Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 05 Օգոստոսի 2013 10:50

Հայոց Ցեղասպանութեան հարցը՝ եգիպտական մամուլում

altԵգիպտոսում յունիսի 30-ին կատարւած իշխանափոխութիւնից խիստ անհանգստացած է Թուրքիան, որն ընդդիմանում է Եգիպտոսի նոր իշխանութիւններին եւ պահանջում է նախկին նախագահ Մուրսիի վերադարձը: Թուրքիայի այս կեցւածքը անհանգստացնում է եգիպտական որոշ շրջանակների, ովքեր ժամանակը ճիշտ են համարում Թուրքիայի դէմ տարբեր ուղղութիւններով միջազգային արշաւներ սկսելու: Ոմանք Թուրքիայի դէմ այս արշաւների շարքում կարեւոր ուղղութիւն են համարում Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը:

Եգիպտական «Սադա Ալ-Բալադ» օրաթերթը յուլիսի 20-ին հրատարակեց «Թուրքիան եւ Հայոց Ցեղասպանութիւնը» խորագրով մի յօդւած, որը ստորագրւել է եգիպտացի լրագրող Մուհամմադ Մանդուրի կողմից:
Մանդուրը գրել է. «Թուրքիայի վերջին կեցւածքները եւ նրա մասնակցութիւնը՝ Սիրիայի, Լիբիայի եւ վերջապէս Եգիպտոսի արիւնալի դէպքերին, մեզ յիշեցնում են 98 տարի առաջ Թուրքիայի կողմից իրագործւած Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը:
«Թուրքիայի կողմից Համաշխարհային Ա պատերազմի ընթացքում իրագործւած Հայոց Ցեղասպանութիւնը 2015 թւականին կը բոլորի իր 100-ամեակը: Հակառակ նրան, որ Օսմանեան կայսրութեան կողմից հայութեան դէմ իրագործւած կանխամտածւած ջարդերի, բռնագաղթի, ինչպէս նաեւ Համաշխարհային Ա պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ իրագործւած բռնարարքների մասին կան պատմական փաստեր եւ ապացոյցներ, Թուրքիան դեռեւս մերժում է ճանաչել իր գործած ոճիրը:
«1915 թւականին, Էրդողանի նախահայրերը, օգտագործելով միջազգային անտեսման քաղաքականութիւնը, իրագործեցին մարդկային պատմութեան մէջ մեծագոյն ոճիրը՝ հայերի ջարդը, որը ծանօթ է նաեւ Հայոց Ցեղասպանութիւն անունով: Ըստ երեւոյթին, Թուրքիայում Էրդողանի նախահայրերի ձեռամբ իրագործւած Հայոց Ցեղասպանութիւնը դարձեալ հորիզոնի վրայ է փայլում՝ նկատի ունենալով օսմանեան արիւնարբու ժամանակաշրջանը վերադարձնելու Էրդողանի ախորժակները՝ Թուրքիայի հարեւան երկրներում: Սիրիայում եւ Եգիպտոսում ահաբեկչական կազմակերպութիւններին զօրակցելով՝ Էրդողանը փորձում է ջնջել այն, ինչ որ խոչնդոտում է իր երազների իրականացմանը:
«Լիբիայում Էրդողանի դաւադրութիւնների արձանագրած յաջողութիւնները, Լիբիան զինեալ խմբերի երկրի վերածելը եւ նրա հարստութիւնները թալանելն ու դրանք Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին տրամադրելը, Լիբիայի ժողովրդի աղքատութեան մատնելը եւ շուրջ երեք միլիոն լիբիացի բռնագաղթի ենթարկելը, ինչպէս նաեւ՝ Սիրիայի հակամարտութեանը ակնյայտ միջամտելը եւ Եգիպտոսում «Իսլամ եղբայրներ»-ին զօրակցելը մեզ յիշեցնում են հայ ժողովրդի դէմ թուրքերի իրագործած ցեղասպանութիւնը, որին զոհ գնացին շուրջ մէկուկէս միլիոն հայեր:
