Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 07 Օգոստոսի 2013 15:45

ԹՈՒՐՔԻԱ - Նոր քողազերծում՝ Թուրքիայի խտրականութեան երեսից

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

Իւրաքանչիւր երկրի Սահմանադրութիւնը այդ երկրի պետութեան Հիմնական օրէնքն է: Սահմանադրութիւնը հիմնական սկզբունքների հաւաքածոյ է, ըստ որի՝ կառավարւում է տւեալ պետութիւնը: Սահմանադրութիւնը պետութեան օրէնսդրութեան հիմքն է. ըստ Սահմանադրութեան է, որ սահմանւում են՝ պետական կառուցւածքը, իշխանութեան մարմինների իրաւասութիւնները, ժողովրդի քաղաքացիական իրաւունքները եւ ազատութիւնները:

Այդպէս է նաեւ Թուրքիայի Սահմանադրութիւնը, որով պիտի առաջնորդւի այդ իշխանութիւնը եւ կառավարութիւնը: Թուրքիայի Սահմանադրութեան նախաբանի եւ հիմնական սկզբունքների գլխի տակ նշւած է, որ Թուրքիայի սահմաններից ներս եւ այդ տարածքում ապրող իւրաքանչիւր անհատ համարւում է թուրք եւ Թուրքիայի քաղաքացի: Թուրքիայում բոլոր քաղաքացիները հաւասարազօր են օրէնքի առջեւ, չկայ խտրականութիւն՝ լեզւի, սեռի, ազգութեան, կրօնի եւ քաղաքական հաւատամքների, պետական մարմիններն ու կառոյցները հարկ է, որ առաջնորդւեն այս հաւասարութեան սկզբունքով... մի խօսքով՝ երբ կարդում ենք Թուրքիայի Սահմանադրութիւնը, բազմաթիւ բաժիններում գրւած է, որ Թուրքիան ժողովրդավարութիւն սիրող երկիր է, պետականութիւնը յարգում է ազատութիւնները, երկիրը հիմնւած է բոլորի համար, հաւասարութիւն ստեղծող սկզբունքների հիման վրայ բոլոր քաղաքացիներն ունեն հաւասարազօր սկզբունքներ եւ այլն (Թուրքիայի Սահմանադրութիւնը անգլերէնով ընթերցելու համար՝ կարելի է դիմել այդ երկրի արտաքին գործերի նախարարութեան կամ խորհրդարանի պաշտօնական կայքէջերին հետեւեալ հասցէներով՝ www. mfa.dov.tr/constitution-of-the-republic-of-iurkey/en.mfa եւ www. tbmm.dov.tr/docs/ constitution -en.pdf):
Այս Սահմանադրութիւնից բացի՝ արդէն տարիներ է, որ Թուրքիայի զանգւածային լրատւամիջոցներն ու քարոզչական մեքենան խօսում ու քարոզում են, որ Թուրքիան գտնւում է զարգացման շեմին կամ զարգացած երկիր է, որ թուրք իշխանաւորները ժողովրդավարական հիմունքներով են կառավարում երկիրը, Թուրքիան առաջատար երկիր է՝ թէ՛ տարածաշրջանում, եւ թէ՛ Իսլամական աշխարհում եւ նման լոզունգներ...
Բայց, արդեօք իրապէս այդպէ՞ս է. բազմաթիւ փաստեր ու օրինակներ կան Թուրքիայի ներկայ հասարակական ու քաղաքական կեանքում, որոնք ապացուցում են, որ Թուրքիան այդքան էլ զարգացած ու ժողովրդավար եւ արդար սկզբունքների երկիր չէ: Հակառակ այդ երկրի Սահմանադրութեանն ու լրատւական միջոցների քարոզչութեանը՝ կանանց դէմ բռնութիւններից ու ցուցարարների դէմ բռնարարքներից սկսած մինչեւ քրդերի եւ ալեւիների հալածանքները եւ շատ այլ օրինակներ...
