Հա

Քաղաքական

Կիրակի, 04 Օգոստոսի 2013 11:55

ԱՄՆ-ի հետախուզութեան զեկոյցը. համայն հայութիւնը պահանջում է հողերի վերադարձը՝ Թուրքիայից

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

altՎերջերս Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր դատախազի կողմից արւած յայտարարութիւնը՝ Թուրքիայից հողային պահանջի մասին, արժանացաւ աշխարհասփիւռ հայութեան մեծ ուշադրութեանը եւ թուրքական կառավարութեան խիստ քննադատութեանը: Չնայած սա առաջին անգամն էր, որ մի հայ պաշտօնեայ բարձրացրել էր այս հարցը 1991 թ. երկրի անկախութիւնից ի վեր, սակայն պահանջն ինքնին նոր չէ: Հայերը տասնամեակներ շարունակ ձգտում են վերստանալ իրենց պատմական տարածքները՝ Թուրքիայից:

Կենտրոնական հետախուզական վարչութեան կողմից գաղտնազերծւած 1943 թւականի մի գաղտնի փաստաթուղթ բացայայտում է, որ Միացեալ Նահանգների կառավարութիւնը քաջատեղեակ է եղել հայկական պահանջներին՝ «վայրագութիւնները» ճանաչելու եւ թուրքական գրաւեալ «նահանգները» վերադարձնելու մասին:
Կենտրոնական հետախուզական վարչութեան նախորդի՝ Ռազմավարական ծառայութիւնների վարչութեյան (ՌԾՎ) հեղինակած 1943 թ. դեկտեմբերի 13-ի փաստաթղթում ասւում է. «Միացեալ Նահանգներում հրատարակւող ամբողջ հայկական մամուլը աշխոյժ է՝ իր ընթերցողների յիշողութեան մէջ թարմ պահելու թուրքական կողմի կազմակերպած հայերի ջարդերը: Վախենալով, որ այս պատերազմի [Երկրորդ համաշխարհային պատերազմի] գերմանական վայրագութիւններն ի վերջոյ կը մթագնեն նախորդ պատերազմի վայրագութիւնները, նրանք ուզում են վառ պահել Հայկական Հարցը՝ ընդդէմ Թուրքիայի: Հայերն ունեն ինչպէս ներկայիս, այնպէս էլ անցեալի բողոքներ՝ Թուրքիայի հանդէպ, որտեղ ունեցւածքի հարկի՝ «Վառելիքի» ծանր բեռն աւելի շատ դրւած է հայերի, քան Թուրքիայում ապրող որեւէ այլ փոքրամասնութեան վրայ: Հայութեան աչքին առաւել աններելի է այն փաստը, որ Թուրքիան պահում է այն նահանգները, որոնք, ըստ նրանց հաստատ համոզման, իրաւամբ պատկանում են Հայաստանին: Համայն հայութեան նպատակն է այս նահանգները վերադարձնել Հայաստանին»: ՌԾՎ-ի փաստաթղթի մէկ այլ հատւածում ճշգրտօրէն հաղորդւում է, որ «հայերը, գրեթէ առանց բացառութեան, ամենախոր կասկածանքի, թշնամանքի եւ վախի զգացումներ են տածում» Թուրքիայի հանդէպ:
1944 թ. յուլիսի 31-ին թւագրւած երկրորդ գաղտնազերծւած փաստաթուղթը զարմանալի վերնագիր է կրում. «Դաշնակները թեքւում են դէպի Խորհրդային Ռուսաստան»: ՌԾՎ-ն նշում է, որ «երբեմնի անզիջող հակախորհրդային Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (դաշնակ) պաշտօնապէս փոխել է իր կողմնորոշումը եւ թեքւել դէպի Խորհրդային Միութեանն աջակցելու ուղղութեամբ, որն աստիճանաբար աւելի ակնառու դարձաւ վերջին մի քանի ամիսների ընթացքում եւ իր գագաթնակէտին հասաւ խորհրդամէտ քաղաքականութեան ընդունմամբ՝ յուլիսի առաջին շաբաթում Բոստոնում կայացած Դաշնակցութեան տարեկան համագումարում»: ՌԾՎ-ի այս զեկոյցը պատրաստւել էր այն ժամանակ, երբ Խորհրդային Միութիւնը յայտարարել էր իր մտադրութեան մասին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի աւարտից յետոյ պահանջել Թուրքիայի արեւելեան նահանգները (Կարսը, Արդահանը եւ Սուրմալուն): Խորհրդային այս պահանջն աջակցութիւն ստացաւ Հայկական Եկեղեցու, Խորհրդային Հայաստանի կառավարութեան եւ Սփիւռքի, այդ թւում՝ հակախորհրդային Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (ՀՅԴ) կողմից:
ՌԾՎ-ն խորաթափանց կերպով յայտարարեց. «Դաշնակներն իրականում երբեք էլ չեն հրաժարւել իրենց երազանքից՝ ունենալու ազատ եւ անկախ Հայաստան, այդ թւում՝ թուրքական չմիացւած տարածքը, որը լարւածութեան մէջ էր պահում նրանց ԽՍՀՄ-ի հետ, 1920 թւականին Հայաստանի որպէս խորհրդային [անընթեռնելի] ստեղծումից ի վեր… Անկախութեան տեսլականի նւաղումով՝ այժմ խորհրդամէտ դաշնակներն իրենց ուշադրութիւնը շրջում են դէպի Հայաստանի թուրքական նահանգների ձեռքբերումը՝ Խորհրդային Հայաստանի Հանրապետութեան կողմից»:
Բացատրելով ՀՅԴ կուսակցութեան յետպատերազմեան ակնկալիքները՝ ՌԾՎ-ն ասում է. «Եթէ Թուրքիան, ինչպէս դաշնակները, յոյս ունեն եւ հաւատում են, ըստ պարոն [Ջէյմս] Մանդալեանի [Բոստոնում գործող ՀՅԴ «Հայրենիք» թերթի խմբագիր], չէզոք մնայ [Երկրորդ համաշխարհային պատերազմում], ապա այն մեծապէս խոցելի կացութեան մէջ կը յայտնւի եւ իր չէզոքութեան հատուցումներից մէկը կը լինի Թուրքահայաստանի զիջումը՝ Խորհրդային Հայաստանին»:
ՌԾՎ-ի 1943 թւականի փաստաթուղթը նաեւ մի ընդարձակ զեկոյց է պարունակում ամերիկահայ մամուլի վերաբերեալ՝ իր ուշադրութիւնը սեւեռելով Միացեալ Նահանգներում հրատարակւող 17 հայկական թերթերից միայն վեցի վրայ. «Հայրենիք» եւ «Ասպարէզ» (դաշնակցական), դասակարգւած որպէս «աջակողմեան-ազգայնական», «Պայքար», «Նոր օր» (ռամկավար) եւ «Երիտասարդ Հայաստան» (հնչակեան), դասակարգւած որպէս «ազատական», եւ «Լրաբեր» (Ամերիկայի հայկական առաջադիմական լիգա), դասակարգւած որպէս «ձախակողմեան-կոմունիստական»: Վերջին երկու թերթերն այլեւս չեն հրատարակւում:
Ըստ ՌԾՎ-ի՝ «Հայրենիք» եւ «Ասպարէզ» թերթերը «խիստ ազգայնական, հակախորհրդային եւ հակակոմունիստական են», մինչդեռ «Պայքար»-ը «վճռականօրէն դէմ է արտայայտւում դաշնակներին եւ նրանց սկզբունքներին: Ռամկավարները Խորհրդային Միութեան մէջ Հայաստանի ընդգրկումն ընդունում են որպէս հայկական խնդիրների բաւարարման լաւագոյն ելք եւ «Պայքար» թերթում տպագրւած բազմաթիւ յօդւածներում գովաբանում են խորհրդային վարչակարգը՝ Հայաստանում, յատկապէս Հայ Առաքելական Եկեղեցու հետ նրա ունեցած յարաբերութիւններում»:
ՌԾՎ-ի գնահատմամբ՝ 1943 թ. Միացեալ Նահանգների 95 հազար հայերը, որոնք հիմնականում բնակութիւն էին հաստատել Մասաչուսեթս, Նիւ Եօրք եւ Կալիֆորնիա նահանգներում, «բուռն հետաքրքրութիւն են դրսեւորում իրենց հայրենիքի [Խորհրդային Հայաստանի] հանդէպ, բայց մի քանիսը, թերեւս ոչ մէկն էլ, չեն վերադառնայ այնտեղ»:

Թարգմանիչ՝
ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆ

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

կը յաջողւի՞ արդեօք ստեղծել հակաիրանական արաբա-իսրայէլական դաշինք:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։