«Այս փուլում Հայոց Ցեղասպանութեան անդրադառնալը Եգիպտոսի եւ Հայաստանի համար մեծ կարեւորութիւն ունեն: Հայաստանը մնայուն կերպով աշխարհի երկրներից պահանջել է ճանաչել թուրքերի կողմից իրագործւած Հայոց Ցեղասպանութիւնը: Նա մինչ այժմ կարողացել է 20 պետութեան ճանաչումն ապահովել: Հայոց Ցեղասպանութեան միջազգայնօրէն ճանաչում ապահովելու համար՝ Եգիպտոսի արտգործնախարարութեան կողմից ամէն ջանք ի գործ պէտք է դրւի՝ Թուրքիայի վրայ միջազգային ճնշում բանեցնելու եւ եգիպտական ներքին հարցերին նրա միջամտութիւնը կասեցնելու նպատակով:
«Ինչպէս ծանօթ է, հայերը Եգիպտոսում ունեն պատմական յարաբերութիւններ: Թուրքիայից բռնագաղթած հայութիւնը նախընտրեց ապրել Եգիպտոսում եւ Բիլադ Շամիում, մինչեւ որ 90-ական թւականներին Հայաստանն իր անկախութիւնը հռչակեց եւ հայ ժողովուրդն ունեցաւ անկախ պետութիւն: Բայցեւայնպէս՝ եգիպտահայերը նախընտրեցին բնակւել իրենց հիւրընկալած երկրում, իսկ թուրքական նենգ քաղաքականութեան ի տես աւելի քան կարեւոր դարձաւ Հայ Դատի զօրակցութիւնն ապահովելը:
«Եգիպտոսի քաղաքական բոլոր ուժերին, միջազգային օրէնքի փորձագէտներին եւ դասախօսներին, դիւանագէտներին եւ եգիպտահայ համայնքին կոչ եմ ուղղում՝ Թուրքիայի դէմ պայքարելու եւ արագ կերպով օգտագործելու այս փուլը՝ կանխարգելելու համար Եւրոմիութեան մաս կազմելու Թուրքիայի ճիգերը, ինչպէս նաեւ Եւրոմիութեան անդամ երկրներին համոզելու, որ Եգիպտոսում ժողովրդի կամքով իրականացած յունիսի 30-ի յեղափոխութիւնը մերժում է եւ կը մերժի արտաքին որեւէ միջամտութիւն»:
Միւս կողմից՝ եգիպտական «Ալ Մալ» օրաթերթը յուլիսի 31-ին յայտնել է, թէ Եգիպտոսի Իսլամ եղբայրականացման դէմ ժողովրդական ճակատը վերջերս հանդիպում է ունեցել եգիպտահայ պատւիրակութեան հետ եւ քննարկել է Հայոց Ցեղասպանութեանն առնչւող հարցեր: Ճակատը պատւիրակութեանը յայտնել է, թէ ինքը պատրաստ է հայկական պահանջները բոլոր օրինական միջոցներով հետապնդելու եւ Էրդողանի դէմ դատական հայց բարձրացնելու Միջազգային քրէական դատարանի առջեւ, քանի որ նա Թուրքիայի կառավարութեան ներկայացուցիչն է:
Ճակատի իրաւաբան Թարեղ Մահմուդը պատւիրակութիւնից ստացել է փաստաթղթեր, որոնք հայկական թղթածրարին միացնելու նպատակով է: Մահմուդը յայտնել է, թէ ինքը մօտ օրերս մամուլի մի ասուլիսի ընթացքում կը բացայայտի հայերի դէմ իրագործւած թուրքական բոլոր արարքները եւ Միջազգային քրէական դատարանին դիմելու թւականը:

Միջին Արեւելքի Հայ Դատի գրասենեակ
2 օգոստոսի 2013

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։