Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 05 Օգոստոսի 2013 11:20

Արեւելեան հարեւանութեան բարձրաստիճան պաշտօնատարը հայերին «փտա՞ծ» է անւանում

alt«yerkirmedia.am» - «Լիտւացի դիւանագէտներին վերագրւող՝ համացանցում յայտնւած հեռախօսազրոյցների ձայնագրութիւնները տեղեկատւական սադրանք են»,- յայտարարել է Լիտւայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկիաւիչիւսը:
Նա յայտնել է, որ ձայնագրութիւնների առիթով հետաքննութիւն է սկսւել:
«Դրանք առհասարակ կապ չունեն պետութեան դիրքորոշման հետ»,- պնդում է արտգործնարարարը:

Մինչդեռ, Լիտւայի խորհրդարանի Ազգային անվտանգութեան եւ պաշտպանութեան յանձնաժողովի նախագահ Արթուրաս Պաուլաուսկասը կարծում է, որ ձայնագրութեան հետեւում Ռուսաստանն է: Ըստ նրա՝ այս գերտէրութեանը դուր չեն գալիս Եւրոմիութեան Արեւելեան գործընկերութեան ծրագրի ձեռքբերումները, եւ առաջիկայում Լիտւան նման հարւածներ դեռ կը ստանայ:
Յիշեցնենք, որ համացանցում յայտնւած ձայնագրութիւնը մակագրւած է այսպէս՝ «Ահա թէ ինչպէս են Լիտւայում վերաբերւում իրենց ադրբեջանցի գործընկերներին»: Դրանում ներկայացւած է Հունգարիայում Լիտւայի դեսպան Ռենատաս Իւշկայի եւ Արեւելեան հարեւանութեան դեպարտամենտի փոխտնօրէն Զենոնաս Կումիտայտիսի միջեւ ոչ-պաշտօնական հեռախօսազրոյցի ձայնագրութիւնը՝ անգլերէն թարգմանութեամբ:
Նրանք խօսել են նաեւ Լեռնային Ղարաբաղի մասին: Յատկանշական է, որ զրոյցի ընթացքում Իւշկան ուղղում է իր զրուցակցին եւ ասում, թէ աւելի ճիշտ կը լինի Լեռնային Ղարաբաղի մասին խօսելիս՝ հայերի նման Արցախ ասել:
- Ես հայերի կողմից եմ. նրանք քրիստոնեայ են եւ տուժել են Ստալինի վարչակարգի ժամանակ: Նրանց տարածքները նոյնպէս վերաձեււել են, ինչպէս՝ մերը: Ուստի ես չեմ կարծում, թէ ճիշտ կը լինի միանշանակ պնդել, որ Լեռնային Ղարաբաղը պէտք է յետ վերադարձւի: Եթէ Ղարաբաղը վերադարձւի, ամէն ինչ կարող է աւարտւել, ինչպէս Սաֆարովի դէպքում եղաւ: Ես աջակցում են նրանց (հայերին-խմբ.), բայց՝ պասիւ ձեւով,- ասել է Իւշկան:
- Այո, բայց ճի՞շտ էր նաեւ այդ եւ նման այլ խմբերի ստեղծումը (խօսքը «Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամութեան խմբի» ստեղծման մասին է-խմբ.),- հարցրել է Կումիտայտիսը:
- Եկէք՝ դա դիտարկէք (Վիլնիւսի) գագաթաժողովում մեր նախագահութեան տեսանկիւնից, որտեղ մենք ցանկանում ենք տեսնել հնարաւորինս շատ մասնակիցներ՝ համաձայնութեան հասնելու համար:
Ապա Իւշկան հարցնում է Կումետայտիսին. «Ո՞ւմ էք դուք աւելի շատ համակրում»:
«Պէտք է դիտարկել, թէ այդ երկրներից որն է աւելի ռուսամէտ: Կրօնական եւ մարդասիրական տեսանկիւնից հայերն աւելի մօտ են, չնայած որ նրանք փտած էլ են: Կարեւորը՝ երկու կողմն էլ մինչեւ գագաթաժողովը մնան «նաւի մէջ»»,- պատասխանել է Կումետայտիսը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

կը յաջողւի՞ արդեօք ստեղծել հակաիրանական արաբա-իսրայէլական դաշինք:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։