Իսկ ամենահետաքրքիրը անցեալ շաբաթ բացայայտւած գաղտնի օրէնքն է, որը գոյութիւն է ունեցել եւ ունի Թուրքիայում՝ այդ երկրի Հանրապետութեան հռչակումից ի վեր, այսինքն՝ 1923 թւականից, երբ գրւում էր այդ Սահմանադրութիւնը. այդ գաղտնի օրէնքը դեռեւս գոյութիւն է ունեցել նաեւ Օսմանեան կայսրութեան ժամանակաշրջանից:
Բացայայտւած գաղտնիքն այն է, որ երկրում ոչ-իսլամական փոքրամասնութիւնները տարբերւում են միւս քաղաքացիներից եւ ճշտւում են յատուկ կոդով կամ թւով, այսպիսով՝ յոյների կոդն է թիւ 1, հայերինը՝ 2, հրեաներինը՝ 3, իսկ ասորիներինը՝ 4 (դեռ չի պարզւել, թէ արդեօք միւս փոքրամասնութիւններն էլ ունե՞ն զանազանւելու ազգային կոդ թէ՝ ոչ. օրինակ՝ քրդերը, լազերը, արաբները եւ ալեւիները) ու դեռ չի պարզւել, թէ ինչու են ազգերին կոդաւորել այդ երկրում: Այսպիսով՝ պետական կառոյցների մօտ նրանց պաշտօնական նամակագրութիւններում եւ պետական արխիւներում հայերը, հրեաները եւ յոյները զանազանւում ու ճշտորոշւում են իրենց կոդերով, եւ որով նաեւ զանազանւում ու տարբերւում են Թուրքիայի միւս քաղաքացիներից:
Պարզ չէ, թէ այդ ազգային կոդաւորումը ինչի համար է ստեղծւել, միայն թէ երկրի ուսումնադաստիարակչութեան նախարարը այդ կապակցութեամբ յայտնել է, որ կառավարութիւնը օգտւել է այդ կոդերից, որպէսզի պարզ լինի, թէ փոքրամասնութիւններին պատկանող երեխաները ինչ դպրոց են յաճախում, այսինքն՝ եթէ մի անհատ ունի թիւ 2 կոդ, նա կարող է յաճախել հայկական դպրոց, թիւ 3 կոդով չի կարող յաճախել հայկական դպրոց, որովհետեւ հրեայ է:
Այդ կոդաւորման վերաբերեալ պաշտօնական բացատրութիւնը մինչ այժմ տրւել է միայն նախարարի կողմից. կառավարութիւնը դեռ լռում է:
Հարցն այն է, թէ ինչ է նշանակում երկրի քաղաքացիների համար կոդեր ճշտելն ու նրանց միւս քաղաքացիներից տարբերակելը՝ ըստ ազգութեան, ինչից կարելի է ենթադրել, որ այդ կոդերը օգտագործւել են միայն դպրոցներում ու կրթական նպատակների են ծառայեցւել եւ ոչ այլ նպատակների. օրինակ՝ ներկայում Թուրքիայում չկայ որեւէ փոքրամասնութեան պատկանող անհատ, որ պաշտօն ունենայ բանակում կամ ոստիկանութեան մէջ, մինչդեռ՝ երկրի Սահմանադրութիւնը խօսում է բոլոր քաղաքացիների հաւասարազօր իրաւունքների մասին:
Սահմանադրութեան մէջ ներառւած ժողովրդավարութիւն, հաւասարութիւն, արդարութիւն հասկացութիւնները չեն գործադրւում ու գործադրւել այդ երկրում. դրանք խախտւած են:
Ազգերի կոդաւորումը Թուրքիայում մարդու իրաւունքների լուրջ ոտնահարում է, պէտք է լուրջ քննարկել այդ որդեգրած քաղաքականութեան դրդապատճառները եւ հարցը պէտք է հետապնդել միջազգային ատեաններում:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։