Հա

Քաղաքական

Շաբաթ, 03 Օգոստոսի 2013 11:15

Ռուբէն Սաֆրաստեանը կանխատեսում է Թուրքիայում յաջորդ տարւայ սկզբում նոր քաղաքական ուժի ձեւաւորում

alt«armenpress.am» - Ստամբուլի «Գեզի» զբօսայգու շուրջ ձեւաւորւած աղմուկն աւելի խորքային պատճառներ ունի եւ զուտ փոքր բնապահպանական խնդիր չէ: Յուլիսի 16-ին հրաւիրւած ասուլիսում ՀՀ Գիտութիւնների ազգ. ակադեմիայի Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը նշեց, որ ընդվզումն առաջացաւ թուրքական ներկայ ղեկավարութեան դէմ, քանի որ նրանց ապահոված տնտեսական աճի հետ մէկտեղ՝ Թուրքիայում տիրող բարոյա-հոգեբանական մթնոլորտը, մարդու իրաւունքների պաշտպանութիւնը շատ հեռու է աշխարհի պատկերացրածից: Նրա գնահատմամբ՝ վերջին տասնամեակում Թուրքիայում տեղի ունեցող արագ տնտեսական աճն աւելացրել է բնակչութեան կենսամակարդակը եւ պատահական չէ, որ «Գեզի» զբօսայգու թուրք ցուցարարների թւում մեծ մասը երիտասարդներ են: «Երիտասարդներն այս շարժման հիմնական գործող անձինք են, եւ նրանք ունեն հնարաւորութիւններ այսկերպ ինտեգրւելու աշխարհին»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ պարզաբանեց Սաֆրաստեանը:

«Պատահական չէ, որ Էրդողանի անձի շուրջ է կենտրոնացած ամէն ինչ: Մէկ կողմից առկայ է տնտեսապէս արագ զարգացում եւ միւս կողմից կառավարող կուսակցութեան կողմից աւտորիտար (միահեծան) մեթոդների կիրառում, իսլամական ինքնութեան պարտադրում»,- ընդգծեց թուրքագէտը: Նրա կանխատեսմամբ՝ ընդվզումը կը շարունակւի եւ ենթադրելի է, որ 2014 թւականի սկզբում Թուրքիայում կը ձեւաւորւի նոր քաղաքական ուժ:
Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէնը հետաքրքրական է համարում, որ ի տարբերութիւն այլ քաղաքացիական նախաձեռնութիւնների եւ շարժումների՝ «Գեզի» զբօսայգու առանձնայատկութիւնն այն է, որ արտասահմանից եկող որեւէ լուրջ ֆինանսական կամ տեղեկատւական աջակցութիւն չկայ:
2014 թւականի գարնանը Թուրքիայում նախանշւած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնների ընթացքում, Սաֆրաստեանի կարծիքով, Էրդողանը եւ նրա կառավարութիւնը կարող են դիմել «աւանտիւրա»-ի (արկածախնդրութիւն) եւ հրահրել մի փոքրիկ յաղթական պատերազմ: «Նա կարող է պատերազմ հրահրել իր վարկանիշը սեփական երկրում բարձրացնելու համար»,- յաւելեց բանախօսը:
Պատասխանելով այն հարցին՝ արդեօք ձեռնտո՞ւ է Արեւմուտքին տեսնել անկայուն Թուրքիա, Սաֆրաստեանը պարզաբանեց. «Եթէ խօսքը վերաբերում է ՆԱՏՕ-ին եւ ԱՄՆ-ին, ապա նրանց ձեռնտու է կայուն Թուրքիա, իսկ եթէ խօսքը գնում է արեւմտեան հասարակութեան այն հատւածների մասին, որոնք հասկանում են, որ Թուրքիան իրենից ժողովրդավարական պետութիւն չի ներկայացնում եւ վարում է աւտորիտար քաղաքականութիւն, ապա այդ Արեւմուտքին ձեռնտու է, որ Թուրքիայում աւելանան դեմոկրատական բնոյթի քաղաքացիական շարժումները»: «Մենք, ելնելով ծաւալւող իրադարձութիւններից՝ լուրջ աշխատանք պէտք է տանենք եւ պայքարի մէջ մտնենք Թուրքիայի նման պետութեան հետ՝ իրաւագիտական, իրաւական հարթութեան մէջ: Դա լուրջ ինտելեկտուալ պայքար է ոչ միայն Հայաստանի Հանրապետութեան, այլեւ պայքար, որ պահանջում է ամբողջ հայութեան ուժերի կենտրոնացման անհրաժեշտութիւն»,- վստահեցրեց թուրքագէտը՝ յաւելելով, որ Թուրքիայում ընթացող փոփոխութիւնները Հայաստանի համար պէտք է ընկալել որպէս լուրջ պատրաստւելու եւ առաջ ընթանալու նախադրեալ:
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Սաֆրաստեանը նշեց, որ այստեղ աւելանում է քաոսային իրավիճակը, որը նաեւ «Արաբական գարնան» հետեւանք է: «Տարածաշրջանը դառնում է խոշոր տէրութիւնների աշխարհաքաղաքական պայքարի վայրը: Պայքարն ունի ոչ միայն տարածաշրջանային, այլեւ՝ համամոլորակային բնոյթ: Մարդկութիւնը մտնում է մի այնպիսի փուլ, որի աշխարհա-քաղաքական ենթադրականը բազմաբեւեռ է»,- նշեց թուրքագէտը:
Թուրքիայում մայիսի 28-ից մեկնարկած հակակառավարական ցոյցերը սկիզբ առան «Գեզի» զբօսայգուց, որտեղից ոստիկանութիւնը դաժան կերպով ցրեց այգու պաշտպաններին: Բնապահպանական նկատառումներով Թուրքիայում սկսւած բողոքի ցոյցերը վերածւեցին հակակառավարական ցոյցերի, որոնց մասնակիցները դժգոհ էին իշխանութիւնների վարած ներքին եւ արտաքին քաղաքականութիւնից եւ պահանջում էին կառավարութեան հրաժարականը: Ոստիկանութեան եւ ցուցարարների միջեւ բախումների հետեւանքով՝ մինչ այժմ 6 հոգի են սպանւել, 7500-ից աւելի մարդիկ, վիրաւորւել են, շուրջ 5000 հոգի էլ ձերբակալւել են: Թուրքիայի ներքին գործերի նախարարութեան տւեալներով՝ մինչ օրս տեղի ունեցած հակակառավարական ցոյցերին Թուրքիայի 79 շրջաններից մասնակցել են 2.5 միլիոն հոգի:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Տնտեսական առումով ինչպիսի՞ն կը լինի իրանական 1396 տարին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։