաւադ Քարմօ Բէյրանին, գրող, լրագրող Ֆիքրադ ալ Բաղդադին, ճարտարապետ, քաղաքական եւ անվտանգութեան ոլորտների հետազօտող Մուդամեդ ալ Ուգայլին եւ ազգութեամբ եզդի՝ ցեղապետ Խալեդ Տախիլ Սայիդ Համոն:

Մելքոն Մելքոնեանի խօսքով՝ նրանք Հայ Դատի եւ Հայոց Ցեղասպանութեան, Արցախի անվտանգութեան եւ անկախութեան հարցերով միշտ նեցուկ են եղել Իրաքի հայ համայնքին: «Նրանք լայնախոհ, մարդասիրական արժէքներով գործիչներ են, գիտեն հայոց պատմութիւնը, շփւել են մեզ հետ եւ ընկերացել»,- ասաց նա:

Յատկանշական է, որ Yerkir.am-ի հետ զրոյցում նրանցից մէկն իր ազգանւանն աւելացրեց «եան» վերջածանցը:

Իրաքում հայ համայնքի իրական թիւը 5-6 հազար է՝ ասաց Մելքոն Մելքոնեանը: «Հայապահպանութիւնը խնդիր է, բայց ոչ միայն Իրաքում, այլեւ ամենուր. եթէ Հայաստանում, ասենք, խօսքի մէջ ռուսերէն, անգլերէն բառեր են գործածում, ապա Իրաքում՝ արաբերէն ու քրդերէն, անգամ գիւղեր կան, որտեղ հայերն ամբողջովին քրդախօս են»,- նշեց նա:  

Մելքոնեանի խօսքով՝ հայերն այնտեղ կա՛մ իրենց սեփական գործն ունեն, կա՛մ պետական աշխատանքի են՝ բժիշկներ, երկրաչափներ, դասախօսներ, մեքենաների վարպետներ...

Դէպի Հայաստան ներգաղթ կազմակերպելը ցանկալի կը լինէր, բայց, Մելքոնեանի խօսքով, այն, ինչ առաջարկում են Հայաստանում, Իրաքից գաղթածների համար յարմար չէ. հողագործութեամբ եւ անասնապահութեամբ չեն զբաղւում, սեփական բիզնեսներ բացել ոչ բոլորն են կարող: Հայաստանում, ըստ նրա, վիճակը կայուն չէ, այդ պատճառով սեփական բիզնես չեն կարողանում բացել, պետական աշխատանք կամ գործարաններ են պէտք, որպէսզի կարողանան աշխատել, տուն վարձել, ընտանիք պահել:

Արդիւնքում՝ անգամ իրաքեան լարւած ժամանակներում Հայաստան եկած 1000 իրաքահայերը չհաստատւեցին Հայաստանում, մեծ մասը գնաց Եւրոպա կամ ԱՄՆ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։